23 09 2022

«Կարճ ասած»․ Ողորմություն՝ ամենաբարձր ամբիոնից․ Փաշինյանի ելույթը



 

ՄԱԿ-ը աշխարհի ամենաբարձր ամբիոնն է, որտեղ պետության առաջնորդները օգտագործում են ելույթ ունենալու հնարավորությունը ուղերձներ փոխանցելու, իրենց երկրի տեսակետներն ու շահերն առաջ տանելու համար։ Երևի թե պատմության մեջ մի դեպք կարելի է հիշել, երբ երկրի ղեկավարը օգտագործել է այդ բարձր ամբիոնը՝ ներկայացնելու համար իր թուլությունը, թշնամու հզորությունը և խոստովանելու իր ձախողումները։ Դա տեղի է ունեցել երեկ՝ սեպտեմբերի 22-ին։ Այդպես օգտագործել թիվ 1 ամբիոնը, անհնար էր պատկերացնելն անգամ։

Ամենավատը այն չէր, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին ելույթ ունեցավ կոտրված ակցենտով ու վատ անգլերենով․ դա ոչ թե վատ չէր, այլ ուղղակի ամոթ էր ու խայտառակություն։ Ամենավատը մտքերի բովանդակությունն էր։

Նիկոլը ներկայացրեց ադրբեջանական սադրանքները, խոսեց 7600 մարդու տեղահանան մասին, վնասների մասին, ասաց, որ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր՝ հատկապես հաշվի առնելով, որ Ադրբեջանն ամեն օր խախտում է հրադադարը։ Եվ դրանով նա խոստովանեց, որ իրենք տապալել են խաղաղության օրակարգը, որը ի սկզբանե անկապ մտքերի կույտ է եղել, իրենք տապալել են դիվանագիտությունը։ Խոստովանեց, որ 2021 թվականին իշխանությունը վերազավթելու գլխավոր թեզը՝ «խաղաղության դարաշրջանը», աբսուրդ է եղել։

2018 թվականից սկսած՝ Նիկոլ Փաշինյանին ասվել է՝ հույս չունենաս, թե Ղարաբաղը հանձնելով Ադբեջանը հանդարտվելու է։ Նա սկզբից ասաց՝ ի՞նչ եք խոսում, ո՞վ, ե՞ս, Ղարաբաղ հանձնե՞մ, Ղարաբաղը Հայաստան է և վերջ, իսկ հիմա՝ դե լավ, տալիս եմ, որ խաղաղություն լինի։ Հիշեք ելույթը 2020 թվականի նոյեմբերի 10-ին բունկերից․ հայտարարեց՝ ես այս պայմանագրով խաղաղություն եմ բերել։ Բա որ խաղաղություն ես բերել, բա էս ի՞նչ ա կատարվում։ Քո այդ հայտարարությունից հետո արդեն պաշտոնապես շուրջ 300 զոհ ունես։ 2020 թվականի սեպտեմբերի 26-ին՝ պատերազմից մեկ օր առաջ, Նիկոլը նույն ՄԱԿ-ի ելույթում ասում էր՝ հուլիսյան մարտերն ի դերև հանեցին Ադրբեջանի ռազմական գերազանցության մասին առասպելը և հաստատեցին, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Իսկ հիմա նա, ով ասում էր Ադրբեջանը ծնկի է գալիս, նա, որ ասում էր Արցախը Հայաստան է և վերջ, հիմա ասում է՝ ցույց քարտեզը, որը, ըստ ձեզ Հայաստանն է, պատրաստ եք ճանաչել։ Մարդը թշնամուն ասում է՝ ինձ տուր էն քարտեզը, որն ուզում ես, դրա շուրջ խոսենք։ Էդ որ, մի երկու տարի առաջ ասում էր Արցախը Հայաստան է և վերջ, հիմա պարզվում է՝ սկի Հայաստանը Հայաստան չէ։ Սակարկության դաշտ է մտնում։ Ու պարզվում է՝ սկի մեր երկրի ճիշտ չափն էլ չգիտի, վիքիփեդիայից տվյալ է հանել կարդում։

Էս մարդն ասում է՝ Ադրբեջան, ասա որն ես ուզում, տամ, մնացածի վրա իմ անկախություnը ճանաչի։ Կամ ի՞նչ է նշանակում ես կճանաչեմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ո՞ր տարածքները դու նկատի ունես դա ասելով։ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ում պարզ ասում է, որ արդեն Ադրբեջանի տարածքային պահանջները մեծացել են, այլևս շատ տարածք է ուզում։

Էն Էդմոնն ասում էր Աղավնոն ու Բերձորը տալիս է, որ Զանգեզուրի մջանցք չտա, ու էսօր մենք տեսնում ենք, որ Նիկոլի լռուռ համաձայնությամբ Ադրբեջանը բացում է էդ միջանցքը։ Մարդը ասում է՝ քո ուզած քարտեզը բեր, դրա շուրջ քննարկենք։

Գերիների ծնողներ, բա եկեք հարցրեք Նիկոլ, գնացիր ՄԱԿ հասար, ինչի՞ մեր տղերքի մասին չխոսեցիր․ կես բերան ասացիր չի վերադարձնում ու վերջ։ Մի տող էր ընդամենը գերիների մասին։ Մի տեղ էր տեղահանվածների մասին, այն էլ՝ վերջին՝ սեպտեմբերի 13-ին սկսած պատերազմի վերաբերյալ։ Չխոսեց, թե ինչպես հենց ինքը տեղահան արեց Սուսի, Աղավնոյի, Բերձորի բնակիչներին։

Առաջին անգամ ՄԱԿ-ում Հայաստանը ներկայացնողը չխոսեց Արցախի ինքնորոշումից, անկախությունից, խոսեց ընդամենը ԼՂ-ում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության մասին։ Ասում է՝ դու Արցախում ապրող հայերին տուր անվտանգություն, մնացածը ինչ ուզում ես արա։ Ոչ մի խոսք էն մասին, որ Ղարաբաղի հարցը կարգավորված չէ։

Ոչ մ բառ Թուրքիայի մասին, որոնք սպառնում էին մեզ այդ թվում՝ ՄԱԿ-ից։ Անկապ խայթոցներ Ռուսաստանին։ Հայաստանի ղեկավարը ՄԱԿ-ի ամբիոնից ասում էր, որ իմ երկրի անվտանգության հերն անիծել եմ, ես չեմ կարող պաշտպանել Հայաստանը, եկեք պաշտպանեք, ռազմավարական գործընկերոջը քցում է ու գործընկեր է ման գալիս։

Ելույթի ամենաաբսուրդային հատվածներից մեկը ժողովրդավարության վերաբերյալ լոլոներն էին, մանավանդ երբ դրանից առաջ ողջ աշխարհի աչքի առաջ Եռաբլուրում իշխանությունը ցույց տվեց Հայաստանի ժողովրդավարության դեմքը։

Կարճ ասած՝ Հայաստանի ղեկավարը ՄԱԿ-ի ամբիոնում շատ խեղճ էր։ Միշտ նախագահները գնացել են, հաղթող, խոսել են վստահ, բաց ճակատ․ սա գնաց մուրացկանի կարգավիճակով՝ ներկայացնելու այն մասին, թե ինչքան թույլ է ինքը։ Հայաստանը ՄԱԿ-ից ողորմություն էր խնդրում, ընդ որում՝ հստակ իմանալով, որ ՄԱԿ-ում ելույթից բացի այլ բան տեղի չի ունենում, գործողություն չի հաջորդելու։ Ես կարծում եմ, մեզ ոչ միայն ճիշտ ղեկավար է պետք որ պատերազմում իմանա ինչ է անում, այլ առաջին հերթին բանակցող, ճիշտ տեղը ճիշտ բան ասող ղեկավար է պետք, չպարտված ղեկավար է պետք, այ այդ ժամանակ կիմանանք թե ինչ է հնարավոր անել, որքանը ու ինչ գնով փրկել։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ