Այսօր էլ առանց խայտառակության չանցկացրինք։ Շուշիում տեղի ունեցավ աշխարհի ադրբեջանցիների հինգերորդ համագումարը։ Նախ անդրադառնամ ձևին․ Ինչո՞ւ ադրբեջանցիներն ընտրեցին Շուշին, նրանց համար շատ կարևոր հոգևոր կենտրո՞ն է։ 100 տարվա պետությունը ի՞նչ հոգևոր կենտրոն պետք է ունենա․ իրենց պապենական քաղա՞քն են համարում։ Չէ, նրանք անցկացրին Շուշիում, որովհետև գիտեն՝ դրանով ցավացնում են մեզ։ Դրա համար էլ պատերազմից հետո արդեն որերորդ միջոցառումն է այնտեղ, Ալիևի որերորդ այցն է։ Ադրբեջանում սոցիալական ծանր վիճակ է, բայց Ալիևը գումարները ոչ թե հատկացնում է իր ժողովրդի հոգսը թեթևացնելուն, այլ՝ օկուպացրած Արցախին․ որովհետև գիտի՝ ադրբեջանցու կողմից Շուշիում իրար վրա դրված ամեն քարը ոնցոր մեր սրտին դնի, այդքան ծանրացնում է։ 65 երկրդիդ 400 ադրբեջաանցի է ժամանել Շուշի։ Այսպես կոչված ադրբեջանական Սփյուռքն է եկել։ Դա նրա՛նց համար է կարևոր, որովհետև 25 տարի ամեն օր ադրբեջանցիները ամենուր հայի տեսնելիս նվաստացած են իրենց զգացել, որովհետև պարտվել էին մեզ։ Ամեն մայիսի 9-ին իրենք ատամները կրճտել են, դրսում ամեն արարողության ժամանակ, որտեղ եղել է հայ դիվանագետ, քաղաքական գործիչ, հասարակական գործիչ, պարտվածի խարանը թույլ չի տվել ակտիվանալ։
Հիմա փոխվում են տեղերը։ Ու փոխվում է հատկապես նրա համար, որովհետև մենք ամեն օր աչքներս բացելով, լրահոսին նայելով՝ տեսնում ենք մեր աչքի առաջ մեր երկիրն առաջնորդող պարտությանը։
Ալիևի Էսօրվա ելույթն էլ էր նվաստացնող։ 2020թ․ մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը Շուշիում ելույթ էր ունենում, ասում էր՝ «ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոպխությունը կբերի Արցախի փաստացի ինքնորոշման միջազգային դե յուրե ճանաչման»։ Այսօր՝ 2022թ․ ապրիլի 21-ին, երբ այդ ոչ բռնի, թավշյա հեղափոխության պատճառով Շուշին մերը չէ, նույն քաղաքում արդեն Ալիևն է ելույթ ունենում ու ասում է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը գործնականում դադարեցվել է Հայաստանում իշխանափոխությունից հետո՝ 2019 թվականից։ Հայաստանի իշխանությունների անհեթեթ հայտարարությունները, այն է՝ Ղարաբաղը Հայաստանն և վերջ, դադարեցրին բանակցությունները և բերեցին պատերազմի։ Էս ա ասում Ալիևը։
Ալիևը իր այսօրվա ելույթով օգնեց Նիկոլին կրկին վախերի մեջ պահելու հանրությանը ու գնալ զիջումների, թե՝ եկեք Արցախի կարգավիճակի մասին մոռանանք, խոսենք միայն ժողովդի անվտանգության մասին, կարևոր չէ, թե ում կազմում, թե չէ Ալիևը պատերազմ կսկսի։ Ո՞ւր ենք հասել, որ Փաշինյանը խոստովանում է, որ օրակարգում Ալիևի պահանջներն են, բանակցությունների թեման միայն Ալիևի 5 կետն է։ Փաշինյանի ԱԽ քարտուղարն էլ ասում է, թե Արցախի կարգավիճակի նշաձողը պետք է իջեցնենք, բայց՝ արդեն առանց անվտանգության երաշխիքների, իսկ երաշխիքները կքննարկենք բանակցությունների ժամանակ։ Բայց դե Ալիևին էլ վստահել չի կարելի։ Այսինքն՝ մեկ անգամ զիջեցին ամեն ինչ հանձնելով, հիմա էլ զիջում են ոչինչ չստանալով դրա դիմաց, այլ միայն՝ հույսեր։
Ալիևը Շուշիում է, Շուշին հանձնողն էլ Հայաստանում իշխանության ղեկին է։ Երևի Աննային էլ հրավիրել էին էսօր չայ խմելու։ Ազգային ողբերգություն է ու խայտառակություն։
Վաղը տեղի է ունենալու կարևոր իրադարձություն՝ ավանդական ջահերով երթը։ Այս տարի հատկապես կարևոր է, որովհետև սա ոչ միայն ճանաչելու ու դատապարտելու, մեր պահանջներից չհրաժարվելու մասին է, այլև դեմ է մեր նկատմամբ իրականացված դավաճանության, ուրացման քաղաքականությանը։
Մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունը գնում է Թուրքիայի հետ չարդարացված հարաբերությունների․ դա այնքան նվաստ է, որ թաքցնել էլ չեն կարողանում։ Բանը հասել է այնտեղ, որ Հայաստանի խորհրդարանում չենք կարողանում քննարկել թուրքերի հետ հարաբերություններում կարմիր գծերի մասին։ Անցնող ուղիղ մեկ տարում ի՞նչ է արել այս իշխանությունը Ցեղասպանության ճանաչման համար․ այդ օրը Փաշինյանը ուղերձ կամ ինչ որ մի բան պետք է ստիպված ասի․ի՞նչ ձեռքբերման մասին է խոսելու։ Մատը մատին չեն խփել, ավելին, հայտարարել է, թե այդ հարցով Սփյուռքն է զբաղվում։ Ուրացման շրջանում է տեղի ունենում ջահերով երթը։ Եվ այս անգամ, ի տարբերություն մյուս բոլոր անգամների, երբ Ծիծեռնակաբերդ էինք գնում վստահ, գլուխներս բարձր, որ մենք պահանջատեր ենք, պայքարելու ենք ու հասնելու ենք մեր արդար պահանջներին, հիմա գնալու ենք ծանր սրտով, որովհետև մեր ապագան զոհ է գնում Նիկոլ-Ռեջեփ քաղաքական սիրախաղին։
Էրդողանը ուրախանում է, իր նպատակներին է հասնում, իսկ ուրացողները իշխանության ղեկին են։
Ապրիլի 25-ից Հայաստանում սկսում են երկիրը էս վիճակից հանելու գործողություններ։ Ցավում եմ, որ իշխանությունը գերադասում է տեսնել պետության վախճանը, բայց ՔՊ-ի հեռանալը՝ ոչ։ Ուրեմն ամեն մի արժանապատիվ քաղաքացու միակ անելիքը առաջիկայում պետք է լինի դիմադրությունը։ Պայքար փողոցում, մինչև իշխանության գնալը։ Նպատակը ինչ-որ մեկին իշխանության բերելը չէ, այլ ինչ-որ մեկից երկիրը, ժողովրդին, հայությանը ազատելը։ Մեկ հոգու պայքար չէ, մեկ ուժի պայքար չէ։ Համատարած բողոքի ալիքներում վստահաբար դու կգտնես քո համախոհներին և քեզ համար ընկալելի թեմաները։ Բողոքի թեմաները ևս զանգվածային են, ամեն մեկը կգտնի իր համախոհներին այդ պայքարում։
Եթե երկիրը, Արցախը, ապագան, պատերազմը քեզ չի ահանգստացնում, մտածի քո ընտանիքի օրինակով, 4 տարում քո կյանքում ի՞նչ է փոխվել, ի՞նչ լավ բան է կատարվել քեզ հետ, քո հարազատների հետ, ընտանիքի հետ։ Կտեսնես, որ քո փրկությունը փողոցում է։ Հիմա պետք է ոտքի ելնել հենց ձեզ համար, ձեր վաղվա համար, ձեր ապրելու իրավունքի համար։
Կարճ ասած՝ մեզ կփրկի միմիայն համազգային համախմբումը։ 2018 թվականի համախմբման ժամանակ փողոց ելած ոչ մեկը չէր մտածում, չէր հավատա, որ այսօր այստեղ ենք հասնելու։ Հիմա մեկ համախմբում էլ պետք է սրանից ազատվելու համար։ Ամոթ է, որ մեր երկրի ու ազգի համար այսքան պատուհաս դարձած թիմը իշխանության է դեռ։ Կա՛մ իշխանությունից հեռանում է Նիկոլ Փաշինյանը կա՛մ Հայաստանը լինելու է առանց հայերի, մտնելու է ուրիշների տիրապետության տակ։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը