Դիմադրության շարժումը հանրահավաք է հրավիրել, հերթականն է, սակայն այս մեկին սպասում են բոլորը․ պայքարող քաղաքացին սպասում է ծրագրերի, ազդակների, պասիվները ուզում են տեսնել վերջը ինչ է լինում, իսկ իշխանությունը ամենաանհամբերն է, թե իր գլխին էլ ինչ է գալու։ Արդեն 45 օր է՝ ընթանում է շարժումը։ Հեշտ չի անցել և ոչ մի օրը։ Մայիսի 1-ին եղել է առաջին հանրահավաքը, փողոցային ակցիաները․ 3 օր անց արդեն խոսակցություններ սկսեցին, թե չեն ձգի, կարճ կտևի, լիդերը ո՞վ է, եթե սենց է՝ ժողովուրդը չի գա, հեսա կմարի։ Սաղ տեսանք, մարում չտեսանք։ Մի օր շատ մարդ էր գալիս, ասում էին՝ ահա զարթնեցին, մի օր քիչ մարդ էր գալիս, ասում էին՝ տեսա՞ք, որ ասում էինք՝ մարում է, հաջորդ օրը էլի շատ էին գալիս ու այդպես՝ վերջի 50 օրը։ Իշխանականներին էլ չասեմ, էլ ծաղրում էին, հետո սպառնում, թե մանդատներից կզրկենք, տեսան բանի տեղ դնող չկա, ոստիկաններին երևի թե ասեցին ջարդեք դրանք, ջարդեցին՝ բայց չջարդվեցին, քննադատում էին էլ չասած, ձեն ձենի տված ադրբեջանական քարոզչամեքենայի հետ, թե՝ սա նախկին ռևանշիստներն են, չի կարելի թույլ տալ, որ հասնեն հաջողության։ Պատկերացնու՞մ եք, մեկ ադրբեջանցիներն են, մեկ քպականներն են ասում որ չի կարելի թույլ տալ, որ Դիմադրություն շարժումը հասնի հաջողության։
Այդ ամենը նրանից էր, որ մենք տեսանք զարթոնք, իսկական զարթոնք, ազգային զարթոնք և պայքար։ Տեսանք, թե ինչպես մեր երիտասարդությունը, որ թվում էր՝ այսպես ասած՝ աշխարհաքաղաքացի է դառնում, ազգային հողի վրա կարող է ոտքի կանգնել, ծեծ ուտել ոստիկանների կողմից, բայց չնահանջել, չվախենալ, բերման ենթարկվել-բաց թողնելուց հետո անմիջապես գնալ հաջորդ փողոցը փակելու։ Տեսանք մանկասայլակներով ակցիաների մասնակցող կանանց, ձեռնափայտով պապիկների։
Ի վերջո, համոզվեցինք, որ ընդդիմության ամենակարևոր կարգախոսը լիովին աշխատել է՝ ՀՀ քաղաքացին իրազեկվել է և զարթնել է, Սփյուռքի հայությունը զարթնել է։ Սա չքննարկվող ճշմարտություն է։ Անգամ նրանք, ովքեր չեն մասնակցում երթերին, փողոց փակելու և զանազան այլ ակցիաներին, միևնույն է՝ այդ հարյուր հազարավոր քաղաքացիները թեմայի մեջ կան, մի մասը ավտոմեքենայի սիգնալով է միանում, մի մասը միանում է բալկոններից ձեռքով անելով, մի մասը ասում է ես դեմ եմ Նիկոլին․ նրանք բոլորը հակաիշխանական տրամադրություններ ունեն, ու դա փաստ է։
Մենք տեսանք, թե ինչպե են մարդիկ պատրաստ ամիսներով փողոցում լինել, երթը սարքել երեկոյան քաղաքական զբոսանք ու բաց չթողնել ոչ մի երթ, տեսանք, թե ինչպես են պատանիները իրենց վերջին զանգի արարողության ժամանակ դպրոցներում երգում էն երգերը, որոնք երգում են Ֆրանսիայի հրապարակում, երթերի ժամանակ։ Սա հենց զարթնելու, պայքարը շարունակելու լավ ցուցիչ է։ Ու սա ցույց է տալիս, որ այդ մարդկանց հնարավոր չէ հակառակը համոզել ու՝ որ իրենց պայքարը հաջողություն է ունենալու։ Ասում էին Ղարաբաղի թեմայով ոտքի չեն կանգինի, որովհետև 20 տարի լևոնանիկոլականները քարոզել են, որ Ղարաբաղը բեռ է։ Չէ, հենց Ղարաբաղի համար ոտքի կանգնեցին, հայրենիքի համար կանգնեցին։
Եվ ուրեմն ընդդիմության երկու նպատակներից մեկը՝ զարթնեցնել ժողովրդին, լիովին իրականացել է։ Ու դա եղել է ընդդիմության կողմից խաղաղ միջոցներով։ Որքան էլ սադրում էին ֆեյքերը, իշխանական գործիչները, առանձին սադրիչները, կարմիր ու սև բերետները, բայց Շարժման լիդերները կարողացան խելամիտ որոշումներ կայացնել ու չտանել նոր բախումների, որովհետև մարդն է արժեք, այն էլ՝ հայրենասեր մարդը։
Արձանագրենք։ Հայաստանում իշխանությունը այլևս լեգիտիմ չէ իրականացնելու այն ինչի համար ենթադրվում է, որ նրանք կան ու մնում են։ Դա հասկանում են բոլորը՝ թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը, թե՛ Սփյուռքը, Հայաստանի թե՛ բարեկամ, թե՛ գործընկեր, թե՛ թշնամի պետությունները։ Արձանագրենք՝ Հայաստանում քաղաքական ճգնաժամ է, որը խորանում է։ Ու սա շնորհիվ ընդդիմության գործողությունների է։ Մանդատից զրկել, պալատկեքը հանել, ԱԺ վերադառնալ-չվերադառնալ, անիմաստ թեմաներ են։ Էսօր խորհրդարանում նիստ է, որևէ մեկդ տեղյակ է՞ էդ մասին․ չէ ժողովուրդ, որովհետև ընդդիմություն չկա դահլիճում, իշխանության նկատմամբ խիստ անտարբերություն է, ընդդիմությունը ակցիա չարեց՝ լրահոս չկա։ Ձեզ թող չթվա, թե էս անտարբերության մեջ իշխանությունը կոմֆորտային ապրում է։ Ոչ, տեղները չեն գտնում, որովհետև չեն կարողանում անել այն, ինչ իրենցից սպասում են, և ուրեմն՝ ժողովուրդը ոչ լեգիտիմ դարձրեց այն իշխանությանը, որը զոռբայությամբ մնացել էր, չնայած որ պետք է հեռանար։
Սա ֆիքսեցինք։ Հիմա, երկրորդ նպատակը ոչ լեգիտիմ իշխանության հեռացումն է, որը, ցավոք, բայց այս պահին դեռ իրականացված չէ։ Չխաբենք մեզ՝ ոչ մի անգամ համոզում չեմ ունեցել, թե եթե փողոցում հավաքվի 50 կամ 100 հարզար մարդ, նիկոլի իշխանությունը սպիտակ դրոշ կպարզի։ Էս մարդիկ առնվազն 1999 թվականից Հայաստանում իշխանությունը զավթելու փորձեր են արել, դա եղել է համակարգված փորձեր՝ դրսից լայն աջակցությամբ, էլ սպանություններ, էլ զանգվածային անկարգություններ, էլ զանազան օտարերկրյա կառույցների կողմից երկրի գրավում, ողնաշարի ջարդում, մարդկանց գիտակցության թունավորում ու 20 տարվա պայքարից հետո իշխանություն են գրավել, էդքան հեշտությամբ սրանք չեն գնա։ Այո, վախը մտել է Նիկոլ Փաշինյանի ու թիմի մեջ ու դա երևում է ամենուր, ամեն քայլի, թեկուզ մի շենքից մյուս շենք հազարավոր ոստիկան-թիկնապահ-դիպուկահար ոտքի հանելով, Սփյուռքում այսպես ասած՝ ոչ մեղմ դիմավորումներով։ Բայց էդքան հեշտ չի գնա, վախը մեծ է։
Չգիտեմ ոնց կգնա, գուցե ներսի ճնշման տեմպը պահելով, գուցե դրսի ճնշմամբ, չգիտեմ, թե ինչ ձևով, բայց միանշանակ է՝ որ պետք է գնա։ Դրան պետք է հասնի ժողովուրդը, ընդդիմադիր լիդերները պետք է դրան հասցնեն։ Թե ինչպես դա կանեն, իրենց գործն է։
Պետք է հստակ ու սթափ վերլուծեն և իրականացնեն նոր ռազմավարություն, նոր թափ հաղորդեն պայքարին։ Վերջնականորեն պետք է ձևակերպեն խնդիրը, ուղիները և հասցնեն ավարտին, որը պետք է լինի բացառապես այս իշխանության հեռացումը, ոչ այլ ելք։ Ինչպե՞ս կանի դա, իմ գործը չէ, հանրության խնդիրը չէ։ Հանրությունը պետք է ընդամենը իմանա, որ այսօր այսինչ միջոցառումն է և մասնակցի, եթե իր նպատակները համընկնում են։
Հիմա հաջորդը։ Պայքարը պետք է վերափոխվի․ սա հասկանում են բոլորը։ Պետք է տանել պայքարը նոր ուղով՝ էլի բացառելով արյամբ հանգուցալուծումը։ Նիկոլին պետք է արյուն, սա է ուզում, ուրեմն պետք է դա թույլ չտալ, հնարավորություն չստեղծել։ Պետք է նոր փուլում հնարավոր լինի արդեն փողոց հանել ընդդիմադիր էն հատվածին, որը փողոցում չէ, պետք է անտարբեր հատվածին փողոց հանել, ակտիվացնել բոլորին հանուն հայրենիքի։
Կրկնում եմ՝ ինչ ճանապարհով կանեն, դա ընդդիմադիր առաջնորդների գործն է, ժողովրդին հետաքրքրում է արդյունքը, որովհետև հավատում է այն գործին ինչին լծված է։
Կարճ ասած՝ ընդդիմությունը պետք է իր հաջողություններից, այն է՝ ժողովրդական զարթոնքից գլխապտույտի մեջ չընկնի։ Պետք է կատարելագործի հաջողությունները, սխալներից, որոնք քիչ չեն եղել, դասեր քաղի։ Իշխանափոխություն, միևնույն է, լինելու է, չի կարող ողջ հանրության ատելությունը վաստակած ռեժիմը մնալ ու կարողանա գործել նույն գծի մեջ, դա անհնար է։ Բայց դա պետք է անել հնարավորինս արագ։ Ամեն նոր օր նոր վնասներ է այս խմբակը տալիս մեր երկրին։ Դա ևս փաստ է։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը