Հայաստանի իշխանությունը խառը գործընթացների մեջ է, թիվ 1 բորտը գոնե մեկ օր չի կանգնում, տեղափոխում է Բրյուսել, Մոսկվա, Չոլպոն-Ատա, հիմա էլ՝ Վլադիվաստոկ։ Որ կողմ հրավիրում են՝ գնում է, կարևորը՝ կանչեն։ Կարծես թե վատ չէ, երկիրը ակտիվ արտաքին քաղաքականության աշխատանքների մեջ է, սակայն որքան շատ են այս ու այն կողմ թրչում իշխանությունները, այնքան ավելի է անհանգստանում հանրությունը։ Ոչ ոք լավ բանի չի սպասում։ Կարծում եմ՝ ոչ մի լավ բանի ակնկալիք չունեն նաև նրանք, ովքեր թրչում են այդ հանդիպումներին։ Նախ վերջի լուրը՝ որ Պուտինը Փաշինյանին հրավիրել է Վլադիվոստոկ, որտեղ պետք է տեղի ունենա ինչոր կոնֆերանս, որը մեր երկրի հետ կապ չունի։ Այնտեղ է հրավիրել։ Այդքան հեռու։ Ոչ թե Մոսկվա, այլ Վլադիվոստոկ, թե՝ արի, էնտեղ եմ լինելու, արի տեսնվենք։ Ասում են, որ այս այցը՝ եռակողմ բրյուսելյան հանդիպումից հետո, Մոսկվան կանչում է պարզաբանումներ ստանալու։ Ու, չգիտես ինչու, կանչում է Վլադիվոստոկ, սա էլ գնում է, չի կարող չգնալ։ Ինչ ասեմ, թող գնա, ես, համենայն դեպս, ավելի քիչ վտանգ եմ զգում այս այցից, քանց բրյուսելյան՝ Ալիևի հետ հանդիպումից։
Մինչ ժողովուրդը, հասարակական-քաղաքական դաշտը պաշտպանվում է ամառվա շոգից, Հայաստանի թշնամիներն ու նրանց հայ ընկերները ձեռքները ծալած չեն նստում։ Թուրքիայի, Ադրբեջանի հետ ակտիվ բանակցություններ են, ու, դատելով լուսանկարներից, թշնամի պետությունների ներկայացուցիչների ելույթներից, մեր կողմի լռությունից, Ադրբեջանի համար ամեն բան փայլուն է։ Որքան էլ ինձ համար ծայրահեղ անընդունելի կերպար է Նիկոլ Փաշինյանը, միևնույն է՝ ցավալի էր տեսնել Ալիևի հեգնական ժպիտը, և Նիկոլի կուչ եկած տեսքը։ Ղեկավարի այս կուչ եկած տեսքը ազդում է նաև ժողովրդի վրա։
Հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները։ Նիկոլ Փաշինյանը, որ մինչ այս ասում էր՝ ինչ լինի, ինչ տարբերակ քննարկենք, գալու եմ Հանրապետության հրապարակ, հավաքեմ ժողովրդին ու հարցնեմ ինչ անեմ, հիմա ընդամենը կառավարությանը հավաքում է ու ասում՝ ծանր բանակցություններ են, այլ ասելու բան չունեմ։ Խոստանում էր հաշվետու լինել։ Որովհետև դրանից առաջ ասել էր՝ այ քեզ բան, ինչ ուզում բանակցում ենք։ Իսկ ինչո՞ւ Փաշինյանը հանդիպումներից հետո անկեղծ չի ասում ինչ կա, Ալիևից ենք իմանում։ Պարզ պատճառ կա․ ենթադրում եմ՝ որ ի վնաս մեզ է։ Ձեր կարծիքով, եթե մի պստլիկ հաջողություն ունենար, քա՞նի օր գովազդ կաներ։ Սրանք փիարի էնպիսի վարպետ են, որ մի հատ ստից բանն անգամ, օրինակ՝ ԱԺ դարպասների բացումը, սարքեցին միջազգային ժողովրդավարության հաղթանակ ու հետո այդ դարպասների փակումն էլ պարզաբանեցին, որ փակում ենք, որպեսզի ժողովրդավարությունը մնա ներսում։ Գերիների հարազատներ, էն որ Գյումրու ճանապարհը փակել էիք ու ասում էիք ընդդիմությունն ա մեղավոր, որ Նիկոլը մեր երեխեքին չի կարողանում բերի, էն որ եկել էիք մի քանի օր առաջ կառավարության դիմաց ու ասում էիք լրագրողներն են մեղավոր, իմացեք, որ ձեր Նիկոլը իր Ալիևի հետ հանդիպմանը մեր տղերքի մասին ծպտուն չի հանել։
Չնայած Փաշինյանը բանակցություններից ոչինչ չասած, բայց մեր բախտն այնքան է բերել, որ ունենք շատախոս թշնամի․ Ալիևը շատ բաց խոսում է, թե ինչի շուրջ են բանակցում ու ասում է, թե ինչ են ստանալու իրենք այդ գործընթացի արդյունքում։ Այսպես կոչված խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է Ադրբեջանի օրակարգով, նրանց ուզածով, իրենց սրտով։ Բանակցությունների հիմքում 5 կետ է, 5-ն էլ առաջարկել է Ադրբեջանը, Հայաստանը 5-ն էլ ընդունել է։ Առաջի երեք կետերն են՝ երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչում, տարածքային պահանջներից փոխադարձ հրաժարում, սահմանագծում։ Երեքով էլ իրենք շահում են, մենք կորցնում ենք։ Արցախը թողնում են Ադրբեջանի կազմում, ճանաչում են Ադրբեջանի անբաժանելի մաս ու ստորագրում, որ ոչ միայն ազատագրված ու հանձնված շրջանների, այլև ԼՂԻՄ-ի բուն տարածքի որևէ հավակնություն չունենք։ Պատկերացնու՞մ եք, այն հողը, այն պետությունը, որը դեռ ընդամենը 3 տարի առաջ երկրորդ հայկական պետությունն էր՝ իր սահմանադրությամբ, հողերով, ժողովրդով, ինստիտուտներով, ուր հայաստանցին ու սփյուռքը, էլ ռուսն ու ամերիկացին գնում էին որպես Արցախ անկախ պետություն՝ որպես տուրիստ, Նիկոլը ընդունելու է ու ստորագրելու է որպես Ադրբեջանի ինչ-որ մարզ։ Բա Նիկոլն ասում է, չէ՞, որ մեզ համար կարևորը բնակչության անվտանգությունն է, ոչ թե հողը։ Ահա այդպես, այսքան արագ, մի հոգու հետ համաձայնեցնելով, քմծիծաղով, ձեռք առնելով, առանց հաշվի առնելու 2 պատերազմների թափած հազարավորների արյունը, տասնամյակների պայքարը, այնտեղի բնիկ ժողովրդին և այլն ևայլն։
Այսքանով Ալիևների ախորժակը չի սահմանափակվում, սահմանագծման շրջանակներում նաև Հայաստանից ենք տարածքներ տալու, որին արդեն Նիկոլի քավորի եղբայրը տվել է անկլավ անունը, Սյունիքում ու Տավուշում մայրուղիներից հատվածներ։ Ադրբեջանին են մնալու Սյունիքի մարզի էն հատվածները և Գեղարքունիքի էն հատվածները, որոնցում հիմա գտնվում են իրենք։ Էն 45 կիլոմետրը, որ խորացել են ՀՀ տարածքում 2021թ․ մայիսի 12-ից ի վեր, մնալու են այնտեղ, մեր չակերտավոր ներկայացուցիչն էլ հաստատելու է, թե դա մերը չէ։ Խոսում ենք Աղավնոյի, Սուսի, Բերձորի մասին, չնայած հիմա չենք էլ խոսում, դատարկվելու օրերին խոսեցինք, անցավ գնաց․ հիմա մտածեք, որ Հայաստանից համայնքներ են հանձնելու, ու էլի մարդիկ բռնեն փախստականի ուղին։ Իսկ գիտե՞ք, որ Փաշինյանի իշխանությունն է, որ 1915 թվականի Թուրքիայից ու 1988-1994 թվականների Ադրբեջանից հետո երրորդն է, որ տեղահան է անում հայերին իրենց տներից, սարքում փախստական։ Մի տարբերությամբ՝ նրանք կոտորում էին, սրանք ասում են՝ հելեք, թե չէ կոտորելու են։ Այդքան բան։ Փոխարենը պաշտպանեն, դիվանագիտական, միգուցե ռազմական կռիվ տան, հայերի շահը պահեն, ասում են՝ պայմանավորված ա, հելե՛ք։ Իսկ Ադրբեջանը անարգել, առանց մի կրակոցի, անգամ մուննաթի մեկ օր անց Աղավնոն բնակեցնում է․ բա կբնակեցնի, պատրաստի տներ են նվիրել, ասելով՝ վայելեք։ Մեզ համոզել են, որ մենք թույլ ենք, վրաներս հալ չկա, արժանապատվություն ունենալը պարտադիր պատերազմ է ու զոհեր, ու ասում են՝ էս ա, հարմարվեք, գլուխներներդ կախեք՝ հարմարվեք։ Սա՛ է այս իշխանության առաջարկածը ժողովրդին։
Չորրորդ կետը ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումն է, դե դա իբր բոլորի համար էլ ընդունելի է, Նիկոլն էլ մեռավ ասելով՝ մենք պաշտպանվելու ենք, չենք հարձակվելու, էնպես որ դա չէր էլ լինելու մեր կողմից։ Բայց իհարկե՝ որ պահին Ադրբեջանն ուզեցավ հարձակվել, հո չի՞ նայելու համաձայնագիր-պայմանագիր, այդ պայմանը մինչ 20 թվականի սեպտեմբերն էր՝ կար, որը նրան չխանգարեց ֆոսֆորային արկեր թափել ժողովրդի գլխներին։
Եվ հինգերորդ կետը հաղորդակցությունների բացումն է։ Սա են այս իշխանությունները հրամցնում ժողովրդին, թե դե որ խաղաղություն լինի, ճանապարհներնել կբացվեն, առևտուր կանեք, կգնաք ավտոյով Կասպից ծով, նրանք կգան մեր Սևանի սիգը կուտեն, կդառնանք Սովետի վախտվա հաշտ ու համերաշխը։ Լու՞րջ։ Այսքան ստորացումից հետո, ադբեջանցին հաշտ ու համերաշխ ուզում է հային հյուրընկալե՞լ։ Դրանց դպրոցներում, էս արդեն 3 տասնամյակ է՝ դասավանդվում է, որ հայը թշնամի է, պետք է մորթվի ու սպանվի, վերացվի։ Նորություն չեմ ասում, նորությունը նա է, որ մեզ վրա այս սուտը ուզում են ծախել իբր ձեռքբերում, որը չի ստացվում։ Իսկ իրականությունն այն է, որ այստեղ էլ միմիայն Ադրբեջանի շահն է՝ Հայաստանը տալու է միջանցք, հեշտ ու հանգիստ իրենց տարածքները կապելու նպատակով։ Մեր ԱԱԾ-ն արդեն ՀՀ պետական սահմանի նոր անցակետեր ստեղծելու նախագիծ է մշակել, Նիկոլի բանավոր հանձնարարականի հիման վրա։ Գեղարքունիքում, Արարատում, Սյունիքում ունենալու ենք անցակետեր։ Կլինի միջանցքը, հետո Սյունիքի մարզը մի օր կկտրվի Հայաստանից։
Բա էս փաթեթով բանակցողը կգար ու նորմալ, մանրամասն կպատմե՞ր։
Որքան էլ որ ուզենք, պարզ է, որ խաղաղության պահը իրատեսական չէ, հասունացած չէ ու չի էլ լինի, առավելևս այս իշխանության օրոք, դա բացառվում է․ հասունացած է Փաշինյանի հեռանալու պահը․ նրա վարկանիշը ծայրահեղ ցածր է, հակավարկանիշը ահավոր բարձր, վստահ եմ ամենից բարձրն է հայ նորագույն պատմության գործիչների մեջ։ Ալիևը հասկացել է, որ հիմա իսկը ժամանակն է՝ ինչ ավել պատառ պոկեց՝ պոկեց, մի հատ նորմալ մարդ եկավ իշխանության, ոչ մի բան էլ չեն կարողանա ստանալ։
Կարճ ասած՝ մի վիճակ է արդեն, որ Հայաստանի ղեկավարությունը ոչ մի գործընթացի վրա չի կարող ազդել և քանի որ չի կարող ազդել, ուրեմն ոչ էլ աշխատում է այդ ուղղությամբ։ Թուլացել է, փորձում է հաճույք ստանալ։ Մեզ ևս փորձում է հրամցնել այդ նույն կերակուրը, բայց չի ստացվում, կուլ չի գնում, ու չի գնա։ Վերքերը շատ են, թարմ են, իսկ իրենք՝ ոչ համոզիչ։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը