18 11 2022

«Կարճ ասած»․ Ո՞վ է ստում՝ արտգործնախարա՞րը, տեղակա՞լը, վարչապե՞տը, թե՞ դեսպանը․ կամ էլ բոլորը միասին



 

Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ՝ վարչապետից սկսած, վերջին մեկ ամսում բազմիցս հայտարարել են, որ ամեն ինչ անելու են մինչև տարեվերջ խաղաղության համաձայնագիր Ադրբեջանի հետ ստորագրելու համար։ Տարօրինակ է, որ իրենք էլ չեն հավատում այդ խաղաղությանը ու ավելի հաճախ են ասում, որ կարող է այդ համաձայնագիրը ստորագրեն ու պատերազմ սկսի մի քանի ժամ անց։ Արդեն անտրամաբանական է սա դարձնում այդ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին խոսակցությունները, ջանքերն ու հայտարարությունները, թե` խաղաղություն ենք բերելու։

Բանն այն է, որ ինչքան մոտենում է այդ խաղաղության պայմանագրի ստորագրման ժամանակը՝ տարեվերջը, անորոշությունները մեծանում են։ Անդադար նույն զգացողությունն է, որ մեզ ֆռացնում են։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը երեկ՝ նոյեմբերի 17-ին հայտարարում է՝ չկա ո՛չ ռուսական, ո՛չ ամերիկյան, ո՛չ  ֆրանսիական, ո՛չ Եվրամիության տարբերակ: Կա կարգավորման 2 տարբերակ՝ ադրբեջանական և հայկական: Որևէ մայրաքաղաքում որևէ փաստաթուղթ չի ստեծվել։ Սա ասում է արտաքին գործերի փոխնախարարը։ Իրենից առաջ հայտարարվել է, որ Վաշինգտոնում սեպտեմբերի 27-ին համաձայնեցվել է, իսկ Պրահայում Նիկոլ-Ալիև-Արևմուտք հանդիպմամբ քննարկվել է վաշինգտոնյան տարբերակը, որը միացյալ արևմուտքի տեսակետն է։ Բա ի՞նչ է ասում փոխարտգործնախարարը, անհասկանալի է։ Հրապարակվել է այդ փաստաթուղթը, լայնորեն տարածվել է, կրկնօրինակը պատռվել է ԱԺ ամբիոնում ընդդիմադիր պատգամավորի կողմից, իշխանությունը չի հերքել։ Դրանից հետո Պուտինը հայտարարում է, թե՝ դեռևս օգոստոսին Ռուսաստանը ներկայացրել է կարգավորման վերաբերյալ իր առաջարկները․ Նիկոլն էլ ստիպված հայտարարեց, թե ռուսական առաջարկները իր համար ընդունելի են։ Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով Էդմոն Մարուքյանը հայտարարում է, թե ընդամենը կա ադրբեջանական տարբերակ և ռուսական առաջարկներ, Վաշինգտոնի տարբերակից չի խոսում։ Ադրբեջանն ուղարկել է 5 կետ-առաջարկ, որը հայկական կողմն ընդունել է, հայկական կողմն ուղարկել է առաջարկներ, որոնք Ադրբեջանը մերժել է։ Այսինքն, հայկական տարբերակ չի քննարկվում։ Հիմա ո՞վ է ստում՝ Նիկո՞լը, Էդմո՞նը, փոխարտգործփոխնախարա՞րը, թե ով։

Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, որ պետք է բոլորից առաջ ու առաջինը իմանայինք ինչ է մեր գլխին գալիս, ոչ մի բանից տեղյակ չենք։ Նիկոլ Փաշինյանը, որ չի հրաժարվել արևմտյան տարբերակից, որ Ադրբեջանը ստիպված քննարկի ռուսականը, ասում է՝ երկուսն էլ ընդունում եմ, երկուսն էլ իր համար ընդունելի է, բայց ԱԺ-ում էլ հայտարարում է՝ դե թող ընդդիմությունը հայտարարի՝ ուզո՞ւմ է ռուսական տարբերակը, թե չի ուզում։ Ի՞նչ կապ ունի ընդդիմությունը, որտե՞ղ ենք մենք, հանրությունը, ընդանհրապես տեսել որևէ տարբերակ, հրապարակած պաշտոնական աղբյուրից, որ մի հատ էլ ընդդիմությունը ասի, ընդունում եմ, թե ոչ։ Միայն թե չասեք, որ իր ընտանեկան թերթի հավաստի աղբյուրով գրածից պետք է առաջնորդվեն։ Եթե այդ Վաշինգտոնյանը տարբերակներից մեկն է, միանշանակ պետք էր հրաժարվել, երկրորդ կարծիք չկա, իսկ ռուսական տարբերակի մասին ընդամենը ենթադրություններ են, որ առաջարկվում է Արցախի կարգավիճակի հարցը հետաձգել անորոշ ժամկետով։ Բայց էլի եմ ասում, այս ամենը այդքան էլ հավաստի աղբյուրներից չեն, որոնք կարող ենք քննարկել, վերլուծել, բայց, իրականում մեզ պահում են անտեղյակության մեջ, ճիշտ այնպես, ինչպես 44-յա պատերազմի ամբողջ ընթացքում։

Հստակ է, որ ամիսը մի քանի անգամ տարբեր մակարդակներով հանդիպում ու բանակցում են, բայց թաքուն են պահում թեման։ Սրանք խոստանում էին թափանցիկ աշխատել, անում են տառացիորեն հակառակը։

Ադրբեջանի նախագահը երեկ դարձյալ հոխորտացել է պատերազմով։ Ասում է՝ ես ոչինչ չեմ հասկանում Նիկոլից, մեկ հայտարարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք, ստորագրում է, իր խոսքերն են (ի միջի այլոց, դա էլ է հետաքրքիր, թե ինչ է ստորագրել, որ չգիտենք ու չի էլ հերքում), գնում է Հայաստան այլ բան է ասում։ ժողովուրդ, ո՞ւր ենք հասել, որ արդեն Նիկոլին աջակցող Ալիևն է ասում՝ սրանից գլուխ չեմ հանում, ամեն անգամ մի բան է ասում։ Ասում է՝ ուրիշ բան է մեզ հետ բանակցում, գնում է Հայաստան ուրիշ բան է խոսում։

Մեր խնդիրն էլ է դա, Նիկոլ Փաշինյանի ասածներն ու արածները իրար չեն համընկնում։ Էնտեղ ինչ դեմ են տալիս, փաստորեն, ստորագրում է, գալիս է ստեղ մեկնաբանում է էնպես, ինչպես ժողովուրդը կցանկանար լսել։ Սրանք հազար ձևի հազար բան ֆռացրել են, ամեն ինչ խառնել են իրար։ Նիկոլ Փաշինյանը փորձել է ֆռացնել Պուտինին, Ալիևին, Բայդենին, Բլինքնենին, Լավրովին, ղարաբաղցիներին, հայաստանցինեին, Սփյուռքին, իր թիմին, ընդդիմությանը։ Մի հատ էդպիսի ֆռացնելու արդյունքում մենք ստացանք ղարաբաղյան երկրորդ պատերազմ՝ Արցախի հսկայական մասի կորստով, հիմա մի հատ էլ ստանալու ենք նոր աղետ։ Մի քանի օր առաջ անդրադարձել էի, թե ինչպես է ֆռացնում, թե նախկինները Ղարաբաղը հանձնել են 91-ին, 98-ին, 99-ին, 2007-ին, 2013-ին, 2016-ին․ այ էդպես էլ նույն կերպ ֆռացնում է բանակցությունների ժամանակ։ Լավ կասեք, եթե էնտեղ ֆռացնի ու մեզ լավ լինի, ասեմ ջհանդամ, կարևորը արդյունքն ա․ բայց հակառակն է, չէ՞ դուրս գալիս, մեզ միայն վատ է լինում։ Եթե Հայաստանում էդ կտերը հնարավոր է լինում տալ, դրսում դրանք չեն ուտում։

Երեկ՝ նոյեմբերի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանին թշնամու կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող։ Էդ տղան, փաստացի, էս խայտառակ բանակցությունների տուժածն է։ Էն ԱԺ դեպուտատը, որ ընտանիքով պատգամավոր են, ասում էր՝ ո՞ւմ երեխայի հաշվին եք ասում կհզորանանք, կհաղթենք Ադրբեջանին։ Հիմա մենք կոնկրետ անուն ազգանուններով իմանում ենք, թե ում երեխաների հաշվին են «խաղաղության դարաշրջան» անվան տակ իրենց անիծված իշխանությունը պահում, փող աշխատում։

Նիկոլ Փաշինյանին ծանոթ մարդիկ առաջին օրվանից ասել են՝ պատերազմ է բերելու․ իրենք, որ բանակցային նորմալ գործընթացը տարան փակուղի, բերեցին պատերազմ, բա ավերակների վրա բանակցություննե՞րը ինչ կանեն։ Հարց տվեք ձեզ, դուք՝ ՔՊ-ականներ, հարց տվեք, դուք, որ ունեիք ձեր ձեռքի տակ նորմալ բանակցային հենք, բերեցիք պատերազմ, հիմա, որ ունեք կապիտուլյացիոն թուղթ ձեր ձեռքին, հիմա՞ ինչ եք անելու, դորդուբե՞շ։

2 տարի առաջ Նիոկլը մեղադրում էր նախկիններին, հետո մեղադրեց զինվորներին, հետո մեղադրեց ռուսներին, հիմա մեղադրում է Ալիևին, Ալիևը՝ իրեն։ Վաղը կխոստովանի, որ ինքն է մեղավոր, եթե պարզվի, որ ժողովրդի ականջը այ էդ պահին դա է ուզում լսել, ու պատրաստ է ներելու։ Չկասկածեք, դա էլ է ասելու, որ էլի մնա, մնա էնքան, ինչքան հնարավոր է, հետո իհարկե կչքվի, ինչպես մարտի 1-ին։

Կարճ ասած՝ հարգելի ժողովուրդ, կարծում եմ՝ պարտավոր ենք իշխանության առաջ հստակ պահանջ դնել՝ բացահայտել բանակցությունների մանրամասները․ կոնկրետ ինչ են բանակցում փոխվարչապետները, ինչ են բանակցում արտգործնախարարները, ինչ են բանակցում Ալիև-Փաշինյանը։ Մենք արդեն տեսել ենք, որ մեզ խաբում են ու հասցրել են նոր պատերազմի շեմին։ Ընդդիմությունը, որ վերադարձել է խորհրդարան, այ հենց դա պետք է անի, պահանջի բացահայտել, թե ինչ են խոսում մեր մեջքի հետևից ու պատրաստ լինի լսելու թե՛ սուտը, թե՛ ստիպված ասած ճշմարտությունը։ Բոլորը պետք է պատրաստ լինեն դրան, ու պատրաստ լինեն այս վիճակը փոխելուն։ Ու առաջին հերթին իշխանությունը պետք է հասկանա իր կործանարար ընթացքը ու չըմբոստանա փոխելուն։ Մենք գնում ենք աղետի ու՝ շատ արագ։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ