01 12 2022

«Կարճ ասած»․ Ինչի՞ն է Նիկոլը համաձայնել․ Լավրովը կարևոր բացահայտումեր է անում



 

Ռուսաստանի դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր բացել է խաղաքարտերը։ Նա պարզ նշել է, թե ինչ է առաջարկել Ռուսաստանը, ինչ է առաջարկել միացյալ Արևմուտքը և որ ուղղությամբ է որոշել գնալ Նիկոլ Փաշինյանը։ Հրապարակվել էր հայտնի փաստաթուղթը, որը Վաշինգտոնում համաձայնեցվել է, իսկ Պրահայում դրվել է Փաշինյան-Ալիև բանակցությունների սեղանին։ Այդ փաստաթղթով Արցախը արդեն Ադրբեջանի մաս է համարվում, և պետք է Արցախցիներն ընտրեն իրենց մեջից ներկայացուցչի Ադրբեջանի կառավարության ներկայացուցչի հետ իրենց իրավունքների մասին բանակցելու, բայց՝ որպես Ադրբեջանի քաղաքացի։ Հայաստանի իշխանությունը այսքանին դեմ չէ, կողմ է, առանց որևէ մեկին հարցնելու՝ համաձայնվել է, կարևորը իր համար այն է, որ ասի՝ տեսեք, արցախցիներն ուղիղ բանակցում են Ադրբեջանի հետ։

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարն այսօր շատ բաց ասել է՝ 2012 թվականից Հայաստանի իշխանությանն առաջարկել է հանձնել 5 շրջան, հետագայում լուծել կարգավիճակի հարցը, որի ժամանակ կլուծվեր նաև մյուս երկու շրջանների հարցը։ Հետո Հայաստանում իշխանափոխություն է լինում, հետո գալիս է պատերազմ։ Պատերազմից հետո տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Ռուսաստանը կազմել է խաղաղության պայմանագրի իր տարբերակը, որը այս տարվա գարնանը փոխանցել է Հայաստանին ու Ադրբեջանին։ Այդ տարբերակի մեջ եղել է Ղարաբաղի կարգավիճակի շուրջ քննարկումը հետաձգելու հարցը։ Ի դեպ, այդ մասին թաքցրել են թե՛ մեր իշխանությունը, թե՛ ադրբեջանի իշխանությունը, և եթե Ադրբեջանի իշխանության լռությունը հասկանալի է, քանի որ իրեն ձեռք չէր տալիս, ապա անհասկանալի է, թե ինչու է մեզանից թաքցրել Հայաստանի իշխանությունը։ Դրանից հետո Ալիևին հաջողվում է բանակցել Փաշինյանի հետ և ստանալ բոլորովին ուրիշ, ծայրահեղ հակառակ փաստաթուղթ։ Լավրովն ասում է, որ իրենք սպասում էին դեռևս գարնանն արած առաջարկի պատասխանին, բայց Սոչիի բանակցություններում բերվում է Պրահայի փաստաթուղթը, որն արդեն գաղտնազերծվել է, որով խաղաղության պայմանագիրը ղեկավարվում է ՄԱԿ Կանոնադրությամբ և Ալմաթիի հռչակագրով։ Իսկ ԱՊՀ ստեղծման մասին Ալմաթիի հռչակագիրը հստակ նշում է, որ նոր պետությունների միջև սահմանները հիմնվելու են նախկին ԽՍՀՄ միութենական հանրապետությունների սահմանների վրա, որտեղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը միանշանակ Ադրբեջանական ԽՍՀ-ի մասն է։ Դա այն տարբերակն է, այն հիմքը որի մասին տասնյակ տարիներ աղաղակում էր ադրբեջանական կողմը, իսկ հայկականը բանի տեղ չէր դնում, գնում, բանակցում ու անցկացնում էր մադրիդյան սկզբունքներ, որով թքած էինք ունենում ինչոր ալմաթիյական հռչակագրերի վրա։ Մի բան էլ շեշտեմ, որքան էլ ադբեջանցիք այս կամ այն հռչակագիր էին աղաղակում, գալիս խելոք ընդունում էին հայկական կողմի սկզբունքները, որտեղ Արցախը Ադրբեջան չէր։ Որքան էլ Նիկոլն հակառակը ասի, դա էր։

Փաստացի՝ Նիկոլ Փաշինյանն ինքը իր ձեռքի տակ ունենալով այլ տարբերակ, գնացել ու մեզ համար անհասկանալիորեն բանակցել է մեկ այլի շուրջ, որտեղ Ղարաբաղը Ադրբեջան է։ Հայաստանյան գործիչները բազմիցս Փաշինյանին կոչ են արել անմիջապես հրաժարվել Վաշինգտոնյան փաստաթղթից․ դա Ադրբեջանին կստիպեր բանակցություններ վարել ռուսական տարբերակի շուրջ, որը, պարզվում է, համեմատաբար շատ ավելի ի նպաստ Հայաստանի է ու Արցախի։ Նիկոլ Փաշինյանը հրաժարվելու փոխարեն ասում է ես երկուսն էլ ընդունում եմ, հայց թող Ռուսաստանn իր առաջարկը մի հատ էլ պնդի։ Այսօր Լավրովը արձագանքում է, ասում է դու գնում ստորագրում ես, մեզ ասում ես քո տարբերակը պնդի՞, դա, կներես, բանակցություն չէ, ուրիշ օպերայից ես երգում։ Լավրովը շատ կոնկրետ Նիկոլ Փաշինյանին մեղադրում է Ղարաբաղը հանձնելու մեջ։ Հիշեցնենք, որ Լավրովից առաջ էլ Պուտինը Վալդայում համաժողովի ժամանակ զգուշացրեց Հայաստանին, հայ ժողովրդին, թե ինչ է բանակցում Նիկոլ Փաշինյանը։

Բայց հարցն այն է, որ այս զգուշացումները, այս բացահայտումները չեն ազդում ո՛չ Փաշինյանի վրա, ո՛չ իր թիմի վրա, ոչ էլ ժողովրդի վրա։ Արդեն կասկած չկա, որ միացյալ Արևմուտքի տարբերակն ամբողջությամբ հակաարցախյան է։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, այդ ամենով հանդերձ որոշում է դեկտեմբերի 7-ին դարձյալ հանդիպել Ալիևի հետ՝ նույն այդ տարբերակը քննարկելու։ Հետո դնում է նաև Մակրոնի մասնակցության պահանջ, ինչի արդյունքում Ալիևը հայտարարեց հանդիպման չեղարկման մասին։

Ինչո՞ւ էր Փաշինյանը պնդում Մակրոնի մասնակցության վրա․ կարծիքները տարբեր են․ գուցե նրա համար, որ Ֆրանսիան որոշակի հակաադրբեջանական դիրքորոշում ունի, իսկ Փաշինյանը միայնակ վախենում է բանակցություններից։ Նիկոլ Փաշինյանը միայնակ բանակցող չէ, նրա բանակցությունների արդյունքում մենք տեսանք, թե ինչպես հետզհետե ամեն ինչ հանձնվում է Ադրբեջանին, թուլանում են մեր բոլոր դիրքերը։ Նա էլ է դա հասկանում, և իր համար հենարան է պետք, զոնտիկ, Ռուսաստանում դա Պուտինն էր պահում, երևի մտածում է Արևմուտքում՝ Մակրոնը։ Նա իր սեփական պաշտպանիչ անձրևանոցը չունի։ Ըստ երևույթին՝ Փաշինյանը կգնա բանակցելու, առանց Մակրոնի, որովհետև նրա վրա կա մեծ ճնշում Արևմուտքի ու Ադրբեջանի կողմից, նաև դրա համար է, որ Լավրովը քարտերը բաց գցում է սեղանին։ Հասկանում եմ էսպես՝ վաշինգտոնյան փաստաթուղթը, որն ամբողջությամբ ադրբեջանական է և որին համաձայնություն է տվել Նիկոլը, այժմ պետք է հանդիպեն, որ ամրապնդեն։ Հիմա Արևմուտքը ճնշում է գործադրում Նիկոլի վրա, որ ռուսական տարբերակից յան տա և ամբողջությամբ կենտրոնանա Ղարաբաղը հանձնող միացյալ Արևմուտքի փաստաթղթի վրա։

Ալիևին պետք է վերջնական փատաթուղթ, նա այն վիճակում է, որ Նիկոլը կտա ինչ որ ուզում է, ու նաև զարմանում է, թե ռուսներին ի՞նչ, եթե Հայաստանի ներկայացուցիչը համաձայն է։ Ինչո՞ւ է անընդհատ Ադրբեջանը հրադադարի խախտումներով, վիրավորներով ճնշում, որովհետև Փաշինյանի հետ պայմանավորվել ստացել է էն թուղթը, որի մասին կերազեր՝ Արցախը վերադարձնել 1991 թվականից առաջ եղած կարգավիճակում, ու իրեն պետք է դա ամրագրել։ Ալիևն ասում է՝ Նիկոլի հետ բանակցում եմ, համաձայնում է, գալիս է այստեղ ուրիշ բաներ է ասում։ Ալիևը բանակցություններից դուրս է գալիս, ասում է ոչ միայն Ղարաբաղն է իմը, այլև այսպես կոչված Զանգեզուրի միջանցնքն էլ չեք կարող չտալ, ուժ չունեք ու պլաններ էկազմում, հրավիրում այլ պետությունների օգտվելու այդ միջանցքից։

Փաստացի՝ Փաշինյանը իր խաբելու, ֆռացնելու գերին է դարձել։ Նա ինչ-որ խոստումեր է տվել, փորձել է Ռուսաստանին այլ բան ասել, Ալիևին այլ բան ասել, Արևմուտքին այլ բան ասել ու արդյունքում սաղ խառնել է իրար։ Անկեղծ ասած այսքանից հետո ես չգիտեմ, թե ինչու ենք մենք մեղադրում ռուսներին կամ Արևմուտքին, մեր կողմից չլինելու համար։ Իմ կարծիքով, էս ֆռացնելու արդյունքում կարելի է դիտարկել նաև Հայաստանում ՀԱՊԿ չստացված գագաթնաժողովի ելքը։ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» փաստաթղթերը։ Նիկոլը չստորագրեց, ՔՊ-ականներն ասացին կեցցես դու։ Բայց ի՞նչ արեց, որ կեցցե։ Մեզ ծայրահեղ անհրաժեշտ էր, որ թուղթ ստորագրվի, օգնության փաթեթ, չի ստորագրվել․ դա ո՛չ Պուտինին էր պետք, ո՛չ Լուկաշենկոյին ու Տոկաևին, մեզ էր պետք։ Ասացինք ապրես որ չես ստորագել, էսօր էլ ՀԱՊԿ-ի արդեն նախկին գլխավոր քարտուղար Զասը ասում է առաջարկվել է միջոցառումների համալիր՝ քաղաքական, դիվանագիտական, ռազմական օգնություն, առաքելության ուղարկում սահման:

Կարճ ասած՝ Հայաստանի բանակցողին օր առաջ փոխելն արդեն ծայրահեղ անհրաժեշտ է, եթե ուզում ենք երկիր ունենանք, արժանապատվություն ու ապագա։ Էս մարդը համաձայն է բոլոր տարբերակներին՝ թե Արցախը հանձնելուն, թե չհանձնելուն, թե՛ Սյունիքը հանձնելուն, թե՛ չհանձնելուն, ամեն ինչի կհամաձայնի, միայն թե իրեն ինչոր մի պահից հանգիստ թողնեն։ Եթե պետք է, թող պատերազմով վերցնեն ինչ ուզում են, միայն թե իրեն բան չասեն։ Այ էս տրամաբանությունն է։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ