31 10 2022

«Կարճ ասած»․ Փաշինյանն Արցախը հանձնելու հարցում շատ սկզբունքային է



 

Կարծում եմ՝ շատերի, անգամ իրականությունից կտրված իշխանության այսօրվա ներկայացուցիչների համար պարզ է, որ Հայաստանի քաղաքացիները, Արցախի քաղաքացիները, Սփյուռքը բացարձակ անհամաձանություն է հայտնում այս իշխանության վարած քաղաքականությանը։ Եթե անգամ իրենց հաջողվել է պառակտել բոլորին, հիմա այդ պառակտված հատվածները եթե չեն միավորվել, ապա ագամ այս վիճակում պայքարում են իշխանության դեմ։ Ովքե՞ր էին մասնակցում իբր Հայաստան-Սփյուռք օրերս կազմակերպած միջոցառմանը, այսպես ասած՝ ճամբարին․ աշխարհում եթե ընդունված է համարել 10 մլն հայ կա, մասնակցում էր 500-600-ը, անգամ Հայ Առաքելական եկեղեցին էր մերժել մասնակցել։ Որովհետև բոլորը գիտեին, որ դա համահայկական միջոցառում չէ, այլ իշխանական, իսկ իշխանությունից ժողովուրդը, մեղմ ասած՝ դժգոհ է։ Մենք ունենք մի իրավիճակ, որը բացառիկ է և այն ձևավորվել է 2020 թվականի դեկտեմբերից, աստիճանաբար ավելի մեծ թափ է հավաքում․ Հայաստանի, Սփյուռքի, Արցախի գրեթե բոլոր արժեքավոր կառույցները, հայտնի դեմքերը՝ մտավորական, գործարար, մասնագետ, բոլորը այս իշխանության հետ հաշտ չեն, եթե չասենք՝ դեմ են։ Երբեք չի եղել այդպես Հայաստանի պատմության ընթացքում, որ Կաթողիկոսը և Ակադեմիան պահանջեն իշխանության հրաժարականը, էս մեկից պահանջել են։

Արցախում տեղի ունեցած հանրահավաքը, որն Արցախի Հանրապետության պատմության մեջ ամենամեծ հանրահավաքն էր՝ 88-ի Շարժումից հետո, դա ի՞նչ հանրահավաք էր, եթե ոչ ընդդեմ Հայաստանի ի՛շխանության վարած քաղաքականության։ Ինչքա՞ն ցավալի է, երբ մի անգամ դուրս ես գալիս ու պայքարում անկախության համար, ազատության համար, դա ստանում ես՝ պատերազմով, զոհերով, զրկանքներով, զարգանում ես, հետո մի հատ քանդող բրիգադ է գալիս, սաղ վարի է տալիս, արժեզրկում քո 30 տարվա պայքարը, ձեռք բերածը, ու հիմա պետք է զրոյից սկսես նույն բանը, հերիք չէ, մի հատ էլ պայքարում ես որ քանդող բրիգադը հեռանա, չշարունակի քանդելը։ Արցախցին, հայաստանցին այսօր զրոյից սկսելու կոտրված տաշտակի առաջ են։ Էն ժամանակ, երբ ոտքի էր կանգնում արցախցին, իր իշխանությունը ադրբեջանցի էր, հիմա ոտքի է դուրս եկել, իր իշխանությունը հայ է, Հայաստանի իշխանությունը հայ է, բայց թելադրողն ադրբեջանցիներն են։

Արցախի իրապես հուժկու հանրահավաքը կոնկրետ ուղերձներ ուներ՝ ուղղված Ադրբեջանին, Թուրքիային, Արևմուտքին, ուղղված Ռուսաստանին, Հայաստանի իշխանություններին։ Բոլորին ուղղված կարևոր ուղերձն այն էր, որ արցախցին պայքարելու է, չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Հայաստանի իշխանությանն ասաց, որ Հայաստանի պարտքն էր այդպես անել, լինել Արցախի անվտանգության երաշխավորը։ Ասաց, որ անընդունելի է բանակցությունների այն ձևը, որ տանում է Հայաստանը, երբ քննարկում է տարբերակ, որով Արցախը Ադրբեջան է։ Արցախցին դուրս է եկել փողոց, որովհետև եթե ձայն չհանի, չպայքարի՝ գիտի, ուղղակի կոտորվելու է։ Այս իշխանության ներկայացուցիչներն արդեն ասում են, որ եթե Արցախն ուզենա՝ կարող է Ադրբեջանի կազմում ինքնորոշվել, դուք հասկանում ե՞ք ուր են տանում այսպիսի խոսակցությունները։ Հայաստանի այսօրվա ղեկավարության համար բոլորովին Արցախի 120 հազար հոգու ճակատագիրը չի հետաքրքրում։ Վստահ եմ, չի հետաքրքրում ոչ էլ Հայաստանի քաղաքացու ճակատագիրը։ Մենակ նախորդ տարի և այս տարվա մինչև կեսը Հայաստանից արտագաղթել է, գնացել ու չի եկել շուրջ 120 հազար մարդ, այնքան մարդ, որքան բնակվում է Արցախում։ Եթե նրանց ճակատագիրը չի հետաքրքրում, էլ ի՞նչ ենք պահանջում։

Արցախցին, ուզած-չուզած դիմում է Ռուսաստանի Դաշնության  նախագահին, ասում է՝ շարունակի մեր անվտանգությունն ապահովել։ 30 տավա մեջ հիշում ե՞ք նման դեպք․ ինքը գիտեր, որ ունի երաշխավոր, դա Հայաստանն է ու անվանում էր մայր հայրենիք, հիմա մայր հայրենիքն իր զավակին հանձնում է Ադրբեջանին ասում է գնացեք, ինչ ուզում եք արեք։ Հայաստանն իսկի իր անվտանգությունը չի կարողանում երաշխավորել։ Իրավիճակի տերը չէ․ Էս մարդը ՌԴ գնալիս ասում է պատրաստ եմ ստորագրել, Բրյուսել գնալիս ասում է պատրաստ եմ ստորագրել։ Ոչ մեկ տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը, ոչմեկի չի ասում, բայց ասում է՝ պատրաստ եմ ստորագրել։ Ամենից վատ երազում, հնարավոր չէր լինի այսպիսի իրավիճակ պատկերացնել, օրինակ՝ 10, 20 տարի առաջ։

Շատ կարևոր էր, որ Արցախի հանրահավաքից հետո հայտարարվեց համերաշխության հանրահավաք Հայաստանում՝ ի աջակցություն Արցախի հայության ու իրենց կոչերի։ Այս հանրահավաքը չափազանց կարևոր է, պետք է իր դիրքորոշումը հայտնի Հայաստանի ողջ ժողովուրդը։ Սա քաղաքական ուժի աջակցել-չաջակցելու պայքար չէ ու բոլորովին կարևոր չէ, թե ով է հրավիրել, պետք է բոլորը մասնակցեն։ Մեր մեծ խնդիրներից է այն, որ հանրահավաք հրավիրողը համարվում է լիդեր, ու սկսում են՝ սիրում եմ, չեմ սիրում և այլն, ընդդիմության ընդդիմություն են խաղում։ Սրա ժամանակն անցել է։

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հստակ դուրս գա փողոց, հրապարակ՝ այն մտայնությամբ, որ Արցախը պահելով՝ Հայաստանն է պահում։ Մենք նոյեմբերի 9-ից հետո բազմիցս դաժան առիթ ունեցանք հասկանալու, որ Արցախն էր մեր թիկունքը պահում։ Արցախի 9 շրջանի հանձնումից հետո թշնամին անարգել մտավ Գեղարքունիք, Սյունիք, կրակում է Վայոց ձորում, հասել է Ջերմուկ, Երասխ, Տավուշ։ Սա եթե ժամանակին վերլուծում ու ենթադրում էինք, այսօր մեր աչքներով ենք տեսնում։

Արցախցին դուրս է եկել ու ասում է՝ մենք ենք մեր ճակատագիրը տնօրինելու։ Իսկ Հայաստանի ճակատագիրը ո՞վ է որոշում, մե՞նք, քաղաքացի՞ն, թե՞ ՔՊ-ական ակումբը՝ իր հովանավորներով։ Վստա՞հ ենք, որ որոշումները մեր երկրո՞ւմ են կայացվում, մեզ համար են կայացվում։

Եվ ոտքի ելնող ու չելնող քաղաքացիները պետք է հստակ իմանան՝ միայն պայքարի արդյունքում է, որ ոչ թե պատերազմ ենք ստանալու, այլ՝ խաղաղություն, գլուխներս բարձր, արժանապատիվ խաղաղություն։ Այդ կարգախոսը գողացել է ՔՊ-ական իշխանությունը, ինքն է անընդհատ ասում, բայց փաստ է, որ բերել է միայն նվաստացում։ Հայրենիքը պարտադիր չէ պաշտպանել պատերազմով, այլ՝ խաղաղություն պարտադրելով, ինչպես որ արվում էր մինչև այս քանդող ակումբ-բրիգադի հայտնվելը։

Կարճ ասած՝ Հայաստանի իշխանությունը Արցախը հանձնելու, մեր երկիրը փոքրացնելու հարցում սկզբունքային է, հավատարիմ է մնում իր գաղափարներին։ Հիմա պետք է հայ ժողովուրդը ցույց տա, թե ինքը որքան սկզբունքային է դա թույլ չտալու հարցում։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ