14 04 2022

«Կարճ ասած»․ Արցախցիներ, Հայաստանի քաղաքացիներ, ձեզ հայրենիք պե՞տք է



 

Մի քանի օր առաջ պահանջում էինք, որ ընդդիմությունը Ազգային ժողովի նիստերին չմասնակցի, ասելիք չունի այս հողատուների հետ նույն դահլիճում։ Այսօր, տեսնելով խորհրդարանի հակապետական, հակահայկական, հակամարդկային ելույթները, հասկացանք, որ ճիշտ է այլևս չմասնակցելը, թունավոր մթնոլորտում չգտնվելը։ Բայց եթե ներկա լինեին, գոնե ՔՊ-ականների ելույթները կընդմիջվեին պետականամետ խոսքերով։ Ամբողջ աշխարհի հայությունը, մեր թշնամի երկրների ժողովուրդները ուղիղ եթերով հետևում էին, թե ինչպես են Հայաստանի ազգային ժողովում Յան-ով վերջացող ազգանուն ունեցող մի շարք մարդիկ դարձել Ալիևի ու Էրդողանի փաստաբանը։ Արթուր Հովհաննիսյան, Լենա Նազարյան, Լուլու, Վահագն Ալեքսանյան, Հովիկ Աղազարյան, Գուրգեն Արսենյան, Նովրուզի սիրահար Մարիա Կարապետյան, Նիկոլ Փաշինյան․ թող ինձ ներեն էն բոլոր մյուսները, որոնց անունները չնշեցի։ Տպավորություն էր, թե Ալիևը SMS-ով ողարկել էր ելույթների տեքստերը։

Էն մեկն ասում է դե պատերազմում ձախողվեցինք, ի՞նչ եք ողբերգություն սարքել, զոհվել-զոհվել են։ Իր տղերքը ողջ են, իր տղերքը հեղափոխությունից հետո պաշտոնի են, ինքը առաջ խոպան էր գնում, հիմա կարող է քեշով տուն առնել, իր համար ողբերգություն չկա, չի հասկանա ձեր ցավը։ էն մեկն ասում է հայը չի կարող ատել թուրքերին, էն մեկն ասում է՝ սխալ են արել, որ ասել են՝ Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։ Էն մի կինն էլ ուրախացել է, որ Հայաստանից Արցախ գնալ չեն թողնում։ Մնում է էդ ելույթներն էլ թուրքերենով ունենաք ու պըրծ։ Լսելով ՔՊ-ականների էսօրվա ելույթները՝ մտածում ես, որ մի հատ համաշխարհային ջրհեղեղ է պետք, որ խորտակվի ամեն ինչ ու զրոյից կառուցվի ամեն բան։

Մարդիկ բացահայտ ասում են՝  պետք է հանձնենք Արցախը, թող հայերն ապրեն Ադրբեջանի դրոշի տակ, թող գան թուրքերը լցվեն Հայաստան, եղբայրություն կանենք։ Էս ֆոնին էլ Թուրքիայի արտգործնախարարն ասում է՝ ինչի՞ ենք հաջորդ հանդիպումը գնում երրորդ երկրում անենք, գնանք Հայաստանում ու Թուրքիայում անենք, Երևանում մեզ սիրում են։ Դե այս ամենը թուրքերն ու ՔՊ-ն էր։ Իսկ դու՞, ժողովուրդ, պատրա՞ստ ես։ Եթե ոչ, բա ո՞ւր ես։ Ծայրահեղ իրավիճակում ենք, բոլորը հասկանում են, պետք են քայլեր։ Բոլորը նայում են ընդդիմությանը, ճիշտ են անում, բայց ոչ մեկ չի ասում լավ, բա ե՞ս ինչ եմ անում, բացի մուննաթ գալուց։

Նիկոլն ասում էր, որ իրավունք չունի Արցախի անունից բանակցել․ բայց արդեն երկու օր է՝ ԱԺ ամբիոնից բացահայտ խոսում է Արցախը հանձնելու մասին, առանց արցախցիների կարծիքը հաշվի առնելու։ Ի՞նչ են անում արցախցիները, ո՞ւր են։ Չեմ հասկանում, Ձեր համար մե՞կ է, թե՞ մեկ չէ։ Արայիկ Հարությունյանը, էն հողատուն ինչոր քննարկումներ է անում անհասկանալի։ Ո՞ւր ես, ինչո՞վ ես զբաղված։ Ձեզ համար մեկ է՞, թե ինչ է անում Նիկոլը ձեզ հետ, ո՞ւր են ձեր արմատական հայտարարությունները, ռադիկալ քայլերը, ո՞ւր են ձեր բողոքի գործողությունները։ Թե բա՝ ռազմական դրություն է։ Հանեք էդ դրությունը, գործողությունով ցույց տվեք կո՞ղմ եք Ադրբեջանի տակ ապրելու, թե չէ։ Ասեք ձեր խոսքը։

Նիկոլը սահմանագծում է անում Ալիևի գծած քարտեզով, առաջինը տուժելու է Սյունիքը, հետո Գեղարքունիքը, հետո Տավուշը։ Ո՞ւր են էդ մարզերի ժողովուրդը, ինչո՞վ եք զբաղված դուք, ձեզ համար մեկ է՞ ինչ է լինում ձե հետ։ Շարունակելու եք ինտեռնետից հետևել ու մեղադրել ո՞ւմ։ Քա՞նի օր է՝ ընդդիմությունը քաղաքներով պտտվում է, բա հելեք աջակցեք։ Կարող ա՞ էդ հայրենիքը միայն խորհրդարանի ընդդիմությանն ա։

Ժամանակ չկա, առաջ մեկ-երկու ՔՊ-ական էր թուրքի քարոզ անում, հիմա ամբողջ թիմն է անում, իրար հերթ չտալով, բացահայտ։ Ասում են պետք է հանձնենք, մենակ Ղարաբաղը չէ, Հայաստանից էլ լիքը բաներ։ Ժամանակ չունես արդեն, ժողովուրդ, ինչո՞վ ես զբաղված։ Այո, ժամանակ չկա, և ընդդիմությունը պետք է մարտավարությունը փոխի, անցնի հստակ, ակտիվ փողոցային պայքարի: Բայց պետք է հստակ քայլերով թև ու թիկունք լինի ժողովուրդը Հայաստանում և Արցախում։ Արցախի առաջին հերթին իշխանությունները, հասարակական-քաղցաքական շրջանակները պետք է բացեն արցախի Հանրապետության անկախության հռչակագրի դրույթները ու կարդան՝ հավատարի՞մ են, թե ոչ, եթե այո, ուրեմն պետք է քայլերի դիմել։ Հանձնելու գործընթացը սկսում է ապրլի վերջին 15 օրից, ժամանակ չկա։

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ կարող էր էնպես անել, որ ձեր տղերքը չզոհվեին, բայց  տարել ու փաստացի սպանել է տվել։ Զոհերի հարազատներ, ասելիք չունե՞ք։ Ձեր վիշտն էլ ենք հասկանում, սգում ենք ձեզ հետ միասին, բայց պետք չէ փակվել էդ վշտի մեջ։ Այ էդ ձեր բոլորի հնազանդության պատճառով է, որ Լենա Նազարյանը հայտարարում է, թե զոհերի հարազատները համաձայն են իրենց հետ։ Դուք եք բերել ձեր տղերքին, ծանր պահել եք, զոհվել են մեկ մարդու պատճառով, ասելիք չունե՞ք, վերքը տիրոջն է ցավ տալիս, ձեր վերքը ձեզ ցավ չի՞ տալիս։ Գերիների հարազատներ, Նիկոլն ասում է, որ ձեր տղերքը կարող ին գերի չընկնել, բայց ինքը մատը մատին չի խփել ու ընկել են, նորմալ է՞ ձեզ համար, տեղավորվում է՞ էդ սաղ։ Ո՞ւր եք դուք, ինչո՞վ եք զբաղվում։

Առաջ Երևանից ու տարբեր շրջաններից զինծառայողների ծնողներին ավտոբուսներով տանում էին Արցախ՝ իրենց ծառայող տղերքին այցի՝ նրանց ապրելու, ծառայելու պայմանները տեսնելու համար։ Անձամբ ես 5 անգամ գնացել-լուսաբանել եմ, տեսել եմ, թե ոնց էին ծնողները հանգստանում, երբ տեսնում էին, որ իրենց զավակների սնունդն էլ էր նորմալ, հագ ու կապն էլ, ապրելու տեղն էլ։ Էն ժամանակ իշխանությունն ասում էր ծնողներ, ձեզ անվճար տանում ենք ձեր  զավակներին տեսնելու։ Իսկ էսօր հայտարարում են, թե ապրիլի 18-ի մեռելոցին Արցախից ծնողներին անվճար կտեղափոխեն Երևան՝ Եռաբլուր՝ իրենց զոհված զավակերին այցի։

Էս ամենը ո՞նց եք դուք կարողանում հաղթահարել։

Երիտասարդներ են հանդիպում, իրենք իրենց կյանքով, տարբեր ոլորտներում։ Ասում են մի անգամ ոտքի ելանք տեսանք սխալվել ենք, էլ ոտքի չենք կանգնի։ Էդ ինչի՞, բա մեկ անգամ ոտքի ելաք, մեզ գցեցիք էս ճահճի մեջ, հիմա դուք էլ եք հիասթափված, մենք էլ, բայց պետք է հաղթահարել ու ի վերջո ավարտել ամեն ինչ։ Մարդը ԱԺ ամբիոնից ելույթ ա ունենում, ասում ա մեզ պետք չեն մեր բարձունքները, մեզ պետք է խաղաղություն, ի՞նչ տարբերություն որ երկրի կազմում կապրենք, թող նախագահի ազգանունը Խաչատուրյան չլինի,Ալիև լինի, ի՞նչ եք խառնվել իրար։

Եթե ընդդիմությունը դուրս է գալիս փողոց, ժողովուրդը կանգնում է ոտքի, դիմակայում է, այս պետականակործան ծրագրին, ուրեմն արժանի ենք ունենալու Արցախ, Սյունիք, անկախ պետություն, պետականություն։ Կամ հեռանում է այս իշխանությունը կամ հեռանում է հայ ժողովուրդը, սա է ընտրությունը։ Երրորդ տարբերակ չկա։ Այսօր ազդակներ հնչեցին, որ վաղը արդեն նոր քարտեզներ են փոխելու Հայաստանում, ու մենք չգիտենք մեր երկրի որ մի տարածքը արդեն մեջը չկա։

Կարճ ասած՝ ՔՊ-ական իշխանությունը, ժողովրդի անունից իշխանության եկածները պետության թաղումն են կազմակերպում։ Հիմա ուզում եմ իմանալ՝ ժողովուրդը կո՞ղմ է դրան, թե՞ դեմ է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, Արցախի Հանրապետության քաղաքացիներ, դուք ապրել ուզո՞ւմ եք, դուք պետություն ուզո՞ւմ եք։ Մեր երկու պետությունները մեզ պե՞տք են։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ