25 10 2022

«Կարճ ասած»․ Ի՞նչ կապ կա Զատուլինի մուտքը արգելելու, Ռուսաստանից հրաժարվելու և Արցախն Ադրբեջանին հանձնելու միջև



 

Կարո՞ղ եք ասել, թե վերջին 4 տարիների ընթացքում որևէ երկրում ինչ գործիչներ կան, որոնք պրոհայկական դիրքորոշում են որդեգրել։ Կարո՞ղ եք հիշել։ Թուրքիայի ու Ադրբեջանի անունը չտաք, որտեղից մեռան Նիկոլ գովելով։ Կա՞ն մարդիկ արտասահմանում, որոնց այս իշխանությունը իր գործունեությամբ, դիվանագիտությամբ, եթե կուզեք՝ փողով Հայաստանի կողմն են թեքել։ Ես չեմ հիշում։ Երևի չկա կամ մատերի վրա կհաշվեք։ Բայց մենք գիտենք դեպքեր, երբ այս մարդիկ փչացնում են հարաբերությունները բոլոր բարեկամ երկրների ու բարեկամ գործիչների հետ։ Ասում են՝ Ֆրենկ Փալոունը սկսել է հակահայկական բաներ խոսել, ասել է, թե Արցախը պետք է Ադրբեջանում ունենա մշակութային ինքնավարություն։ Վատ բան է ասել, բայց հասկանանք՝ էդ ո՞նց է էդպես եղել, էդ ինչի՞ մարդը 100 տարի հայկական լոբիստ էր, հանկարծ փոխվեց, ընդ որում՝ Ալեն Սիմոնյանի ու Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից հետո։ Հետաքրքիր է, գուցե հետաքննեք հասկանա՞նք։

Էդ ո՞նց է լինում, որ 4-5 տարի իշխանության եք լինում ու չեք կարողանում մի հատ բարեկամ երկիր ու բարեկամ գործիչ ձեռք բերեք։ Այսօր եթե կան օտարազգիներ, որոնք շարունակում են հայերին կողմ խոսել որևէ երկրում, ապա դա միայն նախկին կապերի, անձնական կապերի ու մեր Սփյուռքի շնորհիվ է։ Այս իշխանությունը նրանց էլ է վնասում։ Քանի այս իշխանությունն է, բոլոր այն երկրներում, որտեղ հայկական Սփյուռքն էր ուժեղ, հիմա ուժեղ են թուրքերն ու ադրբեջանցիները։ Նավթն ու փողը կապ չունեն, քաղաքականության հարց է։ Սրանք մեր երկիրը, Արցախը քանդելուն զուգահեռ անցել են հայկական կապերը քանդելուն։

Եթե որևէ մեկին ասում ես թվարկի 5 ռուսի անուն, որոնք պրոհայկական դիրքորոշում ունեն, առաջին տեղում տալիս է Կոնստանտին Զատուլինի անունը։ Նայեք թե այդ մարդը իր ելույթներում, հարցազրույցներում, հրապարակային բանավեճերում ինչպես է խոսում Հայաստանի ու Արցախի մասին, Հայաստանում շատերը չեն համարձակվում էդպես խոսել, Հայաստանում չկա իշխանական գործիչ, որ այդպես կպաշտպանի Հայաստանի շահը։ Շատ հաճախ ռուսական եթերներում հայտնվում են ադրբեջանամետ տեսակետ հայտնողներ, և ուրախանում ենք, եթե այդ բանավեճերում հայտնվում է Զատուլինը։

Ու էսօր պարզ է դառնում, Նիկոլի ընտանեկան թերթը «ավետում է», որ Զատուլինը Հայաստանում անցանկալի անձ է ճանաչվել, մուտքը արգելված է։ Զարմանում ենք, ինչի՞ համար։ Մեկ պարզ բանի համար՝ Զատուլինը որքան շատ է սիրում Հայաստանն ու արցախը, նույն ուժով քննադատում է Հայաստանի իշխանություններին, որոնք կործանել են Արցախը ու կործանում են Հայաստանը։ Ու սրանք նամակ են ուղարկում, թե՝ ձեր գործունեությունը Հայաստանին վնասում է։ Իշխանություններին էլ չեն գրել, Հայաստանին։ Էդ Նիկոլը ե՞րբ դարձավ Հայաստան։ Հերիք չէ՞ պետությունը ձեզնով անեք։ Զատուլինը քննադատում է Հայաստանի իշխանությանը, ասում է, որ սրանք դավաճանել են Արցախն ու արցախցիներին․ սուտ է՞ ասում։

Փորձենք հասկանալ, թե ինչու են հենց հիմա արգելել Զատուլինի մուտքը։ Նա պատահական մարդ չէ, ուղղակի պետդումայի պատգամավոր չէ, իշխանական գործիչ է։ Մի քանի օրից պետք է Երևանում կայանար «Լազարևյան ակումբի» նիստը, որի ղեկավարը հենց Զատուլինն է։ Այդ նիստում պետք է քննարկվեր «Հայ-ռուսական հարաբերությունների պատմական անցյալն ու ներկան»։ Բա իշխանություն, որը առավոտից իրիկուն քլնգում է ռուսներին, որ փորձում է դուրս գալ ՀԱՊԿ-ից, հանել ռազմաբազան, առևտուր անել թուրքերի հետ, հանձնել Ղարաբաղը, որտեղ կա ռուս խաղաղապահ, ամենուր հակառուսականություն է քարոզում, իրենց պե՞տք է հիմա ունենալ նման կարգի քննարկում, թե՝ պատմական անցյալ և այլն։ Ձեռք չի տալիս։ Էս մարդիկ հարաբերություններ են կառուցում Թուրքիայի հետ, Թուրքիան ասում է պետք է մոռանաք Ցեղասպանության հարցը, իսկ Զատուլինը հենց հեղինակ է Ռուսական պետդումայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի։

Այս մարդիկ Ռուսաստանից ուղիղ թեքվում են դեպի Արևմուտք և դա անում են արդեն կտրուկ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելով։ Ռուս խորհրդարանականը Հայաստանում անցանկալի անձ է ճանաչվում այն ֆոնին, երբ մի քանի օր անց տեղի է ունենալու Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում։ Էս մարդիկ էլ ո՞նց ասեն, որ առճակատման են գնում ռուսների հետ, կտրում են այն ճյուղը, որի վրա պինդ նստել են։ Այս քաղաքականությունը տանում է Արցախի հայաթափում, թրքացում, նոր ցեղասպանության վտանգ։

Աշխարհում կա երկու պետություն, որոնցում արգելված է Կոնստանտին Զատուլինի մուտքը․ մեկը Հայաստանն է, մյուսը Ադրբեջանն է, որտեղ արգելված է 2010 թվականից՝ Արցախ այցի համար։  Արդեն կասկածներ են առաջանում, որ այս արգելքի արմատները հենց Ադրբեջանից են գալիս։ ՔՊ-ական պատգամավորն ասում է՝ դե շատ լավ ա, որ արգելել են, ուրեմն ադրբեջանցիների հետ արդեն ընդհանուր եզրեր ենք գտնում։ Թուրքերն էլ են ասում, որ Նիկոլի հետ ընդհանուր եզրեր ենք գտնում, խանգարում են սփյուռքն ու ընդդիմությունը։ Այսինքն, հաջորդը այն է, որ կարող են Հայաստանից ուղղակի արտաքսել ընդդիմությանը, 90-ականներին Լևոն Տեր-Պետրոսյանից տխրահռչակ փորձ ունենք, ցանկ կար արգելված անձանց։ Դրանից հետո ուղղակի Ադրբեջանին կհանձնեն այն անձանց, որոնք այդ երկրի սև ցուցակում են կամ հետախուզվում են՝ Ղարաբաղն ազատագրելու համար։ Սրանցից ինչ ասես՝ սպասելի է։

Չմոռանանք, որ Հայաստանում արգելված է նաև լիքը սփյուռքահայերի մուտք, իսկ հայկական Սփյուռքի դեմ այսքան ժամանակ գործել են միայն Նիկոլը, Ալիևը և Էրդողանը։ Հայաստանը մի երկիր է, որտեղ ազատ է ադրբեջանցիների մուտքը, ադրբեջանցի պատգամավորները գալիս են մեր երկիր, այստեղ հայտարարում են, թե գերիներ չունեն, ովքեր էլ կան, դատապարտված անձինք են, Հանրապետության հրապարակում սելֆի են անում ու գրում են, թե՝ վերադառնալու են իրենց հայրենիք, ու էդ մարդիկ Նիկոլի անձնական պաշտպանության տակ են։ Հայաստանում մուտք ունեն ադրբեջանցի դիվերսանդները, հրոսակները, լիքը պետությունների գործակալներ։ Բա հենց դրա համար էլ Զատուլինի մուտքը արգելված է։ Էս մարդիկ օրերս գրվեց, որ կարգավորում են Հունգարիայի հետ հարաբերությունները․ դա այն երկիրն է, որը հանձնել էր հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին։ Դե որ ադրբեջանցիներն արդեն ՔՊ-ի եղբայրներն են, Հունգարիայի հե՞տ ինչի խռով մնանք։ Էնպես որ, Զատուլինի բախտը բերել է, որ Հայաստանի քաղաքացի չէ, թե չէ հիմա երևի վաղուց ջեբը պլան էին գցել ու բռնել էին։ Զատուլինի մուտքը արգելվեց, վաղը արտոնվելու է Իգոր Կորոտչենկոյի մուտքը, որին Զատուլինը տեղն էր դնում։ Այ Կորոտչենկոյին պետք է հայկական անձնագիր տալ։

Մի կարևոր բան, այնուամենայնիվ, մոռանում են այս իշխանավորները․ էդ մարդկանց հետ կապերը ձևավորվել են տարիներ շարունակ․ Նիկոլը հավերժ չէ, ՔՊ-ն հավերժ չէ, ավելին, կարծում եմ՝ շատ կարճ է այդ կուսակցության գործունեության ժամկետը, ադնառազվի տոպրակի պես։ Բայց էդ կապերը վերականգնել է պետք, ո՞նց ենք անելու։ Դուք, որ ամեն ինչ քանդում եք, հասկանում ե՞ք, որ դրանք վերականգնելու համար լիքը ժամանակ ու ջանքեր են պահանջվելու։ Դուք դա հասկանո՞ւմ եք գոնե։

Կարճ ասած՝ ՔՊ-ական պատգամավորը մի հատ շատ լավ միտք է ասել այսօր՝ քանի մենք էս խելքին ենք, պատերազմ էլ կլինի, ամեն ինչ էլ կլինի, կպարտվենք էլ։ Այդ խելքը մեզ հասցրել է այս օրվան։ Հայաստանն ուղիղ քայլելով ու շատ արագ գնում է դեպի թրքացում։ Նիկոլն էլ ասում է էնքան արագ է գնում էդ գնացքը, որ չեմ կարող կանգնեցնել։ Այս ամենը կործանարար են։ Քայքայվել են այն երկրները, որտեղ արկածախնդիրները իշխանության են եկել։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ