24 10 2022

«Կարճ ասած»․ Վտանգավոր խաղ․ Փաշինյանը վերջնականապես «գցում է» ռուսներին և արցախցիներին



 

Այս թեմային հաճախ եմ անդրադառնում, որովհետև սա Հայաստանի ու գլխին կանգնած բոլոր աղետներից ամենաաղետալին է և այն կարող է շատ շուտ իրականություն դառնալ։ Արդեն շուրջ 20 օր է, ինչ բացահայտվել է այն գաղտնի ու խիստ վտանգավոր փաստաթուղթը, որը Նիկոլ-Ալիև բանակցությունների հիմքում է և որը ենթադրվում է հենց «խաղաղության պայմանագիր» կոչվածն է։ Այն կազմվել է Վաշինգտոնում՝ սեպտեմբերի վերջին Գրիգորյան-Հաջիև հանդիպման արդյունքում։ Հայաստանի իշխանությունները, որ հազար ու մի խողովակներով հերքում են այն ամենը, ինչ իրենց դուր չի գալիս, այդ փաստաթղթի որևէ տող չեն հերքել, ինչը եզրակացնում ենք, որ իրական է։

Փաստաթղթի ամենավտանգավոր կետը, սահմանագծումից ու սահմանազատումից առաջ, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումն է․ Արցախի մասին գրված է, թե․ «Ադրբեջանի կառավարությունը կառաջադրի ներկայացուցիչ, ով կաշխատի համանման ներկայացուցչի հետ՝ նշանակված ԼՂ-ի Հայկական էթնիկ համայնքի կողմից՝ ԼՂ - ի բնակիչների իրավունքների և անվտանգության քննարկումեր անցկացնելու համար: Կողմերը կշարունակեն դիտարկել միջազգային դիտորդի հնարավոր կարգավիճակը, առանց Ադրբեջանի ինքնիշխանություն միջամտության՝ նպատակ ունենալով ապահովել վստահություն ԼՂ- ում ապրող ազգային փոքրամասնության խմբերի պաշտպանության նկատմամբ»: 

Արցախն այս կետով ամբողջությամբ հանձնվում է Ադրբեջանին. Ըստ էության, այդ հարցը չի էլ քննարկվում, այդ թղթով Արցախն արդեն Ադրբեջան է, ուղղակի տեխնիկական բաներ են համարում ներկայացուցիչների ընտրությունը որպես Ադրբեջանի քաղաքացի՝ էթնիկ փոքրամասնություն, պետք է  Արցախի բնակիչները ընտրեն ներկայացուցչի, որը կբանակցի իրենց իրավունքների համար։ Պետք է քննարկեն, թե ինչ իրավունքներ են ունենալու արցախցիները Ադրբեջանում՝ որպես ազգային փոքրամասնություն։

Այս պաշտոնական փաստաթուղթը քննարկել ու ընդունել շտապում են թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը, թե՛ միացյալ Արևմուտքը․ Փաշինյանը, ինչպես երևում է, ավելի է շտապում արագ գլուխ բերել այդ փաստաթղթի ստորագրումը։ Հայկական կողմն էր առաջարկել նոյեմբերին կայանալիք հաջորդ հանդիպումը տեղափոխել հոկտեմբեր ամիս։

Այդ բանակցությունների ու փաստաթղթի մասին, վստահաբար, քաջատեղյակ է Ռուսաստանը․ հենց ռուսական տելեգրամյան ալիքները գաղտնազերծեցին այն՝ հավանաբար նպատակ ունենալով հայ ժողովրդին տեղեկացնել, որ ժողովուրդ, ձեր թիկունքում Փաշինյան-Ալիև գործարք է գնում, խաբարե՞ք, համաձայն ե՞ք։

Ռուսական ալիքները հայտնում են, որ, ամենայն հավանականությամբ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն Ռուսաստանում և եռակողմ բանակցություններ կվարեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ և միջնորդությամբ։ Հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում կամ Սոչիում, հնարավոր է՝ հոկտեմբերի 31-ին։

Ռուսաստանը, բնականաբար, գոհ չէ այսօրվա բանակցային թղթից, որով «Ղարաբաղը ամբողջությամբ դառնում է Ադրբեջան և վերջ»․ նա իր շահերն ունի իհարկե, որն այս պահին նաև համընկնում է Հայաստանի ու հատկապես արցախցիների շահերին։ Ռուսաստանն է Արցախի անվտանգության երաշխավորն այս պահին, իսկ այս «խաղաղության պայմանագիր» կոչված իրականում վերջնական կապիտուլյացիայից հետո, ուզի չուզի պետք է զորքերը դուրս բերի Արցախից, արցախցիների անպաշտպանության մեջ հայտնվելու հեռանկարով։ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ կազմակերպած այս հանդիպումը պետք է դիտել այդ համատեքստում։ Հայաստանն ինքը հայտարարում է, որ արցախցիները պետք է այլևս հույս չդնեն Հայաստանի վրա, Արցախի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, ինչ ուզում են թող անեն։ Փաշինյանական Հայաստանը ի վիճակի չէ պաշտպանել։ Բա եթե Ռուսաստանն է, զորքերն էլ դուրս է բերում, ուրեմն մնում են արցախցիները առանց անվտանգության երաշխավորի։ Ի՞նչ է արդեն ապրելու են որպես Ադրբեջանի քաղաքացի, այսքանից հետո։

Հնարավոր է՝ Ռուսաստանը ևս մեկ անգամ ներկայացնի խաղաղության պայմանագրի իր տարբերակը, որը, համաձայն տարբեր գաղտնազերծումների, նվազ կորուստներով է, քան արևմտյան տարբերակը։ Կորուստներն էլ եթե մի կողմ ենք դնում, արցախցիների պաշտպան զինուժ է մնում, կարգավիճակի հարցը չի փակվում, մնում է հետագայում լուծվելու։

Բնականաբար, Նիկոլն էլ, Ալիևն էլ կգնան ՌԴ նախագահի առաջարկած հանդիպմանը, կմասնակցեն՝ կարծում եմ, զուտ քաղաքավարությունից ելնելով, սակայն հատու՛կ բան չեն պայմանավորվի, քանի որ արդեն իսկ պայմանավորվել են Վաշինգտոնում, հետո Պրահայում, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ ինքն է խնդրում արագ հասցնել ավարտին։

Այնուհետև կգնան Բրյուսել ու կստորագրեն միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու շուրջ պայմանագիրը, Ադրբեջանին կհանձնվի Արցախը սրանով։ Իհարկե՝ այնտեղ ոչ ոք չի մտածում Արցախի ժողովրդի անվտանգության, իրավունքների, ինքնորոշման մասին, ոչ ոք չի մտածում՝ սկսած Փաշինյանից, վերջացրած Արևմտյան «բոսերով»։ Իրենք իրենց աշխարհաքաղաքական հարցերն են լուծում, ու դա լինելու է մեր ժողովուրդների տառապանքի, արյան հաշվին։

Անգամ հայտնի չէ, թե Ղարաբաղն Ադրբեջանին թողնելուց հետո Հայաստանից ինչ են հանձնելու Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ «Հավաստի աղբյուրի» անվան տակ թաքնվելով՝ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում գրվել է, որ բանակցում են 1919-20 թվականների քարտեզների շուրջ, որով Հայաստանի տարածքը զգալիորեն փոքրանում է։

Այսպիսով, «խաղաղության» արդյունքում Հայաստանը ոչ միայն դուրս է գալիս անդառնալի կորուստներով, նաև փոխում է արտաքին քաղաքական վեկտորը դեպի Արևմուտք։ Սա նշանակում է վե՛րջ ՀԱՊԿ-ում Հայաստանի գործունեությանը, վե՛րջ ԵԱՏՄ-ում Հայաստանի գործունեությանը, վե՛րջ Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազաներին՝ իրենց բոլոր վտանգավոր հետևանքներով։ Բոլորն են հասկանում, որ այսօր Հայաստանի սահմանների զգալի մասը պաշտպանում են ռուսները, Հայաստանը պարզապես չունի այդ հնարավորությունը՝ թե՛ ռազմատեխնիկական, թե՛ մարդուժի առումով, և եթե Նիկոլ Փաշինյանը մտածում է, թե «խաղաղության պայմանագրով» ապահովագրված ենք Ադրբեջանի ու Թուրքիայի սադրանքներից, չարաչար սխալվում է։

Կարճ ասած՝ Սա ամենավտանգավոր բանն է, որ արվում է մեր երկրի հետ։ Հիշենք, որ Նիկոլ Փաշինյանը պատգամավորական գործունեության առաջին իսկ օրից դեմ է հանդես եկել թե՛ ՀԱՊԿ-ին, թե՛ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը ու անգամ նախագծեր է բերել այդ կազմակերպություններից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ։ Վարչապետ դառնալով՝ ստիպված էր այլ բան ասել պաշտոնապես, սակայն «տակից» նա կարողացավ աշխատել և հասնել իր նպատակին, իհարկե՝ Արցախի հանձնելու ու Հայաստանի անվտանգությունը թուլացնելու գնով, հավատալով արևմտյան գեղեցիկ փաթեթավորված ստերին։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ