Նախ երկու կարճ արձանագրում այսօրվա խորհրդարանից․ Փաշինյան վարչապետի խորհրդական Աննա Վարդապետյանը այսօր որպես գլխավոր դատախազ երդվեց առաջնորդվել օրենքներով։ ՔՊ պարագլխի ենթական պետք է լինի անաչառ․ այլ պարագայում կասեինք՝ թե որքան անաչառ կլինի, ցույց կտա ժամանակը, հիմա վստահ ենք, որ ժամանակը ոչ մի նոր բան էլ ցույց չի տա։ Ինչպես ցույց չտվեց ՄԻՊ-ի դեպքում։
Այսօր խորհրդարանում իրենց կոտորեցին ՔՊ-ական պատգամավորները՝ ցույց տալով, որ իրենք իրենց քաղաքական առաջնորդի արժանի զավակներն են։ Եթե ոստիկանությունը լավ է նայել որոշ պատգամավորների այսօրվա պահվածքը, ուրեմն պետք է «կանեփ-կակաչ» ծրագրի շրջանակներում մտնի խորհրդարան։ Այլ բան, չեմ առաջարկի։ Խոսքը բոլորի մասին չէ, բայց որ ահագին մարդ կարող եք ձերբակալել, դա հաստատ։
Գլխավոր ասելիքս վերաբերելու է երեկվա, կարծում եմ՝ կարևոր գործընթացներին։ Մենք վաղուց սովոր ենք, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հայտարարություններ անի, հետո ատկազ կանգնի, թե բա՝ ես էդպես չեմ ասել։ Այնքան շատ է եղել, որ կարելի է մի քանի հաղորդում պատրաստել։ Սեպտեմբերի 14-ի բեմադրված հարցուպատասխանում բառացիորեն Փաշինյանն ասում է հետևյալը․ «Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել»։ Սա իր ուղիղ խոսքն է։ Շարունակում է, որ շնորհակալ կլինի, եթե դրա արդյունքում ՀՀ-ն 29․800 քառակուսի ԿՄ-ով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Այսքանից հետո, այս խոսքը, բնականաբար, մարդկանց նյարդայնացրեց, նա արդեն մի բան ստորագրել է, որի համար ասում են դավաճան, հիմա էլ՝ երկրորդը։ Մարդը բաց ասում է՝ ժողովուրդ, դավաճանություն եմ անելու, հը՞, ի՞նչ կասեք։ Փաշինյանի խոսքից կարևոր բան էիր հասկանում՝ ինչ կատարվեց այս օրերին սահմանին, ծրագրված էր՝ այդ թղթի համար։ Հետո, երբ զայրացած ժողովուրդը դուրս եկավ փողոց, Փաշինյանը սկսեց նահանջել ու արդարանալ, թե բա իմ խոսքը աղավաղել են, մամուլն է մեղավոր։ Ու չնայած, որ իր լայվում էլ նույնը կրկնեց, հետո ստիպեց, որ ԱԱԾ, ՊՆ ընկնեն քաղաքական ենթատեքստի տակ։ Անկեղծ եմ ասում, չեմ նախանձում այդ պաշտոնյաներին, որոնց այդ հարցերով զանգում է Նիկոլը, իրոք մեղք են։
Նիկոլ Փաշինյանը ստիպեց մարդկանց փողոց դուրս գալ։ Գիտե՞ք, 2020 թվականի պատերազմի օրերին արդեն մի պահի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ հասունացավ, երբ շատերը հասկացան, որ սա պլանավորված պարտության է տանում։ Այդ ժամանակ մարդիկ սկսեցին հրաժարական պահանջել, բայց մի մասն էլ սկսեց մեղադրել, թե հիմա, երբ պատերազմի մեջ ենք, համախմբվենք, ներքին խժդժություն չի կարելի թույլ տալ։ Առավել սթափ դատողներն ասում էին՝ քանի այս ղեկավարությունն է, պատերազմում ոչ միայն չես հաղթելու, պարտվելը շատ արագ է լինելու, ու ավելի լավ է հանել, փոխել, հնարավոր աղետից փորձենք խուսափել։ Նույնն էլ հիմա է, քանի այս ղեկավարությունն է, պատերազմում անհնար է հաղթել, պահել և պնդում էին, որ պետք է փողոց դուրս գալ՝ առանց սպասելու ռազմական գործողությունների ավարտին։ Երեկ Փաշինյանն ինքը իր ելույթով մարդկանց հանեց փողոց, բայց և հրադադար եղավ։ Ընդ որում, դուրս եկան փողոց ոչ միայն Երևանում, նաև Գյումրիում, Ստեփանակերտում, Լոս Անջելոսում։
Ժողովրդի երեկվա հանրահավաքը առավելապես ինքնաբուխ էր, չկար կազմակերպիչ։ Մարդիկ հավաքվել էին և ասում էին՝ վճռական ենք և պետք է հասնենք Փաշինյանի հրաժարականին։ Մի պահ անգամ փախած էր իշխանությունը, ասում են՝ վարչապետն ու ԱԺ նախագահը բունկերից էին ուղիղ մտել։ Պատգամավորները ևս չկային։ Ժողովուրդը հավաքվել էր իշխանությանը հեռացնելու։ Հետո հայտնվեց բարձրախոս, դինամիկ, հայտնվեցին մարդիկ։ Շատ արագ հայտնվեց իրեն կազմակերպիչ հռչակած Էդգար Ղազարյանը, հայտնվեց Կարին Տոնոյանը և սկսեցին ղեկը իրենց ձեռքը վերցնել։ Բայց վերցրեցին այլ ուղղությամբ տանելու համար։ Հանկարծ սկսեցին փնտրել ընդդիմադիր պատգամավորներին, թե՝ ո՞ւր են, թող գան ստեղ։ Ընդդիմադիր պատգամավորները, պարզվեց, նույնպես ԱԺ դիմաց էին, բայց բեմում չէին։
Մինչ այս ասում էին դիմադրություն շարժումը չհաջողեց, որովհետև ելույթ էին միայն ունենում, երթ էին անում, գործողություն չկար։ Հիմա ներքևում կանգնած էին, որ այդ գործողություն պահանջողները տեսնեն ինչ են անում։ Այդ մարդիկ, որ հավաքվել էին Նիկոլի հրաժարական պահանջելու, որը ենթադրում էր հեղափոխական գործընթաց, սկսեցին պահանջել իմպիչմենթ։ Այսինքն իրավական, օրինական գործընթաց, որի մասին շատ է խոսվել։ Ու այդտեղ ամեն ինչ փչացավ։
Որևէ մեկը չասաց՝ եղբայր, իմպիչմենտը պետք է լինի ոչ թե այս գործընթացի սկիզբը, այլ վերջը, դա պետք է լիներ հեղափոխության վերջնարդյունքի արձանագրում։ Բողոքի ցույցը վարողները սկսեցին պահանջել, որ պատգամավորները անմիջապես ստորագրեն իմպիչենտի թղթի տակ։ Նրանք ասում են ժողովուրդ, մենք էստեղ ենք, մենք ստորագրում ենք, խնդիրը մենք չենք, այլ ՔՊ 18 հոգին, որովհետև իմպիչմենտի համար պետք է 53 ստորագրություն։ Ասացին՝ դուք ստորագրեք, մնացածը մենք կբերենք։ Պատգամավորներին ուղարկեցին ԱԺ, իսկ ժողովուրդը, Կարին Տոնոյանի կոչով, պետք է գնար պատգամավորների տները․ չկա որևէ փաստ, որևէ ապացույց, որ որևէ մեկը գնացել է որևէ պատգամավորի տուն․ անիմաստ էլ էր գնալը, քանի որ էդ մարդիկ, վստահաբար, իրենց տեղերում չէին։
Ազգային ժողովի դիմաց հավաքված ժողովրդի արդար ցասումը բոլորովին ուրիշ ուղղությամբ ընթացավ ոչ գրագետ ելույթների, ոչ գրագետ պահվածքի պատճառով։ Բայց ամենից կարևորը, որ բերվեց իմպիչմենտի կեղծ, գուցե այլ տեղերից թելադրված օրակարգը։ Ժողովուրդը էնտեղ հավաքվել էր Նիկոլին հեռացնելու, բայց, չգիտես ինչու, սկսեցին ընդդիմութունից պահանջել ստորագրություն, վարչապետի թեկնածուի անուն՝ մոռանալով, որ պետք է նախ Նիկոլին ճանապարհ դնել։ Երեկ, իմ տպավորությամբ, Էդգար Ղազարյանը, Կարին Տոնոյանը, ցուցումով կամ քաղաքականապես անգրագետ լինելու պատճառով, մարդկանց ցասումը տապալեցին։ Ընդդիմադիր պատգամավորները գերի էին ընկել այս մի քանի հոգու կապրիզների ձեռքին։ Տպավորություն էր, որ ոչ թե Նիկոլի հրաժարականի համար էին եկել, այլ ընդդիմությանը շանտաժ անելու, պախարակելու։ Ինձ համար անհասկանալի կերպով, պատգամավորներն էլ հնազանդվեցին, երևի՝ որ չստացվի ժողովրդի պահանջը չեն կատարում։ Պետք է ընդդիմադիր պատգամավորները, կարծում եմ, ասեին՝ պարոնայք կազմակերպիչներ, էս ի՞նչ եք անում, բա սրա՞ համար եք հավաքել էս ժողովրդին, ո՞ւր եք տանում էս գործընթացով, իմմա՞ստը։ Երբ ընդդիմությունը ԱԺ-ից դուրս եկավ, Էդգար Ղազարյանենց հաջողվել էր տասնյակ հազարավոր մարդկանց իրենց ցնդաբանություններով ուղարկել տներով՝ թողնելով ընդամենը 200-300 հոգի։
Կարին Տոնոյանը, Էդգար Ղազարյանը իրենց խոսք տվածը չարեցին, չբերեցին և ոչ մի ՔՊ-ականի ստորագրություն, անգամ այսօր առավոտից այդ ՔՊ-ական պատգամավորները երբ հանգիստ եկել էին խորհրդարան, այդ իմպիչմենտ իբր պահանջողները, չգիտես ինչու, չգնացին ԱԺ՝ պահանջելու ներսում գտնվող 18 պատգամավորից ստորագրել այդ թղթի տակ, որտեղ արդեն կար ընդդիմության 35 ստորագրություն։ Ինքնաբուխ հավաքը տապալվեց, բայց ՔՊ-ն հեչ ուրախանալու բան չունի։ Էն որ ՀՀԿ-ից թռած Գևորգ Պապոյանն ասում է պետական հեղաշրջում բան, պետք է իրավապահները գնան հետևներից, սուտ է, ոչինչ էլ իրականում տեղի չի ունեցել։ Տեղի է ունեցել ժողովրդի ցասում և ՔՊ-ի տագնապ, բունկերների համալրում։
Կարճ ասած՝ Իհարկե՝ իշխանությունը չի թաքցնում, ասում ու ցույց է տալիս, որ իրենց ցանկությունն է ընդդիմադիր հայացքներ ունեցողներին տանել սահման ու կոտորել, բայց դրանով իրենք դավաճանից հերոս չեն դառնա, իրենց միակ շանսը իրենք իրենցով այս ամենի հեղինակին հեռացնելն է, այլ տարբերակ չունեն։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը