23 11 2022

«Կարճ ասած»․ Ովքե՞ր են օգտվում գնաճից և ինչպես է թալանվում «խեղճ հպարտ» քաղաքացին



 

Հայաստանի քաղաքացին հերթական «բարի» լուրը երեկ լսեց․ խմելու ջուրը կթանկանա։ Դե ՀԾԿՀ-ն ասում է կարող է թանկանալ, իսկ դա նշանակում է, որ կթանկանա միանգամից 8 դրամով՝ հունվարի 1-ից։ Մենք՝ լրագրողներս, մի հատ վատ խասյաթ ունենք, հենց որևէ վատ, մեր պետության ու ժողովրդի շահերից չբխող բան է կատարվում, մինանգամից մեր արխիվներն ենք քրքրում, թե այդ մասին ինչ է ասել նախկինում այսօրվա իշխանությունը. դե Փաշինյանը բոլոր թեմաների վերաբերյալ էլ միշտ խոսել է՝ թե՛ իշխանություն, թե՛ ընդդիմություն եղած ժամանակ։ Հենց ասացին, որ ջուրը թանկանալու է, անմիջապես հիշեցինք Նիկոլի խոսքերը, որը պատգամավոր եղած ժամանակ ասում էր՝ ջուրը կարող է էժանանալ, ինչո՞ւ չի էժանանում, փող են աշխպատում, թալանում են, իսկ վարչապետ եղած ժամանակ՝ 2018 թվականի աշնանը, երբ ուզում էր ընտրվել, հայտարարեց, թե մինչև 2024 թվականը խմելու ջուրը չի թանկանա։ Այդ խոսքից հետո ջուրը արդեն երրորդ անգամ է թանկանում։ Երրորդ։

Տարածքային կառավարման նախարարությունն անմիջապես հայտարարություն տարածեց, թե՝ ժողովուրդ, որ թանկանա ջուրը, փողը կառավարությունը կտա, ժողովրդի համար չի թանկանա։ Մի րոպե։ Ի՞նչ է նշանակում, փողը կառավարությունը կտա։ Բա ասում էիք՝ կարա էժանանա, թալանում են։ Նախարարությունը, նաև չասաց, թե կառավարությունը էդ ո՞րտեղից է տալու։ Գնել Սանոսյանն ու Նիկո՞լն են փողը տալու, իրենց ամսական պարգևավճարի՞ց են տալու, թե՞, ասենք, արտաքին պարտք է վերցնելու, ինչպես երկու օր առաջ 100 մլն դոլար վերցրին։ Հարկատուներիս հաշվին է, չէ՞։ Էս ո՞ւմ եք ֆռացնում, էդ կառավարության փողերը մեր փողերը չե՞ն, էդ թանկացման բեռը մեր բեռը չէ՞, իրենց անձնակա՞նն է։

Ես, իհարկե, հիմա կարող եմ հիշել բոլոր նրանց, ովքեր Սերժի վախտ հենց մի բանը պետք է թանկանար, շատ գեղեցիկ ակցիաներ էին անում, մենք էլ լուսաբանում էինք ու շատ դեպքերում կանխվում էր՝ տրանսպորտի թանկացում, էլեկտրիկ Երևան և այլն։ Հիմա ուր ե՞ք։ Հայաստանի հանրապետության քաղաքացին, հասարակական շարժումները բոլորովին անտարբեր են, թե ինչ կլինի․ գնաճ է՝ հարևաններով որ նստենք սուրճ խմելու կքննադատենք, պատերի տակ կքննադատենք, բայց որ միասնաբար պայքարենք, այ դա չկա, որովհետև սկզբից համարվում էր, որ դա արդեն կլուծի ժողովրդի վարչապետը, հետո շատ արագ պարզվեց, որ ոչ միայն չի լուծի, մի բան էլ ինքը կավելացնի։ Իսկ նրանք ովքեր ժամանակին էդ քաղհասարակության ակցիաներն էին անում, այսօր իր իշխանության մեջ պարգևավճարներ են ստանում, ու պարզվում է՝ ամեն բան նորմալ է։ Ամեն մեկն իր խնդրով, չնայած որ թանկացումը բոլորիս է վերաբերում, հարուստները հարստանում են, միջին խավն աղքատանում է, աղքատները դառնում են ծայրահեղ աղքատ։ Անտարբեր ենք, քաղաքացիական կեցվածք իրականում գոյություն չունի։ ՀՀ միջին վիճակագրական քաղաքացու տրամաբանությամբ, ես, օրինակ, այդ տրամաբանությամբ, պետք է հիմա կարտոֆիլի գնաճից չխոսեմ, քանի որ Քյավառից եմ ու իմ կարտոֆիլը ձրի գալիս է։ Այ էդպես է իրեն պահում մեծամասամբ էսօրվա քաղաքացին, կարտոֆիլի 200 դրամ թանկացման համար չբողոքենք, ջրի 8 դրամի համար չբողոքենք, գյուղի համար չբողոքենք, բայց դա հետո դառնում է, որ արդեն 127 քառակուսի կիլոմետր հանձնելու համար չբողոքենք, Սև լճի համար չբողոքենք։ Մենք դրա համար ենք էս օրին։

Սա հարցի մի կողմն է, քաղաքացուն վերաբերող հատվածն է։ Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա իրենց իսկ ժամանակին ասված բառերով ասեմ, կառավարությունը թալանում է ժողովրդին, մտնում է յուրաքանչյյուրիս գրպանը՝ իր տուգանքներով, իր օրենքներով, իր գնաճով։ Չասեք գնաճի հետ ինչ կապ ունի, շատ ուղիղ կապ ունի թե՛ գնաճի հետ, թե՛ գնաճը չզսպելու հետ։ Էս ջուրը ո՞վ ա թանկացնում, կառավարության որոշմամբ չէ՞, կարող ա՞ «Վիոլիա ջուրն» ինքն է թանկացնում։ Ոչ, ՀՀ կառավարությունը։

Մեր երկրում այլանդակ գնաճ է, ամեն անգամ քաղաքացին հանդիպելիս խնդրում է, պահանջում է, որ անդրադառնամ գնաճին, ասում են՝ էլ հնարավորություն չունենք, ճար չունենք։ ԿԲ-ն կանխատեսում էր 4 տոկոս գնաճ, հիմա ասում են 10 տոկոս է։ Դա էլ է սուտ։ Ականջդ կանչի, ԱԺ պատգամավոր Փաշինյան․ ասում էր՝ հացը թանկացել է 100 տոկոսով, բայց Ռենջ Ռովերի զապչաստը էժանացել է, կառավարությունը երկուսը գումարում է իրար, ասում է գնաճը 4 տոկոս է։ Բայց քաղաքացուն ի՞նչ, որ քպականի Ռենջի զապչաստը էժան է, եթե դրանից միայն իրենք են առնում։ Լրիվ հիմիկվա պատմությունն է, զապչաստը էժանացել է, թող Ալենը ուրախանա, կարծեմ իր մեքենան էր էդ մակնիշի, բայց գնաճը բոլորի վրա է ազդում։

Ասում են՝ ժողովուրդ ջան, տնտեսությունն աճում է, ռուսներ են եկել, դրա համար գնաճ է։ Որ տնտեսությունը աճել է ռուսների գալուց, օգտվում են միայն վարձով բնակարան տվողները, խանութպանները, տաքսիստները, մեկ էլ իշխանությունը, բայց որ նրանց գալուց գնաճ է լինում, տուժում են բոլորը։ Պարենային ապրանքը թանկացել է, ոչ պարենայինը թանկացել է, տաքսին թանկացել է, վարձերը թանկացել են։ Հերիք է մեզ թվերով կերակրեք։ Նիկոլն ասում է բյուջեն աննախադեպ աճել է։ Էդ աննախադեպ աճից մենք գործ չունենք, մենք գործ ունենք ձեթի գնի աննախադեպ աճի հետ, կարագի գնի աննախադեպ աճի հետ, պանրի, հացի գնի։ Տատիկը հազիվ հազ քայլելով իջնում է շուկա, մի հատ պոմիդոր առնում բարձրանում է տուն, ինձ էլ ասում է՝ տղա ջան տես ինչ օրի եմ հասել։ Մակարոն էի ուտում, թանկացել է, սառեցված միս էի ուտում, դա էլ է թանկացել։ Մրգի սեզոնին էնքան թանկ էր, միրգն էլ հաշվարկով կերա։ Ի՞նչ ասեմ։ Էդ օրին գցողների փոխարեն ես եմ ամաչում տատիկի համար։ Թողել են ինքնահոսի։ Գերմանիայի պես երկիրը չի ասում տնտեսության աննախադեպ աճ ունեմ, բայց 65 մլրդ եվրո փող են տալիս գնաճը զսպելու համար։ Ավստրիան էլ Նիկոլենց պես աճի թվեր չի կրակում, բայց դեկտեմբերի 1-ից մեկուկես տարով սառեցնում են հոսանքի գինը։ Դո՞ւք ինչ եք արել։ Թվեր են ցույց տալիս, կուտը տալիս են, գնում է։ Այս իշխանության պատճառով քա՞նի ընտանիք է սովի եզրին: Երևանում հարյուր հազարներով ընտանիքներ են վարձով ապրում, մարզերից եկել են, աշխատում են, բոլորի վարձերը թանկացել են, ի՞նչ է անում կառավարությունը։ Երկու տարվա ընթացքում ունեցել ենք 30 տոկոսից ավելի սնդամթերքի գնաճ, այդ երկու տարում ոչ նվազագույն աշխատավարձն է բարձրացել, ոչ թոշակն է նորմալ բարձրացել․ կոպեկներ ընդամենը։ 4 հազարով բարձրանալու է թոշակը, 7 հազարով նվազագույն աշխատավարձը, բայց 200 հազարով՝ Նիկոլի աշխատավարձը։ Նիկոլի ծախսերը մեր՝ հարկատուներիս վզին է, ո՞ր մեկիս ծախսերն են կառավարության ուսերին։ Մարդիկ ասում են, հա՛մ մեզ ենք պահում, հա՛մ էլ էդ դարմոյեդների հսկա թիմին։ Փաշինյանը որ եկել եկավ իշխանության, աղքատ էր Հայաստանի ամեն չորրորդ քաղաքացին, հիմա, իր պաշտոնավարելու 4-րդ տարում, աղքատ է ամեն երրորդ քաղաքացին ու էս տեմպերով հաջորդ տարվա վերջին Հայաստանում աղքատ է լինելու ամեն երկրորդը։ Այստեղ հիշենք, որ հենց ինքն էր և իր ընկերները որ ասում էին՝ ժողովուրդ ջան, վատ ես ապրում, որովհետև քեզ թալանում են։ Բա հիմա ինչի՞ են ավելի վատ ապրում, որովհետև սու՞տ էիք ասում, թե՞ դուք ավելի շատ եք թալանում, նրանց անունն է դուրս եկել։

Կարճ ասած՝ Այս իշխանությունը կտրված է ժողովրդից, նրանք չեն հետաքրքրվում ինչպես եք ապրում, կարողանում եք ապրել, թե չեք կարողանում, իրենք իրենց համար որոշումներ են կայացնում, փող են դուրս գրում, տենդերներ են շահում, ասֆալտ են շահում-անում, խնամի-ծանոթ-բարեկամի գործի են ընդունում, օգտվում են անխնա։ Հայաստանում ձախողված են այն բոլոր ոլորտները, որոնք պետք է աճ ապահովեին, որովհետև Հայաստանում ոչ միայն անազնիվ մարդիկ են, այլև ձախողակ մարդիկ են իշխանության։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ