13 09 2022

«Կարճ ասած»․ Նիկոլը մինչև վերջին հայ զինվորի կյանքը պայքարելու է «խաղաղության դարաշրջանի» համար, բայց հրաժարական չի տալու



 

Կարծում եմ՝ պատմելու կարիք չկա, բոլորդ էլ տեղյակ եք ինչ է կատարվում սահմաններին՝ սկսած գիշերվանից։ Իրադրությունը ծայրահեղ լարված է Սյունիքում, Վայոց ձորում, Գեղարքունիքում։ 44-օրյա պատերազմից հետո դարձյալ ունենք զոհեր, վիրավորներ, նյութական կորուստներ արդեն որերորդ անգամ։ Զոհերի թիվը այս պահին հայտարարվել 49 է, բայց ասում են՝ վերջնական չէ։ Ինչի՞ համար զոհ գնացին մեր տղերքը․ Նիկոլն ասում է՝ խաղաղության դարաշրջանի համար։ Նիկոլ-Ալևի պայմանավորված խաղաղությունը մեր երկրում, չգիտես ինչու, զոհերով ու տարածքային կորուստներով է։ Այն համայնքները, որոնք երկու ձեռքով «պադերշկա» են արել Նիկոլի խոստացած խաղաղության օրակարգին, նրանք են հիմա ամենից շատ վտանգի տակ։

49 զոհ ունենք, գյուղերի վրա են խփել, զորամասի են հարվածել, զինվորների ծնողները կեսմարդ դարձան, չեն կարողանում կապ հաստատել զավակների հետ, մինչև հիմա չկա անուն, ով է նահատակվել, ով է վիրավորվել։ Միայն «գերագույն գլխավորը» ասում է՝ ծնողներ, գնացեք հպարտացեք ձեր սգով։ Ձեր տղերքը զոհվել են հանուն հայրենիքի։ Բայց իրեն ձեն էին տվել, որ հանուն հայրենիքի խաղաղ ապրեն մեր տղերքը, ոչ թե էլի զոհվեն։ Դու, որ գնացել էիր ձայն ուզելու, ասում էիր ինձ ընտրեք, որ խաղաղություն լինի, չէիր աում ինձ ընտրեք, որ հանուն հայրենիքի զոհվեք։ Բայց ինչո՞ւ են զոհվում։

Բոլորիս մոտ հարց է առաջանում, չէ՞։ Օգոստոսի 30-ին հանդիպել են փոխվարչապետները, ամսի 31-ին հանդիպել են Նիկոլն ու Ալիևը, 4 ժամ, երկար բանակցել են։ Եկավ ասաց ծանր էր, պայմանավորվել են արագ սկսել խաղաղության պայմանագրի նախապատրաստող խմբի ձևավորման աշխատանքները։ Դրանից հետո անմիջապես Ադրբեջանը հարձակվում է սահմանի ամբողջ ուղղությամբ։ Ուզում ենք հասկանալ՝ բա դուք ի՞նչ եք խոսում իրար հետ, ո՞նց եք բանակցում, ո՞վ ա ում գցում, ձեր լեզվով ասած։ Իսկ միգուցե տենց էլ պայմանավորվել էիք, է՞դ էիք խոսում։

Տրամաբանություն ունեցող ցանկացած մարդու մոտ կա կասկած, որ պայմանավորվել է հանձնել գյուղեր, միջանցք տալ, բայց դա վախենում է անել և արվում է պատերազմով, որ իրեն չասեն դավաճան, ասի՝ փրկել եմ 2 մլն մարդու կյանք։ Իշխանության գործողությունները խիստ կասկածելի են։ Ու ասեմ, թե ինչու։ Տեսեք, ՔՊ-ական դեպուտատը խորհրդարանում հայտարարեց, որ մեկ շաբաթ առաջ արդեն գիտեին, որ հարձակում է լինելու և, իր ասելով, 6 ժամ քննարկել են իշխանության ներսում։ Իսկ մեկ շաբաթում դու պատրաստվե՞լ ես այդ հարձակմանը։ Ի՞նչ եք արել։ Ինչո՞վ է զբաղված եղել իշխանությունը, որը տեղյակ է եղել հարձակման մասին մեկ շաբաթ առաջ։ Ասեմ, Սուրեն Պապիկյանը մեկնեց ԱՄՆ՝ մի քանի օրով։ Այցելեց Կանզաս նահանգում գործող Սալինայի ուսումնական կենտրոն, բարձր գնահատեց համագործակցության ներկա մակարդակը Կանզաս նահանգի հետ։ Խաբա՞ր էիք։ Հետո գնաց հանդիպեց ել նահանգապետին ու հրավիրեց Հայաստան։ Հրավիրել ես Հայաստան ի՞նչ անի, եթե ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին ասում ա գնացեք Հայաստանից, վտանգավոր է։ Ու տարօրինակ կերպով, շատ նման է իրավիճակը 44-օրյային։ Էն ժամանակ էլ Դավիթ Տոնոյանը երկրում չէր, չնայած հայտարարում էին, որ գիտեին պատերազմի սկսման մասին։

Ի՞նչ էր անում Նիկոլ Փաշինյանը, որը գիտեր, որ հարձակվելու են՝ դեռ մեկ շաբաթ առաջ։ Հենց երեկ գնացել էր Աշտարակ քաղաք ու քննարկում էր Ակադեմիական քաղաքի կոնցեպտը, դե էն «Նյու վասյուկի» ծրագիրը, որով մեր բուհերը տեղափոխվելու են, իբր։ Դրանից առաջ ընդունում էր համաշխարհային բանկի տարածաշրջձանային փոխնախագահին։ Գիտեր, որ հարձակվելու են, բայց գնացել էր աշխարհի ծայր էր հասել՝ Վլադիվոստոկ, մի կերպ հավաքել էր հայ համայնքից մի քանի հոգու ու սելֆի էր անում, կենաց էր ասում, սաղ պարտության մեղքը գցում էր զինվորականների վրա։ Պատկե՞րացնում եք, գիտի հեսա հեսա թշնամին հարձակվելու ա, պատերազմա սկսելու, չի տանում չի բերում, զինվորականներին մեղադրում ա, հաթաթա ա տալիս, թե բոլորը պատժվելու են իրենց որոշումների համար։ Պատկերացնու՞մ եք մնացած բոլոր զինվորականների վիճակը։ Ժողովուրդը տեղահանվում է բնակավայրերից, սա տիեզերք թռնելու և մարսը վերաբնակցենելու մասին ելույթ էր ունենում։

Իր կինը՝ Աննա Հակոբյանը, գնացել էր Շվեյցարիա, անունը դնեմ շատ կարևոր հանդիպումների։ Բայց մեկ է, եթե դու մի շաբաթ առաջ գիտես, որ հարձակվելու են ու զբաղված ես սենց բաներով, ուրեմն ի՞նչ, կամ քեզ պես ղեկավարը վտանգավոր է անպատասխանատվության առումով, կամ սա պլանավորված, պայմանավորված սցենար էր։

Իշխանությունը տեղյակ էր, բայց ժողովուրդը տեղյակ չէր ու լեղապատառ փախչում էր, կրակահերթի տակ իջնում էր նկուղներ։

Նիկոլ Փաշինյանը եկել էր Ազգային ժողով ելույթ ունենալու։ Ի՞նչ ասաց, ո՞վ հասկացավ։ Պետության ղեկավարը եկել է Ազգային ժողով, միացնում ես, որ նորություն իմանաս, պարզվում է, որ դու իրենից շատ բան գիտես։ Չկար մի նորություն, որ պետք է իմանայինք։ Փաշինյանն ասում է՝ Ալիևը չի ուզում, որ մենք զինենք մեր բանակը, մենք էլ ասում ենք այ Ալիև, ախ չենք էլ զինում էլի։ Մեզ զենք չեն վաճառում։ Փող ունենք, զենք չենք կարողանում առնել։ Հասկանում ե՞ք դուք․ ինչքան ենք բոլոր պետությունների հետ կապերը խզել, որ փողը ձեռքներիս է, զենք չեն վաճառում։ Նիկոլն ասում է ժողովուրդ, ես զիջեցի, որ խաղաղություն լինի, բայց միշտ չէ, որ զիջումը բերում է խաղաղության։ Սա այդ դեպքն է։ Նիկոլն ասում է՝ ժողովուրդ, ես ուզում եմ խաղաղություն բերեմ, բայց Ալիևն ասում է մինչև Երևան Ադրբեջան է։ Նիկոլն ասում է՝ ժողովուրդ, քանի որ մեր տնտեսությունը լավանում է, դրա համար էլ Ադրբեջանը հարձակվում է։ Այստեղից հետևություն՝ էլ ավելի վատ եք ապրելու, որ հանկարծ թշնամին չհարձակվի։ Ասում է՝ պետք է պատրաստ լինեք հայրենիքը պաշտպանելու բոլորս։ Բայց մի շաբաթ առաջվանից քննարկում եք, որ որոշները 24 մլն դրամով թռնեն բանակից։ Ասում է՝ ես, օրինակ, քառօրյայի ժամանակ որ տեսա ոնց են մեր պետության վրա հարձակվել, չնայեցի, որ ընդդիմադիր եմ, իմ ջոկատով գնացի։ Բայց չի ասում, որ քառօրյա պատերազմի ավարտից մեկ ամիս հետո գնաց, երբ խաղաղություն էր, ոչ մի փամփուշտ չէին կրակում։ Փաշինյանը խոստովանում է ԱԺ ամբիոնից, որ իր հետ Ալիևը չի քննարկում Ղարաբաղի հարցը, ասում է՝ ես Ղարաբաղի հարցը լուծել եմ ու դա արդեն Ադրբեջանի ներքին գործն է։ Այ դրա համա՞ր Վլադիվոստոկում որ Պուտինը խոսում էր Ազգերի ինքնորոշումից, Նիկոլը չէր խոսում, երևի իր համար ընդունելի՞ է Ադրբեջանի այդ տեսակետը, թե Ղարաբաղը Ադրբեջանի ներքին գործն է։

Փաշինյանը եկել էր ԱԺ, որ ասեր՝ ինձ վրա հույս չդնեք, ես չեմ կարող ապահովել խաղաղություն, ես չեմ կարող ապահովել անվտանգություն, ես տալու եմ, որ պատերազմ չլինի, բայց չեմ երաշխավորում, որ տամ պատերազմ չի լինի։ Ես, որպես գերագույն գլխավոր հրամանատար, կարող եմ միայն հպարտանալ սգով։ Այլ բան մի սպասեք։ Ես հպարտանում եմ մեր պարտությամբ։ Նրա վրա էլ չենք դնում հույս, Պապիկյանի ՊՆ-ի վրա էլ չենք դնում հույս։ ՊՆ-ն վիդեո է գցել, որտեղ թշնամին փախչում է, ոչ ոք չի հավատում, ասում են՝ մեզ հիմարի տեղ ե՞ք դնում։ Որովհետև մենք արծրունական քարոզչություն ենք տեսել։ Թշնամին 2021թ․ մայիսին եկել-մտել է մեր երկրի տարածք, էսօր մեր երկրի տարածքից մեզ վրա է կրակում, սպանում է, սրանք ասում են՝ դե ագրեսոր է, ինչ անենք, եկեք ԱԺ-ում հայտարարություն տարածենք։ Էդ ընթացքում լիքը այցեր են կատարել, ում ասես հանդիպել են, ինչ ասես խոսել են, թանկ վոյաժներ են արել, պարգևավճար են ստացել, տներ են առել, ընդդիմադիրների են կալանավորել, բայց թշնամուն մեր հողից դուրս չեն շպրտել, ու այսօր մեզ վրա են կրակում մեր երկրի միջից։

Կարճ ասած՝ այս ամենի պաըտճառն այն է, որ մենք ունենք իշխանություն, որը պատրաստ չէ երկիրը պաշտպանելու՝ ո՛չ ռազմական, ո՛չ դիվանագիտական առումով։ Հարձակվում են, որովհետև Հայաստանը թույլ է իր ղեկավարով։ Թույլ ղեկավարով, թույլ կադրերով ուժեղ պետություն չես կարող դառնալ, դա բացառվում է։ Ինչ ցավալի է, որ այս բարդ պայմաններում, էս ծանր իրավիճակում ունենք նման ղեկավարություն։ Ժողովուրդ, Նիկոլը մինչև վերջին թիզ հողը, մինչև վերջին հայ զինվորի կյանքը պայքարելու է «խաղաղության դարաշրջանի» համար, թեկուզ եթե մեր երկրում ողջ մնա միայն ինքը։ Էս մարդկանց նպատակը աթոռը պահելն է, ու վերջ։ Ինչ պետություն, ինչ բան։ Ա-թոռ։ Սահմանին կատարվողը արտաքին, բայց և ներքին քաղաքականություն է, իմ կարծիքով։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ