28 10 2022

«Կարճ ասած»․ Իսկ ինչո՞ւ Փաշինյանն ինքը չի հրաժարվում վաշինգտոնյան տարբերակից



 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարությունը Արցախի ու Հայաստանի մասով չափազանց կարևոր, ուշագրավ մեսիջներ ուներ և ևս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ դեռ ամեն ինչ կորած չէ։ Միաժամանակ, ՌԴ նախագահը բացահայտեց, որ այս պահին վտանգավոր գործընթաց են գնում՝ հայ ժողովրդից թաքուն, որի հիմնական դերակատարներն են Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևը և Միացյալ Արևմուտք կոչվածը։

Պուտինը ուղիղ ասում է հետևյալը․ խաղաղության պայմանագիրը կարևոր է և այդ խաղաղության պայմանագրի երկու տարբերակ է Հայաստանին առաջարկվել՝ Ռուսաստանը և Վաշինգտոնը։ Թե որ տարբերակը կընտրվի, դա հայ ժողովուրդն է որոշում։ Մենք ոչինչ չենք պարտադրում․ սակայն իմացեք, որ «վաշինգտոնյան տարբերակը» նախատեսում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում։ Պուտինը նորություն չի ասում, այդ գաղտնազերծված փաստաթուղթը տեսել ենք։ Հայաստանի իշխանությունը ինչպես որ թաքցնում էր վաշինգտոնյան տարբերակը և ջրի երես դուրս եկավ, այնպես էլ թաքցնում է ռուսական տարբերակը, որը, փաստորեն, ավելի քիչ կորուստներ է ենթադրում․ իսկ Արցախը դրանով չենք կորցնում։ Նիկոլ Փաշինյանն այսօր հաստատում է ռուսական տարբերակի առկայությունը և ասում, թե՝ սեպտեմբերին դեռ ընդունել է և հուսով է՝ Ռուսաստանը կպաշտպանի իր առաջարկները։ Իր հատուկ հանձնարարություններով դեսպանն էլ հույս է հայտնում, որ Ռուսաստանն Ադրբեջանին կստիպի համաձայնել իր առաջարկներին։

ՌԴ նախագահն ասում էր, եթե Հայաստանի ղեկավարությունը կարծում է, որ Ղարաբաղն ունի իր առանձնահատկությունները և դրանք պետք է քննարկել, ապա դա նույնպես հնարավոր է։  Բարդ է, դժվար է, բայց հնարավոր է։ Այսինքն՝ Արցախի թեման փակված չէ, դա ընկալում է ՌԴ նախագահը և պատրաստականմություն է հայտնում այդ դժվար պրոցեսին մասնակից դառնալ։

Փաստացի՝ հետևյալն է, Նիկոլ Փաշինյանը բանակցում է արևմտյան տարբերակի շուրջ, բայց չի մերժել նաև ռուսական տարբերակը․ երկու տարբերակն էլ ընդունել է, բայց արդեն շուրջ մեկ ամիս բանակցում է Արցախը Ադրբեջանի կազմում թողելու տարբերակի շուրջ։ Ու հիմա Նիկոլն ու իր հատուկ հանձնարարություններով Էդմոնը սկսել են արդեն Ռուսաստանին ուղղված շանտաժային քաղաքականություն, թե՝ դե դուք Ադրբեջանին ստիպեք, թող համաձայնի քո տրբերակին, բայց մենք երկուսն էլ ընդունել ենք։ Ռուաստանն էլ ասում է՝ ես առաջարկում եմ, ես չեմ ստիպում, որոշողը դուք եք, բայց մենք, իհարկե, ավել շատ շեշտը կդնենք հայկական առաջարկի վրա։ Այսինքն՝ կոնկրետ Ռուսաստանն ասում է՝ Հայաստան, դու որոշի որ տարբերակն ես ուզում, մենք դրանով էլ կառաջնորդվենք։

Հայաստանն ասելիք չունի, ասում է՝ Ռուսաստան, դու ստիպիր Ադրբեջանին։ Հիմա մեզ հետաքրքրում է մի շատ կարևոր հարց՝ Հայաստանի Հանապետության իշխանություն, Հայաստանի անունից բանակցողներ, դուք ինչո՞ւ չեք հրաժարվում վաշինգտոնյան տարբերակից։ Վաշինգտոնյան առաջարկը էս մի 20 օր է՝ արտահոսք է եղել, չեք հերքել, ուրեմն դա է դրանց առաջարկածը, չեք հերքում․ հրապարակային հրաժարվեք․ հի՛մա հրաժարվեք: Չէ՞ որ, երբ Հայաստանը հրաժարվի Վաշինգտոնյան տարբերակից, նշանակում է՝ այն արդեն դուրս կգա մեջտեղից։ Դրանից հետո միջազգային հանրությունը, այդ միացյալ Արևմուտք կոչվածն էլ կասի՝ գնացեք ուրեմն բանակցեք ռուսական տարբերակով։ Հիմա դու ասում ես ես երկու տարբերակն էլ ընդունում եմ, բայց թող Ռուսաստանը Ադրբեջանին պարտադրի, որ ինքը մերժի իր համար բարենպաստ տարբերակը և ընդունի ռուսականը։ Դու ինչո՞ւ չես հրաժարվում։ Սա անհասկանալի է։ Հայաստանում կա իշխանություն, որին երկու տարբերակ է տրվել, որից մեկով Ղարաբաղը տրվում է Ադրբեջանին ու այդ տարբերակից չի հրաժարվում։ Ինչո՞ւ։ Գուցե վախենո՞ւմ ես Ալիևից, գուցե պայմանավորվածություննե՞ր ունես մեզ համար շատ անընդունելի, թեկուզ՝ փողային, գուցե վախենում ես, որ ինչ-որ բանե՞ր կբացահայտի։ Ինչո՞ւ, ո՞րն է պատճառը։

Փաստացի, եթե Հայաստանը չի հրաժարվում Վաշինգտոնի տարբերակից ու թողնում է Ալիևի ընտրությանը, Ալիևը կասի՝ ինձ համար լավագույնը սա է, Ռուսաստան, քո՞ ինչ գործն է, եթե Նիկոլի համար մեկ է։ Ասում ես Ռուսաստան, ես գնում եմ Վաշինգտոնի ճանապարհով, բայց դու արի իմ շահերը նա վսյակի պաշտպանի, որ հետո ասեմ՝ ռուսները մեզ չօգնեցին։ Սպասում ես, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը համաձայնությամբ կլուծե՞ն քո հարցերը, թե դու էլ ես պատրաստ ինչ-որ բան անել։ Էս մարդիկ սաղ կյանքները սպասել են, որ ինչ-որ մեկը իրենց փոխարեն որոշում կայացնի՝ պարտադրի։ Վաղը Նիկոլը կգնա Արևմուտքի աղետալի սցենարով, կասեն ռուսներն են մեղավոր, թող կանխեին։ Այնինչ ռուսները նախագահի մակարդակով քեզ բաց ասում են, թե ուր ես գնում, ուշքի արի։

Առավոտից իրիկուն ինչ ասես ասում են Պուտինին, ռուսներին, գում են ու հազար տեսակի խաղեր են տալիս արևմուտքի հետ, աջ ու ձախ ֆռացնում են, հետո ասում են Պուտին, կլինի՞ դու Զատուլինի նման հայամետ եղիր, մենք էլ «քցենք» ձեզ, ոնց զատուլինին։ Հայաստանում մեռան ռուսների դեմ խոսելով, հանրությանը խաբելով, թե՝ Ղարաբաղը Ռուսան է տալիս, որ ուզեր՝ կպահեր, Ռուսաստանը միջանցք է պարտադրում և այլն։ Ռուսաստանը շատ բաց ու անկեղծ ասում է՝ ժողովուրդ, իմ առաջարկած տարբերակը քո շահերից է բխում։

Կոնստանտին Զատուլինը, որին չթողեցին Հայաստան գալ, Մոսկվայում ելույթ է ունենում ու ասում է, որ անգամ այս շրջանում ԼՂ ժողովրդի միակ տարբերակը ինքը համարում է անկախությունը։ Ասում է՝ պետք է անկախ լինի, որ ցեղասպանություն չլինի։ Ռուսասկան կողմը սա է ասում։ Պուտինն ասում է՝ դուք որոշեք, եկեք քննարկենք․ դուք մեր ռազմավարական գործընկեր եք, բայց որոշումը ձերն է։ Հիմա բերեք միացայալ Արևմուտքից մի լուրջ գործչի անուն, որ էս տարիների ընթացքում նման տեսակետներ է հայտնել։

Ես հիմա չեմ քննարկում Պուտինի ելույթի մեկ այլ կարևոր դրվագ, որ Փաշինյանը կարող էր տալ 5 շրջան ու խուսափել պատերազմից, կապիտուլյացիայից ու դրան հաջորդող պարտություններից, բայց Նիկոլը ասել է չէ ու հանձնել է 9 շրջան ու լիքը կտորներ Հայաստանից։ Սերգեյ Լավրովը 2020 թվականի ապրիլին այդ մասին խոսում էր, ասում էր, որ տվել են առաջարկ, որը մերժել է Հայաստանը։

Մեզ էս վիճակին բերել է այն, որ սրանք չեն կարողանում բանակցել, գլուխ չեն հանում, գցել են ոտներին․ իրենք էլ գիտեն։ Նիկոլ Փաշինյանենք բոլորից լավ գիտեն, որ մի նորմալ բանակցող ունենանք, այս ամենը մի կողմ կդնի և կկարողանա նորմալ դիրքեր ապահովել։ Գիտեն, բայց մնում են։ Ու Սրանց մնալու գինը մեր բոլորիս կյանքն է, մեր երկու պետություններն են։

Կարճ ասած՝ Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Արևմուտքը հիմա մի գծի մեջ են։ Հայաստանի այս իշխանությունը ինչպես երկրի ներսում է խաբելով, ֆռացնելով գլորում իր գոյությունը, այնպես էլ փորձում է խաբել միջազգային խաղացողներին։ Սակայն Պուտինը խառնեց Նիկոլի պլանները։ Անգամ այս ծանր վիճակում կան նվազագույն վտանգներով դուրս գալու հնարավորություններ։ Ռուսաստանի նախագահի խոսքն ուղղված էր հայժողովրդին, թե՝ տեսեք, ժողովուրդ, ինչ է կատարվում։ Հայ ժողովուրդը ուզո՞ւմ է Վաշինգտոնյան տարբերակը․ ոչ, չի ընդունում։ Իսկ հայ ժողովուրդը ի՞նչ է անում, որ այդ տարբերակը տապալվի։ Դա, կարծում եմ, պետք է անի ժողովուրդը։ Նիկոլ Փաշինյանը մտովի արդեն վաղուց հանձնվել է Ադրբեջանին։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ