06 12 2022

«Կարճ ասած»․ Քեֆ անե՞նք, ինչների՞ս վրա քեֆ անենք



 

Երեկվա իրադարձության՝ Հանրապետության հրապարակում տոնածառի լույսերը վառելու վերաբերյալ ամբողջ համացանցը լցված է քննարկումներով։ Ծայրահեղ կարծիքներ են, վիրավորանքներ կամ հաճոյախոսություններ, գովաբանությունից մինչև վառելու կոչ և այլն։ Մասնակիցներին վիրավորում են, չմասնակիցներին անվանում նախանձ, սոցիալական վիճակի ֆոնին շքեղությունից խոսացողներին համարում են չուզող կամ մեղադրում, որ Արցախը հանձնելու ժամանակ բավարար մարդ ոտքի չկանգնեց, բայց տոնածառի լույսեր վառելու համար հրապարակը լեցուն է և այլն։ Անպտուղ քննարկումներ են։

Թողարկումներից մեկում անդրադարձել էի թեմային, որ ժողովուրդը լավը կամ վատը չէ, ինչպես իրար մեղադրում ու բնորոշումներ են կպցնում, ժողովուրդը նույնն է, նաև փոփոխվում է, որը բնական է։ Այս դեպքում խոսքը իրականում պետք է լինի ոչ այնքան ժողովրդի, որքան պետության դերի մասին։ Նորմալ է՝ քաղաքացիների մեջ արթնանում են այն գծերը, որոնք բնորոշ են այդ ժամանակ կառավարողներին, նրանց վարքին, քարոզած կուրսին։ Հիմա ասում ենք Քոչարյանի ժամանակ էս կարգի չմասնագետ, հաբրգած պաշտոնյաներ չկային, հեռացնում էին, սաստում էին, առաջնորդից վախենում էին, համապատասխան հանրային վերաբերմունք կար, դրա համար էլ պաշտոնյաները ամբաղ-զամբաղ հայտարարություն չէին անում։ Վահան Քերոբյանի կարգի նախարար Ռոբերտ Քոչարյանի ժամանակ չի եղել․ փաստ է։  

Պետության առաջնորդը պատերազմով անցած էր, գիտեր դրա արժեքը, և բանակցում էր այնպես, որ հա՛մ տակ չտա, հա՛մ պատերազմ չլինի, պետական շահն էր պահում, ոչ թե այսպես՝ մեկ ասում է Արցախը Հայաստան է, հետո հանձնում է, հետո ասում է՝ հանձնեմ, որ էլի կռիվ չլինի։ Էն ժամանակ գործ էին անում, հնարավոր է՝ արտաքուստ չերևացող, հիմա շոու են անում․ լավ երևում է, բայց տակը բան չկա։ Որովհետև էն ժամանակ գործ անող տեսակ էր իշխանության, հիմա՝ պոպուլիստը, շոումենը։ Էն ժամանակ մարդկանց մեջ արթնացել էր այն գիծը, որը բնորոշ էր ղեկավարին, հիմա՝ այս տեսակը։

Բանակը առաջ սրբություն էր պետության համար, դրա համար էլ տարածաշրջանում ամենամարտունակ բանակն էր․ այս իշխանության համար, որի ղեկավարը բանակից թռած է, բանակը զրոյի արժեք ուներ, դրա համար էլ ծառայողներին համարեցին գողեր, ավազակներ, հիմա արդեն նարկոմաններ և խաղամոլներ, կոտրեցին մարտական ոգին ու բարոյական վիճակը։ ժողովուրդն էլ սկսեց հենց դրանից խոսել, ով հասնում է՝ կպնում է բանակին, էն ժամանակ չկար նման բան, ավելին անպատկերացնելի էր այն, ինչ հիմա կատարվում է։ Որովհետև երկու դեպքում էլ պետական մակարդակով էր քարոզը։ Հողերը հանձնելուց հետո ի՞նչ քարոզչություն եղավ, սկզբում՝ մենք չէինք, նախկիններն էին, հետո՝ սխալ են բանակցել, բանակ են թալանել, վերջում էլ՝ թե դա մերը չէր, ու մարդիկ դա են կրկնում, չեն խորանում պատմության մեջ, ընդամենը 10 տարի առաջ կատարվածի մեջ, առաջին պատերազմի մեջ․ պետական անպատասխանատու քարոզչությունը սա է։ Սրանից 5 տարի առաջ երբ եկեղեցի կամ մշակութային ժառանգության շենք վերանորոգելիս նորաոճ էին դարձնում, հիշում ե՞ք ինչ էր կատարվում՝ վանդալիզմ է, դատին էին տալիս, մշակույթի նախարարությունն էր արձագանքում, պատերի տակով էին ման գալիս։ Հիմա Երևանի կենտրոնի հուշարձանները հերն անիծում են, մշակույթի նախարար Դումանյանը ասում՝ ոչինչ, կսվաղեն կդզվի։ Պետական մակարդակով քարոզվում է շենքերի անպատիժ աղավաղում։ Ժողովուրդն էլ ասում է՝ հա ինչ, սիրուն ա այ չուզողներ։ Առաջ ժողովուրդն ինքը կպախարակեր։ Եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո Ստամբուլյան կոնվենցիայի թեման բարձրացվեց, աղմուկը էնքան շատ էր, որ հետ տարան, փակեցին, դեռ պահը չէր․ հետո եղան բարոյական անկումներ, հետո եղավ պատերազմ, պարզվեց զոհերը ոչնչի համար էին և այլն, հանրային անտարբերության գագաթնակետին հասան, ու մի քանի օր առաջ, երբ Եվրամիության դեսպանն ասաց, որ ժամանակն է վավերացնելու կոնվենցիան, արդեն բացարձակ աղմուկ չեղավ։ 4 տարում հաջողացրել էին բարոյապես ոչնչացնել։ Վստահ եմ, այս անգամ այդ կոնվենցիան կվավերացվի ու բացի մի քանի ընդդիմադիրից, այլ գրառում չի էլ լինի։

Կրկնում եմ՝ շատերի մեջ այս իշխանությունը արթնացրել է այն գծերը, որոնք իրենց են բնորոշ։ Նկատել ե՞ք, որ լիքը բարոյական արգելքներ՝ տաբուներ, սվաղվել են, այլևս ընդունելի են․ նորմալ են։ 44-օրյա պատերազմի ավարտից հետո առաջին քեֆ անողները ովքե՞ր են եղել, հիշում ե՞ք․ եղել է հարսանիք, մասնակցել ու քեֆ են արել հենց բարձրաստիճան իշխանավորները՝ Փաշինյանի ու իր կնոջ գլխավորությամբ, ՔՊ-ական վերնախավի մասնակցությամբ։ Ես պատերազմից երկու տարի անց չեմ կարողանում մասնակցել հարսանիքի, առիթի ժամանակ իմ թևերը չի բարձրանում, որ պարեմ, նիկոլենք․ որ այս աղետի հեղինակներն են, քա՞նի հարսանիքի են մասնակցել՝ 5 հազարին զոհ տալուց հետո։ Վարչապետի տիկինն է ասում՝ դե հերիք է սգաք, վերջացրեք, մի կյանք ենք ապրում։ Զոհ ունե՞նք, հետո՞ ինչ․ մարդ կա, որ գործը փող աշխատելն ա, բիզնես անելն ա, մարդ էլ կա գործը հանուն հայրենիքի զոհվելն ա, ինչպես ասում է Նիկոլի մերձավոր շրջապատից մեծահարուստ մեկը։ Ասում ենք սահմանին կրակում են, փակել են ճանապարհը, ՔՊ-ն ասում է` դե դա հա էլ կփկեն, գնանք տոնածառ փարթիի. մարդիկ էլ մտածում են, դե հա էլի՝ հա էլ կփակեն, գնանք փարթիի։ Հասկանում ե՞ք, սովորական մարդը, քաղաքացին պարտավորություն չունի լինել պատասխանատու այլոց ճակատագրերի համար, կարող է իրեն պահել այնպես, ինչպես իրեն դաստիարակել են, ինչպես իր մոտ շրջապատում է ընդունված․ բայց պետություն առաջնորդողը, իր շրջապատը որը կիսում է այդ պատասխանատվությունը, պարտավոր է գոնե հրապարակային մասով լինել օրինակելի, ազգին ու քաղաքացուն ճիշտ ուղենիշ տվողը լինի։

Դե հիմա տեսեք՝ ինչ է տեսնում մեր քաղաքացին ամեն օր, ու՞մ է տեսնում, ովքեր ինչ են խոսում։ Բա դրա համար էլ ժողովուրդը էսքան անտարբեր է, դրա համար էլ ասում է՝ հա ինչ տոնածառի լույս է, ինչի՞ պիտի չչգնանք մասնակցենք, այ չուզողներ, մի հատ էլ սալյուտ տանք, որ ստեղից Բաքու տեսնեն, թե ինչքան հզոր է մեր քաղաքապետի թեկնածուի ճաշակը։

Դու լիքը օրինակներ բեր, ասա որ երկու օր առաջ թշնամին փակել էր Արցախի հետ մեզ կապող միակ ճանապարհը, ասա, որ թուրքերն ու ադրբեջանցիները հարձակողական զորավարժություն են անում, միլիոնավոր դոլարների նոր սպառազինություն է առնում, ինչը դու չես արել, ասա, որ զինվորդ քնելու տեղ չունի, բատինկա չունի, որ թոշակառուին երկու կոպեկի համար նպաստից զրկել են, ասա, որ հենց երեկ չէ նախորդ օրը Եռաբլուրում հուղարկավորել են սեպտեմբերի 13-ին զոհված հայ կնոջը, ասա որ գերիներին տանջում են, որ քարվաճառցիները տուն չունեն ապրելու, արդեն ուզում են պադեզդներում քնել, իսկ նրանք մեզ պես մարդիկ են, հայ են, ընտանիքներով, երեխեքով, սա ու հարյուր հատ ինչ օրինակ էլ բերես, մարդիկ դրա նկատմամբ անտարբեր են, անտարբեր են ճիշտ այնպես ինչպես Ավինյանը, Փաշինյանը, Պապիկյանը, Պետրոս Ղազարյանը և այլոք։ Բայց միայն էդտեղ չեն անտարբեր․ անտարբեր են, որ իրենք հաց չունեն ուտելու, բայց Նիկոլը 235 հազար դոլարով թռչում է ԱՄՆ․ վաղը երկրաշարժի տարելիցն է, քա՞նի տուն է Նիկոլի իշխանությունը սարքել աղետի գոտում, քա՞նի քաղաքացու, հպաաարտ քաղաքացու մատից փուշ են հանել այդ իր մեքենաների շարասյունները, այդ թանկանոց թռիչքները։

Իրականում Հրապարակը դարձել էր մեր երկրի ճոխ շքամուտքը, սահմանը՝ հետնամուտքը, ու այդ շքամուտքի լույսերը չեն թողնում, որ դու տեսնես հետնամուտքում ինչ է կատարվում։ Ու ինչքան էլ ասեք դե լավ, մի օր ա, էլի ուրախանանք, մի քիչ երազենք, ասեմ, որ մի օր չէ, ընդամենը երկու ժամ էր, կարճ ուրախություն, որից հետո դարձյալ բախվեցիք իրականության դաժան դեմքին, այս անգամ, արդեն ավելի աղքատացած ու բարոյականություններս հերթական անգամ պոլին տված։

Այս մի նկարում այն երիտասարդներն են, որոնք 2018ին հավատացին Նիկոլին ու փակելով ճանապարհներ գնացին իրենց երազանքի հետևից, որը, ցավոք, տարավ Եռաբլուր: Լիահույս եմ, որ երեկվա պայծառ տոնական միջոցառումը էլ ավելի մեծ աղետի նախանշան չի լինի ու արդեն այս երեխեքը բաժին չեն հասնի հերթական դավադրությանը:

Կարճ ասած՝ ժողովրդի ինքնապահպանման բնազդը այս իշխանությունը ոչնչացրել է․ դրա համար էլ մի փոքր մասը, համարյա միայն կորուստ ունեցողներն ու զգացողները գնում են Եռաբլուր, մյուս մասը՝ Հրապարակ սալյուտ խփելու։ Սալյուտ խփողներն ավելի շատ են, քան Եռաբլուր գնացողները, որովհետև էդ է դաստիարակում իշխանությունը։ Ու էս ֆոնին միանգամայն հասկանալի է, թե ինչու է հանուն Արցախի հանրահավաքին մասնակցում 10-15 հազար մարդ, տոնածառ շոուին՝ 40 հազար։ Որովհետև էս բարոյական անկումը քարոզվում է պետական մասշտաբով, կաթիլ, կաթիլ։ Իսկ կաթիլը քար է ծակում։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ