Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հաղորդագրություն է տարածում, թե Դավոսում մասնակցել է «Կին քաղաքական առաջնորդներ» ամենամյա միջոցառմանը։ Մի անգամ էլ նման մի բանի 2019 թվականին էր մասնակցել։ Տիկին «առաջնորդի» ճամփորդությանը զուգահեռ, մենք տեսանք, որ Երևանում բողոքի ցույցեր էին անում կանայք, մայրեր, տատիկներ, որոնց հարազատները զոհվել են պատերազմում․ նրանք պահանջում են արդարադատություն ու պատիժ Աննա Հակոբյանի ամուսնու համար, որը իրենց զավակներին տարավ կոտորածի։ Դրա մեջ մասնակցության բաժին ուներ նաև ինքը՝ Աննա Հակոբյանը, որ հրամանատարական բունկերներից դուրս չէր գալիս պատերազմի ժամանակ, ինչ-որ բարոյական աջակցության մասին էին խոսում։
Խոսում եմ երկու կանանց մասին․ մեկը, ով կորցրել է պատերազմում և՛ ամուսնուն, և՛ որդուն և հիմա ասում է՝ էս ամենի մեղավորին ուզում եմ տեսնեմ պատժված ու մի կնոջ մասին, որ այդ ամենի մեղավորի կինն է, որի որդուն շատ հետաքրքիր ձևով հանել են ռազմադաշտից, առոք-փառոք փրկել, ու ինչ-որ խնջույք է անում, հրավիրում է զոհերի հարազատների ու ասում է՝ հերիք է սգաք, իմ դրած «Խաչիկ-Վաչիկ» երգի տակ տռճիկ տվեք ձեր զոհված էրեխեքի պատվին։ Սա ուղղակի ճակատագրի հեգնանք է․ մարդը գնացել է բարձր ամբիոններում ժողովրդավարությունից է խոսում, իսկ քաղաքացիները պահանջում են ժողովրդավարություն ու արդար դատաստան այդ կնոջ ամուսնու համար։ 5 հազար ընտանիք կորցրել են իրենց ամենաթանկը, 12 հազար ու ավելի ընտանիք կորցրել են առողջությունը, նայում ես էդ ծնողների դեմքերը, ընդամենը երկու տարում ճերմակել են, կյանքը մեռել է նրանց մեջ։ Աննան հակառակը գնալով թարմանում է ու ամեն բողոքի ակցիայի ժամանակ նոր լուսանկար է հրապարակում իր գեղեցիկ ու շատ անգամ շքեղ կյանքից։ Նա, ով ասում էր՝ մեր զոհերը հանուն ոչնչի են, աշխարհով ման է գալիս, շատ հանգիստ իր ապագան կառուցում, նրանք, ում որդիները զոհվեցին, դռնե-դուռ ընկած արդարություն են փնտրում։ Իր ընտանիքին ուղեկցում է շարասյուն, թիկնազոր, այդ շարասյունը մի փափկասուն կնոջ և իր «անմեղ» ամուսնուն է տեղափոխում՝ իր ճանապարհին սպանելով մեկ այլ կնոջ, որը պատրաստվում էր մայրանալ։
Էս հեղափոխությունը բինգո բռնողների ու ամեն բան կորցնողների հեղափոխություն էր, կային մարդիկ՝ սոված ձևացող, աղքատ ձևացող, ու ագահ, իշխանությունը վերցրին ու շահեցին՝ բոլոր կապանքներից իրենց ազատելով, ոտով-ձեռքով մտան բյուջեի բարիքների մեջ, ձեռք բերեցին շքեղ տներ, ավտոներ, քեշ փող, թիկնապահ ու քարտուղարուհի, պադավատ, տուրիստական տոմսեր բոլոր ուղղություններով։ Բայց կային ընտանիքներ, որ զրկվեցին տան անդամից, զրկվեցին ունեցվածքից, հողից, տնից։ Հասկանո՞ւմ եք, հազարավոր մայրեր կորցրեցին, կորցրեցին իրենց տան անդամին, բայց մի խմբակ էլ շահեց։
Սա ճակատագրի շատ դաժան հեգնանքն է։ Պատերազմի ժամանակ լիքը ընդդիմադիր տղերքի տարան ամենածանր տեղերում կռվելու, Ջեբրայիլ և այլն։ Էդ տղերքը գնացին հայրենիք պահելու, փրկելու, կռվեցին, հասկացան ինչ է կատարվում, եկան ու հիմա էլ պայքարում են հողատուների դեմ։ Իշխանությունը պատերազմից հետո ընկավ հայրենիքի համար կռված այդ մարդկանց հետևից, շատ հեշտությամբ սադրեց ու կալանավորեց․ Նարեկ Մանթաշյանին՝ դրոշ ծածանելու համար, Գոռին, Տարոնին, Արսենին՝ իշխանության համար սադրիչ աշխատող պապիների պատճառով, Միքայել Բադալյանին, որը պատերազմի ընթացքում և հետո շատ բան էր արել մեր սահմանին կանգնած հայրենակիցների համար և այլն և այլն։ Ոնցոր մուռ է հանում նրանցից, որ պատերազմում չեն զոհվել։ Ու այս ամենը անում է մի իշխանություն, որի ներկայացուցիչները պատերազմի օրերին անգամ Արցախի բունկեր գնալը գործուղում էին հաշվում ու ստանում գումար։ Նրանք հերիք չէ՝ տանից կարողանում են դուրս գալ, հիմա էլ դեռ ղեկավար են։
Սա հակասություններով լի մի երկիր է դարձել․ Միայն Հայաստանում կտեսնես, որ առավոտից խոսում են ժողովրդավարությունից, բայց փողոցի մեջտեղը մարդկանց են քաշքշում ժողովրդավարության համար պատասխանատուները։ ԵՄ դեսպանը երևի միայն Հայաստանում է, որ առավոտից իրիկուն խայտառակ բաներ են կատարվում, բայց էդքանի մեջից տեսնում է միայն իր օֆիսի պատուհանի դիմացի փափուկ խաղալիքների լվացքը։ Միայն Հայաստանում են առավոտից իրիկուն խոսում այն մասին, որ ընդդիմության ակցիաները ոչ մի նշանակություն չունի, բայց նույն այդ ակցիաների պատճառով այլ երկրի նախագահին դիմավորում են շենքի հետնամուտքում։ Միայն Հայաստանում կարելի է ասել, որ քանի դեռ բողոքի ակցիաներին մասնակցում են նախկինները, ոչինչ չի փոխվի, բայց տեսնես, որ միայն նախկիններն են պատրաստ պայքարելու, այդ թվում՝ զոհվածների հարազատների կողքին։
Հայաստանից ստացել են այսպիսի ծուռ հայելիների թագավորություն, ոտնատակ են տվել բոլոր խոստումները, բոլոր արժեքները, բոլոր բարի գործերը արդեն արժեզրկել են, ձեռքբերումներ բացարձակ չկան։ Էն կարգի, որ Նիկոլն ասում է՝ արբանյակ ունենք, բայց ոչ մեկ չի հավատում, թե նորմալ մի բան կլինի, որովհետև էս մարդը ասել է՝ հայկական տեխնիկայի գործարան ունենք, բալոնների գործարան ունենք, բամբակի գործարան ունենք, կոկորդիլոսաբուծարան ենք ստեղծում ու բոլոր պարագաներում խաբել է։ Հիմա արբանյակի համար բոլորը ծաղրում են։ Ասում են սուտասանի տունը հրդեհ է բռնկվում, հրշեջները չեն հավատում, որ հանգցնեն։
Փոխվել է ամեն ինչ, փոխվել ենք մենք, մեր տրամաբանությունը, մեր կյանքը, մեր քննարկած թեմաները։ Առաջ ո՞վ էր մտածում սահմանային անվտանգության մասին, էդ մասին մտածողներ կային, իրենց գործը լավից-վատից անում էին, հիմա դարձել ենք ռազմական վերլուծաբան, մասնագետներին ասում ենք՝ դու ոչինչ չգիտես, դարձել ենք քաղաքագետ, դիպլոմավորված քաղաքագետներին ասում ենք՝ դու բան չես հասկանում, տնտեսագետն ասում է՝ Նիկոլը տանում է աղքատացման, ասում են դու բան չես հասկանում, սաղ աշխարհում է էդպես։ Ամեն ինչ տեսնում վերլուծում են ԵՄ դեսպանի պես՝ իր պատուհանի փոքր տեսադաշտով։ Էն հարցերը, որ առաջ օրերով քննարկում էինք, որովհետև մեր առօրյան էր, հիմա ասում ենք՝ երկիր ենք կորցնում, ինչի՞ հետևից ես ընկել։ Ինչո՞ւ ենք կորցնեում, որովհետև ազգովի մոլորվել էինք։
Առաջ մարդկանց հերթը գալիս էր բանակ գնալու, հելնում-գնում էին (կամ չէին գնում, ինչ-որ ճանապարհով ազատվում էին) ու մտածում էինք, որ գնացել են հայրենիքի համար պարտքը տալու․ էն ժամանակ էլ լիքը ակցիաներ էին լինում, ոչ մեկը մյուսին չէր ասում՝ բողոքելու փոխարեն գնա սահման։ Հիմա ասում են․ այսինքն՝ պետությունը մեռել է, բանակը չկա, ղեկավարություն չկա։ Մեր սահմանը քանդվեց հենց էն ժամանակ, որ էդպես մեկն էլ ասաց ով ինչ ունեք, վերցրելք ու ինքերդ ձեզ գնացեք սահման։ Կա բանակ, կան ոստիկանական զորքեր, ԱԱԾ կա, սաղ կան, բայց քեզ ասում են՝ հել գնա սահման։ Քոչարյան Անդոն ասում է՝ վերցրեք ցույց անողների տվյալները, թող գնան սահման։ Ինքը իր տղուն փախցրել է սահմանից, մյուսին ազատել է, քեզ սահման է ուղարկում, ուրիշների տղերքի արյան հաշվին ինքը ֆռֆռում է իր քեֆին։ Ոստիկանը քաղաքի կենտրոնում մարդ է գցում ավտոյի տակ, պատերազմին չի մասնակցում, որովհետև Նիկոլի ախռանա է, բայց թուրքի դեմ կռվում ոտքը կորցրածին ասում են գնա Ղարաբաղ պոստ պահի։ Անբարոյականություն է, բայց դա է մեր իրականությունը։
Ահա այսպիսի անհասկանալի իրավիճակում ենք։
Վաղը մայիսի 28-ն է, առաջին հանրապետության հռչակման օրը, տոն է, այդ օրը օրացույցում կարմիրով է նշված։ Ի՞նչ ենք տոնելու։ Չգիտեմ։ Հզոր ազգ էինք, հազարավոր տարիների պատմությանբ, ի՞նչ դարձրիք, ձեր հեղափոխությամբ։ Ինչո՞ւ պետք է պատմությանը, աշխարհին հզոր մարդիկ տված մեր ժողովուրդը էսօր հպարտանանք միայն անցյալի հաղթանակներով։ Տոն չունենք, որովհետև ատելություն եք բերել, ատելության մեջ տոն չի ծնվում, սեր չի ծնվում, հաղթանակ չեն նվաճում։ Ժողովուրդ, էսքան ծանր վիճակում չենք եղել։ Մեզանից ամեն ինչ գողացան։
Կարճ ասած՝ Հոգնել ենք ստից, հոգնել ենք պետության մակարդակով մեզ խաբելուց, իրար ատելուց, հոգնել ենք պատերազմներից, աղքատությունից։ Հոգնել ենք, ժողովուրդ։ Բայց պայքարից չենք հոգնել, ազգովի ոտքի կկանգնենք ու շուռ կտանք էս անիվը՝ առաջինը հեռացնելով այդ ամենի մեղավորներին։ Մեր ազատությունների, անկախության, պետության, Արցախի համար պայքարը Երևանում է, Երևանի կենտրոնում է, ամենակենտրոնում։ Ուրիշ ոչ մի տեղ։ Իսկ հաջողությունն ու հաղթանակները գալու են, որովհետև ուժը ճշմարտության մեջ է, ոչ թե ոստիկանների մահակների։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը