30 09 2022

«Կարճ ասած»․ Ո՞ւմ է ամենաշատը խաբել Փաշինյանը



 

Օրերս կառավարության դիմաց բողոքի ցույց էին անում Արմավիրի մարզի խաղողագործները։ 10 օր առաջ մեկ այլ՝ Արարատի մարզի խաղողագործներն էին նախազգուշացրել, որ մթերման սեզոնն է, չունեն պայմանագրեր, 100 դրամ է մթերման գինը, ինչը ինքնարժեքի չափ է, էժան է, պատրաստվում են փողոցներ փակել։ Հանդիպել էին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, ու նա, ըստ իրենց, խորհուրդ էր տվել այգիները վաճառել հարուստներին, գալ Երևանում 300 հազար դրամով աշխատել։ Իհարկե՝ կատարյալ հիմարություն է, երբ գյուղատնտեսությունը համակարգող նախարարն է ասումայն նախարարը, որը վերջերս էլ կառավարության նիստում ասում էր՝ մոտենում են ժամանակներ, երբ աշխարհում ահավոր գնաճ է և գրավիչ է դառնալու գյուղատնտեսությունը, բոլորին խորհուրդ էր տալիս՝ ով հող ունի՝ մշակի։ Հիմա էլ ասում է ով հող ունի՝ վաճառեք։

Կառավարությունը գյուղացուն ասում է գնա հող մշակի, բայց ոչինչ չի անում, որ մարդը նման ցանկություն ունենա։ Մեկ տարի առաջ կառավարության նիստում նույն մարդիկ առաջարկում էին, որ պետք է բոլոր նրանց, ովքեր հողը չեն մշակում, պատժեն։ Այսինքն, ոչ թե օգնեն մշակի, այլ՝ պատժեն։ Իսկ որ նախարարը մեր տված հարկերից ստանում է բարձր աշխատավարձ, պարգևատրվում է, երթևեկում է շքեղ մեքենայով, բայց իր գործը նորմալ չի անում, ամբաղ-զամբաղ խոսում է, ինչպե՞ս վարվել նրա հետ, մտրակե՞լ։

Քերոբյանի ասելիքն էն է, որ գյուղացին իր հողը ծախի, ՔՊ-ական օլիգարխներն առնեն, ու գյուղացին գնա նրանց մոտ աշխատի որպես բանվոր։ Որովհետև կառավարություն գոյություն չունի։

Մարդուն պետք է խրախուսես, որ զբաղվի հողագործությամբ։ Ի՞նչ արեցին սրանք, եկան-չեկան դադարեցրին սուբսիդիաները, որոնք տրամադրվում էին հողի մշակման համար, պարարտանյութի համար, դիզվառելիքի համար, սերմացուի համար։ Հետո բերեցին իբր անտոկոս վարկեր տվեցին ու չհսկեցին, թե ինչ է լինում հետո։ Մարդիկ վերցնում էին էդ վարկերն ու պարտքերն էին փակում։ Հիմա դա էլ դադարեցրին վարկ տալը, իբրև թե չենք կարողանում վերահսկել։ 60 մլն դոլար պետությունը հավայի ծախսել է, փոշիացրել է։

Ու հիմա գյուղացիները հավաքվել-եկել են կառավարության մոտ, էլի տեսան չի լինում, իրենց հարցը չլուծվեց, թիվ 1 սուտասանի մեդալը տվեցին Վահան Քերոբյանին, գնացին։ Քերոբյանն ինքն էր ասում՝ փորձում ենք էնպես անել, որ գյուղում ապրող մարդիկ գյուղատնտեսությամբ չզբաղվեն։ Վերջ, այսքանով ավարտվեց, մարդիկ ի վերջո հասկացան, որ առնվազն խաբվել են։

Գիտե՞ք ինչն է և՛ հետաքրքիր, և, միաժամանակ, շատ խղճալի․ ուշադրություն դարձրեք գյուղացիների բողոքի ցույցերին։ Բոլոր-բոլորը, չնչին բացառությամբ, գլխավոր բանը ասում են՝ բա 2018 թվականին ինչի՞ ենք հեղափոխություն արել, խաբվել ենք, դուք սա եք խոստացել։ Դուք, ժողովուրդ, ի վերջո, չհասկացա՞ք, որ էդ անտեր մնացած հեղափոխությունը ձեր համար չէր։ Հեղափոխությունը նրա համար չէր, որ գյուղացին լավ ապրի, բոլոր հողերը մշակվեն, իրացվի արտադրանքը․ հակառակը, նրա համար էր, որ գյուղական մշակովի հողերի թիվը կրճատվեր, որ հողերը մնար թշնամուն, գյուղացին դառնար խոպանչի։ Էդ հեղափոխությունը նրա համար չէր, որ երիտասարդությունը ունենար աշխատանք, բարձր առաջադիմություն, բարեկեցիկ կյանք, ընտանիք կազմեր․ նրա համար էր, որ երիտասարդությունը հանձնվի հողին, որ հեղափոխության արդյունքում իշխանության եկածների նպատակներն իրականացվեն։ Հեղափոխությունը նրա համար չէր, որ ունենաս կրթված հասարակություն, այլ նրա համար էր, որ բուհերի շենքերը դառնան քյաբաբնոցներ ու հյուրանոցներ։ Հեղափոխությունը պետությունը ամուր պահելու համար չէր, քանդելու, բանակը քանդելու ու պետությունը հանձնելու համար էր։ Հեղափոխություն նրա համար չէր, որ դուք ապրեք անվտանգ ու բարեկեցիք, նրա համար էր, որ բոլորդ թշնամանաք իրար ու զբաղվեք ամեն մեկդ ձեր օրվա հացը գտնելու մասին։ Հեղափոխությունը սրա համար էր, ու այս նպատակները փայլուն իրագործվել են։ Վստահ եմ՝ դուք այլ նպատակների համար եք փողոց դուրս եկել․ բայց ում բերել եք իշխանության, այդ մարդիկ անում են այն, ինչի համար եկել են․ դուք մնում եք ձեր հողի վրա, փոշու ու ցեխերի մեջ ու մնալու եք, քանի դեռ չեք հասկացել, թե ինչ է կատարվում։

Էն որ համեմատում եք, ասում եք՝ մենք հեղափոխություն էինք արել, որովհետև նախկինները մեզ լավ չէին նայում, ու հիմա բան չփոխվեց, ուրեմն ազնիվ չեք, արդար չեք։ Լիքը բան է փոխվել․ էն է փոխվել, որ էն ժամանակ ցույց էիք անում, ձեր խնդիրը լուծվում էր, հիմա անում եք ու չի լուծվում։ Էլ չեմ ասում, որ 2000-ականներին խնդիրը լուծվում էր առանց ցույց անելու։ Մարդիկ ասում էին գյուղնախարարը ո՞րն է, կարտոշկեն գցում ես՝ աճում ա, դրա համար ի՞նչ նախարար ա պետք, խաղող ես տնկում, աճում ա։ Լո՞ւրջ, բա ինչի՞ եք եկել նախարարին պահանջներ ներկայացնելու։ Որ առաջ կառավարությունն ու նախարարությունը իր տեղում էր, հարցեր էր լուծում, չէիք զգում, թե դա ոնց է լինում, գիտեիք իրեն-իրեն է։

Էս մարդիկ սննկացրել են տասնյակ հազարավոր բիզնեսներ, ի՞նչն է խանգարում, որ սննկանա մի 30 հազար գյուղացի։ Ցա՞վ են ապրելու։ Բոլորովին, իրենց փողը դրանից չի պակասելու։

Եկել բողոքի ցույց են անում ու ասում են Նիկոլը տեղյակ չէ գյուղացու խնդիրներից, չեն զեկուցում։ Այ միաիտ ժողովուրդ ջան, Նիկոլն ամեն ինչից էլ տեղյակ է ու ասում է՝ ես թույլ չեմ տալիս, որ հրաժարական տան։ Իսկ գիտե՞ք ինչու է այդպես մտածում, ասում, որովհետև էն ամենը, ինչ ձեզ հետ անում են, համարում են, որ ձեզ տեղն է։ Դուք նրանց պետք եք միայն նրա համար, որ գա համոզի, հարիֆացնի, ոտքերի տակ գառ մատաղ անեք, թե՝ եկար մեզ փրկեցիր, մեզանից մեկն ես, բայց գա ու հազար ու մի պայմանավորվածությունների արդյունքում կոտորվեք սովից ու պատերազմներից։

Ոգևորվել էին, ասում էին՝ Նիկոլն ասեց գյուղացին պետք է թուղթ ու գրիչով գնա հող մշակելու, կոստյումով ու փողկապով, խելացի անասնագոմեր, կաթիլային ոռոգում։ Ո՞ր մեկը իրականություն դարձավ․ դուք ծանրությունից կռացել եք, կուզ եք ստացել, իրենք փողկապներով գալիս ու ձեզ վրա մուննաթ են գալիս, թե ձեռք չի տալիս` ծախեք։ ՔՊ-ական դեպուտատն ասում է կովերին չե՞ք կարողանում պահել, ուրեմն էնպիսի անասուն պահեք, որ էդքան էլ խոտ չի ուտում։ Այ էդպես են վերաբերվում ձեզ։ Որովհետև գիտեն՝ վաղն էլ գան այցի, էլի կարող է գառ մատաղ անեք ոտքերի տակ։ Ի դեպ, գառ մնացե՞լ է, որքան հիշում եմ՝ էդ մատաղ անելու գյուղից 6 հազար ոչխար քշեցին տարան Ադրբեջան, Փաշինյանը էդ լուրն իմանալուց երևի ոտանավոր է գրել, որպես սփոփանք։

Կարճ ասած՝ Հայաստանում չկա խավ, գրեթե չկա քաղաքացի, որը խոստում չի ստացել այս իշխանությունից ու չի խաբվել․ հույս են տվել ու խաբել են, վարկերով խաբել են, տուգանքներով խաբել են, զինվորին խաբել են, ուսուցչին խաբել են, գյուղացուն, բանվորին, բոլոր-բոլորին։ Այդ խաբվելու արդյունքում մարդիկ կորցնում են ամեն ինչ՝ տունը, հողը, կյանքը, զավակին, ամեն ինչ։ Մենք կորցնում ենք մեր սխալվելու արդյունքում։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ