10 05 2022

«Կարճ ասած»․ Ի՞նչ խոստումներ են տալիս ժողովրդին Ֆրանսիայի հրապարակում



Շատ քաղաքացիներ, որոնք Նիկոլ Փաշինյանի իշխանությունից խիստ դժգոհ են, փողոց դուրս չեն գալիս։ Ասում են, թե մեկ անգամ սխալվել են՝ Նիկոլին բերելով, հիմա վախենում են դուրս գան ու էլի սխալվեն։ Իհարկե՝ որակային մեծ տարբերություն կա Նիկոլի խմբակի ու Նիկոլի դեմ դուրս եկած թիմերի միջև, բայց, ամեն դեպքում, շատ կարևոր է, որ քաղաքացիներն իմանան, թե իշխանափոխությամբ ինչն են ինչով փոխում։ Այս առումով կարևորում եմ հրապարակից հնչող կոկրետ խոստումները, որոնք, կարծում եմ, հաճախակի պետք է բացատրվեն հարթակներից։ Մի քանիսին, որոնք հնչել են արդեն, կուզենամ անդրադառնալ։                                                         

Մեր երկրում կա ավելի քան 800 հազար ավտոմեքենա։ Փաստ է՝ էդ վարորդները գերի են այս իշխանության ձեռքին, որովհետև տուգանվում են անխնա, էլ ավելի բեթար, քան նախկինում։ Հիշում ենք, առաջինը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր վարորդներին, որ արագաչափերը կհանվեն, կարմիր գծերը կհանվեն, տաքսիների լիցենզիաները կհանվեն և այլն։ Քա՞նի հազար մարդ նրան աջակցեց հենց դրա համար։ Հետո Փաշինյանը ոչ միայն չհանեց, այլև բերեց շրջիկ տուգանողներ ավելացրեց, հետո էլ բալային համակարգ մտցրեց, որ նույն խախտումի համար հա՛մ տուգանվեն, հա՛մ բալ իջեցվի։ Ստացվեց՝ մարդուն երկակի են պատժում մեկ սխալի համար։ Ֆրանսիայի հրապարակից Արամ Վարդևանյանը խոստացավ՝ հաջորդ իշխանությունը բալային համակարգը հանելու է՝ որպես առաջին քայլ։ Կարծում եմ՝ կհանի, քանի որ հենց Արամ Վարդևանյանն էր, որ նախագիծ էր ԱԺ բերել, որ դա վերացնեն, այս իշխանությունը մերժեց։ Այսինքն, սաղ մի կողմ, բայց հարյուր հազարավոր վարորդներ հենց վարորդների գլխին այս մահակի համար դեմ են Նիկոլին, մեկը՝ ես։

Մենք տեսել ենք, թե այս 4 տարում ինչպես են մեկ անգամ համաներում հայտարարել, բայց դրանից հետո զանազան անհիմն պատճառներով լիքը մարդկանց լցրել բանտերը։ Ընդդիմությունը խոստանում է համաներում, բայց նորմալ, մարդավարի, ոչ թե ծանոթով, կաշառքով, ասենք՝ վարչապետի աշխատակազմում աշխատողի հորը, էն մեկել խորհրդականի ախպորը մենակ հանեն։

Մենք այս օրերին տեսնում ենք, թե ոնց են բազմաթիվ ոստիկաններ, բերետներ, իրենց պահում խուլիգանի պես, ծեծում, կոտրում անչափահասների ոտքեր, քաշքշում տարեցների։ Նման ոստիկանները միշտ են եղել, ու ընդդիմությունը խոստանում է Նիկոլից հետո նրանց դուրս շպրտել համակարգից, բոլորի դեմքները ֆիքսվում են։ Սա ևս շատ կարևոր է։ Այդ մարդիկ պետք է իմանան, որ անօրինականությունները, մի օր անպայման պատժվում են։

Քննիչներ, դատախազներ, որ հարցաքննությունից հետո ռադիոյի ձայնը բարձրացնում են՝ լսող չլինի իրենց ու հայհոյում են Փաշինյանին, բայց անխնա կալանքի միջնորդություններ են տալիս, դուրս պետք է շպրտվեն այդ համակարգերից։ Այս խոստումն էլ եմ համարում կարևոր։ Հերիք է, բոլ է, ինչքա՞ն կարելի է իշխանության, կարևոր չէ թե ում իշխանության, կապրիզների համար եքա իրավապահ համակարգ պահել, մեր գրպանից։ Պետք է մարդիկ հստակ իմանան՝ ինչ արժեքների վրա է հիմնվելու հաջորդ իշխանության կառուցած պետությունը։ Ասում ենք՝ գալիս են իշխանության ու այս արատավոր հաակարգերը կատարելագործում են, հերիք է, բոլորս տեսանք թե ինչ կործանիչ ազդեցություն են ունենում դրանք։    

Հայաստանում բազմաթիվ բողոքի ցույցեր են տեղի ունենում համայնքների խոշորացման դեմ․ հանուն ճշմարտության ասենք, որ դա Նիկոլ Փաշինյանը չի սկսել․ ուղղակի Փաշինյանենք դա արեցին շատ խայտառակ ձևով, էլի ծառայեցնելով իրենց քաղաքական նպատակին։ Էն կարգի, որ դեկտեմբերի 5-ի ընտրություններում անգամ ունեցանք գյուղ, որտեղ որևէ ընտրող տեղամաս չգնաց։ Մարդիկ ասում են, որ համայնքների խոշորացումը վայրենի ձևով է, իրենց կարծիքն ու շահերը հաշվի չի առնվում։ Իշխան Սաղաթելյանը հաջորդ իշխանության համար խոստացել է, որ վերանայվելու է էդ համակարգը։ Սա վերաբերում է հարյուր հազարավոր տնային տնտեսությունների, որը, կարծում եմ, ևս կարևոր է։

Մեզ խոստանում են, որ Հայաստանը կրկին դառնալու է ներդրումների համար գրավիչ երկիր։ Առանց ներդրումների տնտեսությունը չի զարգանա։ Հիմ էլ չեն հայտարարում, թե մեր բրենդը հեղափոխությունն է։ Ոչ։ Որովհետև, հիմա Հայաստանից ներդրումները փախչում են։ Քերոբյանը նայում է՝ ով է իր տունը ռեմոնտ անում, ասում է՝ դա ներդրում էր։ Էդպես չի լինելու, ներդրողների հետևից ԱԱԾ չեն ուղարկելու, մասկի շոու չեն անելու, ներդրողին էն օրը չեն գցելու, որ կառավարությանը նվիրի իր բաժնետոմսերը։
Խոստանում են առաջնահերթ կարգով վերականգնել գյուղատնտեսության նախարարությունը։ Գյուղատնտեսությունը մինուսով է, սրանք գյուղացու մասին մտածելու փոխարեն ասում են՝ պետք է գյուղացին կոստյում-շալվարով գնա հող մշակելու, անգլերեն իմանա։ Սա էլ վերաբերում է ավելի քան 400 հազար մարդու։

Հաջորդ իշխանությունը սրանց պես չի ասելու՝ տնտեսությունը էսքան աճում է, բայց մարդիկ կիլոգրամից անցնեն գրամներով մթերք առնելու։ Կոնկրետ աճը ազդելու է նաև քաղաքացու վրա։ Մարդկանց եկամուտներն աճելու են, գնաճը չի խեղդելու։

Խոստանում են արդիականացնել բանակը՝ բարեկամ երկրների հետ համատեղ, ձեռք բերել նոր սպառազինություն։ Մակունցներին կփոխարինեն պրոֆեսիոնալ դիավանագետներ այդ համակարգերում։

Կոնկրետ ինձ ու շատերի համար կարևոր խոստում է այն, որ բացառվելու է մեր կյանքում անցյալի և ներկայի արատավոր բարքերը։ Այն, որ այսօր հանրահավաքի վայրում հանդիպում եք անընդունելի և օդիոզ դեմքերի, դա չի նշանակում, որ նրանք հաջորդ կառավարության մեջ լինելու են, որոշողներ են։ Նիկոլենց պես չեն ասելու ոչ օլիգարխիային ու կերտեն օլիգարխների, տանեն լցնեն ԱԺ։

Հայաստանի հաջորդ վարչապետը չի լինելու միաժամանակ նախագահ, դատախազ, նախարար, ոստիկանապետ, մոռանալու ենք այդ մասին։ Այս իշխանությունները համարյա բոլոր նշանակումներն անում են ԽԾԲ համակարգով, չնայած խոստանում էին հակառակը։ Վարչապետի աներձագը, ախպոր տղեն, քավորը, քավորի եղբայրը, դասարանցին, մորքուրի գանձը չեն լինելու բարձր պաշտոնյա։ Ասել են՝ բարձրակարգ մասնագետների կներգրավեն։  Պաշտոնյաների միակ արժանիքը չի լինելու Գյումրուց Երևան քայլելը, ուսսպարկ չեն լինելու։ Մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանի տապալման հիմնական պատճառը կադրերն էին՝ ինքը և իր կադրերը, բոլորը անտեղյակ են ամեն ինչից, մենակ գործ սարքելու վարպետ։ Ուրեմն նույն սխալը ոչ մի իշխանություն չպիտի կրկնի։ Վարչապետը չի բերի էսօր Արշակունյաց պողոտան փակողին ասի դու քեզ ո՞ր պաշտոնում ես տեսնում, նա էլ ասի ՊՎԾ պետ կամ ԱԱԾ պետ, ու նշանակեն։ Ունենալու ենք նորմալ կառավարման համակարգ։

Ամենակարևորը՝ ատելության մթնոլորտը մեր երկրում կվերանա։ Պառակտվածությունը կվերանա, իշխանությունը չպիիտի միլիոնավոր դոլարներ ծախսի ֆեյքեր պահելու համար, ինչ է՝ իրեն քննադատում են։

Եվ վերջապես, հաջորդ իշխանության առաջին քայլը կլինի գերիներին հետ բերելը, չի ասի՝ ընդդիմությունը խանգարում է, եղանակը խանգարում է, Պողոսն ու Պետրոսը խանգարում են, չեն ասի՝ գերիները մեզ համար այլևս չկան, ինչպես որ հիմա ասում է սրանց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Կարճ ասած՝ ժողովուրդ, հաջորդ իշխանության կառավարման դրական արդյունքը պետք է զգան բոլոր քաղաքացիները։ Կոնկրետ խոստումներ են հնչում, որոնք կարևոր են ու պետք է կատարվեն՝ իշխանափոխությունից հետո։ Քաղաքացին, անշուշտ, պետք է իմանա, թե ինչի համար է ոտքի ելել, ինչ Հայաստան ենք ունենալու այս սուտասան ու մահաբեր իշխանությունից հետո։ Բայց մի բան էլ ասեմ, շատ կարևոր, որ նոր իշխանությունն էլ, պետք է իմանա, որ սուտ խոստումներից հետո այ էս օրն է ընկնելու, ինչում հայտնվել են նիկոլները։ Հետևաբար՝ հուսով եմ, նույնը էլ մենք չենք տեսնի այլևս, ժողովուրդը իր անելիքը արդեն գիտի, ու դա լավ է։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ