Այսօր կառավարության՝ եվրոռեմոնտ արվելու համար փակված մուտքի մոտ բողոքի ցույց էին անում «Փեթակ» առևտի կենտրոնի աշխատողները։ Ասում են՝ «Փեթակը» փակ է, չենք կարողանում աշխատել, կլիենտ, հացի փող և այլն։ Գնում ես նկարելու, թե բա բա մեր ակցիան քաղաքականության հետ կապ չունի, մեզ մի նկարեք։ Համացանցում էլ մարդիկ կոտորվում են, քննադատում են, թե Նիկոլը Արցախ է հանձնում հիմա, դուք դրել եք ձեր դախլի մասին եք մտածում։ Եկեք խնդիրները տարանջատենք, բաժանենք ու ամեն մեկի բաժինը հասկանանք։
Այո, Արցախ պետությունը վարի է գնում ամեն օր, Նիկոլ Փաշինյանը Արցախը առանց օֆ անելու հանձնում է։ Վերջին մի տարում բազիմցս հայտարարել է, որ Արցախը Ադրբեջանի կազմից դուրս լինելու ո՛չ տեսական, ո՛չ գործնական, իր համար ու պատկերացնելով՝ տարբերակ չկա։ Երկու օր առաջ Ազգային ժողովի ամբիոնից նույնը հայտարարեց, դրանից առաջ էլ հայտարարեց, որ իրենց հետաքրքրում է միայն արցախցիների անվտանգությունը, ոչ թե կարգավիճակը։ Գնաց Պրահա, հանդիպեց իր գործընկերներին, ջան-ջիգյար արեց, թուրք-ադրբեջանցի եղբայրների ձեռքը ժամերով սեղմեց։ Այդ ամենի արանքում Ալիևը լրագրողներին ասում է՝ «Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են, և մենք կորոշենք՝ երբ և ինչպես նրանց հետ խոսել։ Որևէ երրրորդ երկիր մեզ չպետք է ասի, թե ոնց խոսենք»։ Դրանից հետո հանդիպեցին Փաշինյանն ու Ալիևը, հետո, ավելի ուշ, էլի հանդիպեցին և հայտարարություն տարածվեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են իրար տարածքային ամբողջականությունը և այլն։
Հայկական կողմից լսե՞լ եք որևէ տեսակետ, որ այն, ինչ ստորագրել են Պրահայում Փաշինյան ու Ալիևը կամ այն ամենը, ինչի շուրջ հայտարարություն են տարածել, Արցախին չի վերաբերում, դա այլ թեմա է։ Ոչ մեկս չի լսել, միակ բանը, որի մասին հայտարարել է Հայաստանը ներկայացնողը, կոմունիկացիաների բացման չընդունված առաջարկն է եղել։ Այսինքն, Ալիևը ասում էր այն ինչ իրականությու՞նն էր, Փաշինյանը Ալիևի հետ Արցախի, այնտեղի ժողովրդի, հայերի մասին խոսք անգամ չի փոխանակել, պատկերացնում ե՞ք։ Արցախի ժողովուրդ, իբր նախագահ կոչվող Արայիկ Հարությունյան, Դավիթ Բաբայան, Արտակ Բեգլարյան, Վիտալի Բալասանյան, գեներալ Օգանովսկի և այլ՝ Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Ալիևն ասել ա, որ դուք բոլորդ իր քաղաքացիներն եք։ Արցախի քաղաքացի չեք, Հայաստանի քաղաքացի չեք, Ադրբեջանի քաղաքացի եք ու ինքը կորոշի՝ ձեզ հետ երբ խոսել ու ոնց խոսել։ Դուք ի՞նչ եք անում, ինչո՞վ եք հիմա զբաղված։ Նիկոլը պայմանավորվել ա, գնացել-խոսել ա, մեկդ չի ուզո՞ւմ հարցնել՝ արա Նիկոլ, էս մեզ հանձնի՞ր։
Արցախի Անվտանգության խորհրդի նիստ է լինում, հայտարարում են, թե՝ կարևորում են Նիկոլ-Ալիև շփումները, որի ժամանակ Նիկոլը ներկայացնում է բանակցություններից մանրամասներ, Արայիկն էլ ներկայացնում է Արցախի իշխանությունների դիրքորոշումը։ Արցախի ժողովուրդ, էս ի՞նչ մոլորության մեջ եք դուք։ Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղում ու ասում է՝ ՀՀ իշխանությունները քանիցս հավաստիացրել են, որ առանց մեզ հետ քննարկելու և Արցախի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու՝ Արցախին առնչվող որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու: Ի՞նչ ստորագրվել, մարդն ասում ա՝ ի՞նչ ստորագրեմ, դուք իմ քաղաքացիներն եք, Նիկոլն էլ ասում է՝ ընդունում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հերիք չէ՞ ձեզ խաբեք։ Էդ որ նստած՝ տեքստերը պաթոսախեղդ եք անում, դրա փոխարեն քա՞նի հարց եք ուղղում Նիկոլին։ Հայաստանում Արցախի ներկայացուցչությունը ինչի՞ համար է, ներկայացուցիչն ինչո՞վ է զբաղված։ Կրկնում եմ՝ թողեք պաթոսային կենացները, երբեք գրառումներով հարց չի լուծվել, դուք ինձանից լավ գիտեք։ 1988 թվականին էդ եղանակով ա՞ լուծվել, հիմա էլ այլ կերպ չի լուծվելու։ Մարդիկ ոտքի են կանգնել ու քշել են ԼՂ իշխանություն կոչված Բաքվի դրածոներին և լուծելեն հարցը։
«Փեթակ» առևտրի կենտրոնը փակել են, աշխատողները ցույց են անում, ասում են մեր բուդկեն, մեր դախլը մեզ տուր․ ձեր երկիրը, հայրենիքը հանձնում են, դուք բողոք չունե՞ք։ Հարցս վերաբերում է բոլոր նրանց, ովքեր հենց այս պահին Արցախում են ապրում, քաղաքացի են՝ նախագահից մինչև գեներալ ու նախկին պաշտոնյա։
Համացանցը նայում ես, սաղ ասում են՝ ո՞ւր ա ընդդիմությունը, նկատի ունեն ստեղի ընդդիմադիր գործիչներին։ Հայաստանի ընդդիմությունը երկու տարի ոտքի վրա պահանջում է, այս գարնանը գիշեր-ցերեկ պահանջում էր, էլ բան չմնաց, որ չարեց, փոխանակ դուք էլ ձեր մասով անեիք, Արայիկն ասում էր՝ ինձ Հայաստանի իշխանությունը վստահեցրել է, բլա-բլա-բլա, նստում մնում էիք տեղներդ։ Տեսա՞ք ոնց է վստահեցրել։ Արցախի հայություն, ձեզ համար նորմալ ա՞, որ Նիկոլը ձեզ հանձնել ա, որ ամեն օր ձեր անձնագրի վրա մի տառ փոխվում է ադրբեջաներենով։ 30 տարի սարքել եք Արցախը, կայացրել պետություն իր բոլոր ինստիտուտներով, որ էսօր նստած նայեք, թե ոնց է Արայիկը ձեզ համոզում, որ ամեն բան նորմալ ա։ Ստեղ, ընդդիմությանը մեռանք քննադատելով, ասում ենք՝ ուրե՞ք, ինչե՞ք անում, ինչի՞ չեք կարողանում հասնել նրան, որ Նիկոլին հեռացնեք՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների, երկրորդ հայկական պետության մնալու, բա լավ, դուք բան չունե՞ք ասելու ձեր ճակատագիրը վստահած Նիկոլին։
Իհարկե, էնպես չէ, թե էս անտարբերության մեջ մենակ արցախցիներն են։ «Փեթակի» ժողովուրդ, որ էդքան լավ մտածում եք ձեր դախլի մասին, գիտե՞ք որ 2021 թվականի մայիս ամսից մինչև հիմա Նիկոլի թույլտվությամբ Ալիևը 50 հազար հատ «Փեթակի» չափ տարածք ա հանձնել Հայաստանից։ Ձեզանից քա՞նիսն են ոտքի կանգնել․ ոտքի կանգնողներ եղել են, բայց՝ չնչին թվով մարդիկ։ Ձեզանից քա՞նիսն է հասկանում, որ Նիկոլը Հայաստանից էլ ա զիջում։ Վաղը ընդդիմությունը դուրս գա փողոց, էլի նույն մարդիկ չեն գնալո՞ւ հետևներից։ Սա լավն ա, նա վատն ա, սա հին ա, նա նոր ա․ ժողովուրդ, կարևորը հարթակում գտնվողը չէ, կարևորը թեման է, գաղափարը։ Էրդողանին ասում են ոնց եք Հայաստանի հետ հետայսու շարժվելու, պատասխանում է՝ ոնց մինչև հիմա, այսինքն՝ բայրաքաթարերով, կոտորելով։ Սա ձեզ ինչ-որ բան չի՞ հուշում։
Էսօր Ալիևը ի՞նչ է հայտարարել, լսել ե՞ք, Ադրբեջանի ազգային գաղափարը Ղարաբաղն ու Զանգեզուրը վերականգնելն է։ Ասում է՝ առաջ նպատակ ունեինք «վերադարձնել», հիմա՝ վերականգնել։ Նիկոլը ի՞նչ է պայմանավորվել Հայաստանի տարածքների մասով։ Նախկինում կասեինք՝ երազի որքան ուզում ես, բայց հիմա իր երազանքը գծում է որպես քարտեզ, տալիս Նիկոլին ու ասում դե առ կատարի։ Սյունիքի բնակիչներ, Նիկոլի թույլտվությամբ Ալիևը Զանգեզուրը վերցնելուց է խոսում, դուք ի՞նչ եք անում, բացի Սիսիանում, Իշխանասարում ՔՊ թեկնածուին քվեարկելուց կամ մերժելուց։ Դուք անտարբեր եք, դրա համար էլ «Փեթակում» առևտրով զբաղվողն ասում է՝ դե որ տենց, ա շուկաս բացեք, ես էլ գնամ իմ առևտուրն անեմ։ Նա չի մտածելու սահմանների մասին, քանի դեռ սահման չի դարձել Երևանը, որովհետև համատարած անտարբերություն ու բթացում է։ Նրանց համար մեկ է՝ Փեթակը Ալիևն է փակել, թե Հայաստանի իշխանությունը։
Կարճ ասած՝ Երբ 1988 ին սկսեցին հայերի ջարդերը Ադրբեջանում, Ղարաբաղում այն ինչը առաջինը արվեց, հեռացրեցին այն ժամանակվա ԼՂԻՄ ղեկավարին՝ Կևորկով, եթե չեմ սխալվում։ Ոչ մեկ չէր նստում, գլուխը կախ լսում, թե այդ ադրբեջանցին ինչ խոստումներ է տալիս տեղի հայերին․ հեռացրեցին, որ տեսնեն ինչ են անում․․․ Հետո նոր այդ պայքարին միացավ Հայաստանը, ու գործը ստացվեց։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը