ՀՀ Վճռաբեկ դատարանն այսօր՝ ապրիլի 8-ին, բեկանեց Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ 2010 թվականին կայացված դատավճիռը և նրան անմեղ ճանաչեց մարտի 1-ի մասով։ Հիշեցնեմ․ 2008 թվականի մարտի 1-ին մեր երկրում տեղի ունեցան զանգվածային անկարգություններ, որոնց հրահրողներից, կազմակերպիչներից մեկը Նիկոլ Փաշինյանն էր, եղան բախումներ, ունեցանք թալանված խանութներ, ունեցանք մի քանի տասնյակ միավոր ջարդված ավտոմեքենաներ, ունեցանք բազմաթիվ վիրավորներ, այդ թվում ու մեծամասամբ ոստիականական ուժերից և 10 զոհ։ Նիկոլ Փաշինյանը փախավ, թաքնվեց արդարադատությունից մեկ տարի չորս ամիս, հետո դուրս եկավ, գնաց հանձնվեց իրավապահներին և 2010թ հունվարի 19-ին դատապարտվեց 7 տարվա ազատազրկման՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։ Այդ ամենը կազմակերպելու ու հրահրելու համար, նա պատժվեց ընդամենը 1 տարի 11 ամիս ազատազրկվելով, հետո համաներվեց։ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին իշխանությունը վերցրեց, ուղիղ 100 օր անց հանրահավաք արեց ու հայտարարեց՝ կա՞ տենց մի դատավոր, որ իմ ասածը չանի։ Էսօր վճռաբեկ դատարանը՝ նախագահությամբ Համլետ Ասատրյանի ասաց՝ չէ, շեֆ ջան, չկա էդպիսի դատավոր։
Թե ինչեր է արել Նիկոլ Փաշինյանը 2008թ․ մարտի 1-ին, այդ մասին կան ոչ միայն ցուցմունքներ, վկայություններ, այլ բազմաթիվ կոնկրետ վիդեոնյութեր։ Նայում ենք այդ տեսանյութերը․ Նիկոլը ցուցարարներին ասում է՝ «Ես ձեզնից յուրաքանչյուրին կոչ եմ անում ունենալ ձեռքին ինչ-որ բան՝ ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար՝ կլինի փայտ, կլինի քար, չգիտեմ ինչ»։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ բարիկադներ սարքեք, քարերով, աղբամաններով, էդ տականքները կարող են հարձակվել։ Էդ ի՞նչն էին ուզում գրավել, Բաքո՞ւն, տականքները ադրբեջանցիներն էի՞ն, թուրքե՞րն էին, ինքն էլ ԳՇ պե՞տը։ Չէ, պարզվում է՝ Երևանն էին գրավում, տականքներն էլ հայ ոստիկաններն էին։ Նիկոլ Փաշինյանի ձայնը հիշում ենք՝ «Ձկան խանութ պադկրեպլենիա է պետք» կամ՝ «Մեր առաջին ռազմավարը» կամ՝ «Ձեր դիրքերից հետ մի գնացեք, էսօր պետք է վերջացնենք»։ Նիկոլն ասում էր՝ «Տղերք ջան, հոգիս փառավորվեց, որ իմացա՝ ոստիկանների ձեռքից մահակ եք խլել»։ էն մեկն էլ գոռում էր՝ «լիքը»։ Ու սա ձևակերպվում է խաղաղ հավաք։ Սա՝ ժողովուրդ, մահակներ խլելը, պադկրեպլենիա ուղարկելը, ռազմավարը, ոստիկանին ծեծելը խաղաղ հավաք է։
Ի՞նչ հասկանալ վճռաբեկ դատարանի որոշումից․ ըստ էության՝ ցանկացած ոք Հայաստանում կարող է կազմակերպել զանգվածային անկարգություններ, կարող է հրահրել բախումներ, կարող է մարդկանց տանել մահվան, կարող է կոչ անել զինել փայտերով, քարերով, ձողերով։ Վճռաբեկը դա համարում է իրավաչափ։ Հիմա սա ի՞նչ ազդակ է բոլոր նրանց, ովքեր ուզում են ակցիա անել մեր երկրում, հավաք անել, այդ թվում՝ զինվելով քարեր ու փայտերով։ Ի՞նչ է, չկա՞ն այնպիսի մարդիկ, ովքեր ուզում են էսօրվա Արցախ հանձնածների գլուխ ջարդել, քարով, փայտով, կան չէ՞, հիմա ի՞նչ, դա այլևս նորմա՞լ է։ Հարգելի ոստիկաններ, Հայաստանի եռաստիճան դատական համակարգի բարձր կետը հայտնել է, որ ձեր ձեռքից մահակ խլելը, ձեր ավտոները վառելը, ձեր ձեռքից տաբելային զենք խլելը խաղաղ հավաք է և արդարացված է։ Վճռաբեկ դատարանը այսօր փաստորեն ասաց, որ ամեն մեկը կարող է հրապարակային կոչ անել քաղաքացիներին զինվեն ինչով կարող են, գնալ ու դիմադրել ոստիկաններին, բռնի կերպով ու վերջում արդարացվել։
Ալեքսանդր Արզումանյանը, որ հիմա դեսպան է աշխատում, 2008թ․ ասում էր՝ ինչ լավ էր, Լֆիկի Երևան Սիթին թալանեցին, կերանք-կշտացանք, հիմա դիմել են վճռաբեկ՝ արդարացնելու համար, ասում են՝ նա ոչ մի հանցանք չի կատարել։ Բա իհարկե՝ եթե հանցանք չէ քարերով մարդկանց զինելը, ոստիկաններին ծեծելը, Լֆիկի խանութ թալանելը ինչի՞ պիտի հանցանք լինի։ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «Հոգիս փառավորվեց, որ ոստիկանների ձեռքից մահակներ եք խլել։ ժողովուրդ, վճռաբեկ դատարանը ասում է, որ չի դատապարտվի նա, ով կոչ կանի ոստիկանների ձեռքից մահակներ խլել և հոգին կփառավորվի»։
Հարգելի արդարադատության նախարար, Հայաստանի բանտերում ինչի՞ են մարդիկ պահվում․ բացի քաղբանտարկյալներից, որոնց սրբորեն պահում եք Նիկոլի իշխանութունը պահելու համար, մնացած բոլորին հանեք դուրս, արդարացրեք։ Եթե կարող են մարդկանց կոչ անել զինվել ինչով կարող են, լինեն բախումներ, մարդիկ մահանան, ու դա արդարացվի, էդ դեպում ինչո՞ւ եք այլ սպանությունների համար մարդկանց նստացնում։ Կա՞ն դատապարտված անձինք, որոնք նստած են ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կոչերի համար․ Իսկ դուք գիտե՞ք, որ վճռաբեկ դատարանը արդարացնում է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրածներին քաջալերելու ու կոչեր անելու համար։ Ձեր փաստաբաններին ասեք, թող վճռաբեկ գանգատ տան, դատախազին խելքի գցեն, թող նա տա։ Ձեզանից քա՞նիսն են նստած գողության համար, պահանջեք թող արդարացնեն, խանութներ թալանելը ոնցոր արդարացվում է։ Մարդիկ մտան ՊՊԾ գունդ, ոստիկանների սպանեցին, ազատ ֆռֆռում են, քաղաքական հայտ են ներկայացնում, էսօր էլ դրոշ են պղծում։ Նիկոլի սարքած Հայաստանը էդ ա, իսկ իրականում քանդած Հայաստանը էդ ա։
Բոլոր նրանք, ում վրա քրեական գործ կա ավտոմեքենաների համարանիշ գողանալու համար, թող աչքի առաջ ունենա Լոռու մարզպետի օրինակը, մարդու նկատմամբ կա փաստ, բայց ի՞նչ օգուտ։ Բոլոր նրանք, ում վրա կեղծ դիպլոմի մեղադրանք կա, թող հիշեն Արագգածոտնի ու Սյունիքի մարզպետների օրինակները։ Բոլոր նրանք, ում վրա ընտրակաշառքի մեղադրանք կա, թող հիշեն կոկորդիլոսագետ Գարիկի օրինակը ու բոլոր բաժանած փողերը, փռած ասֆալտը համարեն սոցիալական օգնություն։ Բոլոր նրանք, ում վրա գործ կա թմրանյութերի մասով, թող իմանան, որ նիկոլականները ազատվում են պատժից, եթե ասում են «գտել եմ»։ Եթե վարչապետը կարող է հրահրել զանգվածային անկարգություններ ու արդարացվել, ուրեմն մեր երկրում կա 3 միլիոն վարչապետ, ամեն մեկը կարող է անել ինչ ուզում է։ Դրա համար էլ օրը մեկին գյուլլում են փողոցի մեջտեղում։ Ահա թե ինչ սարսափելի օրինակ է մեզ համար Նիկոլի իշխանությունը։
Հայաստանի դատական համակարգը այլասերվում է, պղծվում է Հայաստանի քրեական օրենսգիրքը։ Կրկնում եմ՝ այս ամենը պետք է դիտարկել՝ «Կա՞ տեց մի դատավոր, որ իմ ասածը չանի» հայտարարության սահմաններում։ Եթե Նիկոլ Փաշինյանը վճռաբեկ դատարանին հրամայի իրեն հռչակել Հռոմի պապ, ինչ է, չի հռչակելու՞, ի՞նչ իրավունք ունի ասի չէ, էսքանից հետո։ Ցանկացած դատարան ցանկացած դրական վճիռ որ կայացնի Նիկոլ Փաշինյանի օգտին և ցանկացած որոշում կայացնի ընդդեմ Նիկոլի հակառակորդների, պետք է ելակետ ընդունել նրա՝ բեմից արած այդ հայտարարությունը։
Ասել եմ ու կրկնում եմ՝ սրանք կեղծում են ամեն ինչ, կեղծում են պատմությունը, կեղծում են պատերազմը, կեղծում են պարտությունը, կեղծում են վիճակագրությունը, կեղծում են դիպլոմները, կեղծում են միջազգային կոնվենցիաներն անգամ։ Մամուլը գրել էր, որ ՊՆ-ում, ԳՇ-ում հատուկ խումբ է ստեղծվել, որը խմբագրում-սրբագրում է հին հրամանները, մաքրում փաստաթղթերը, որպեսզի 44-օրյա պատերազմից չոր դուրս գա քաղաքական իշխանությունը։ Կեղծ են ու անօրինական սրանց արածները, ստորագրածները, նշանկածները, դերասանություն են, ֆեյք են։ Հաջորդ հրամանով արդեն կասկածելի կճանաչեն՝ մարտի 1-ի կազմակերպիչ ընդհանրապես եղե՞լ է, ելույթներ եղե՞լ են, թե ոչ, թե՞ մի քանի հոգի ինքնակամ գնացել են հանցագործություն են արել։ Մարտի 1-ի պատմությունը կարելի է համարել կեղծված։ 2018 թվականից հետո ինչ գրեն պատմության դասագրեքերում, փոխելու ենթակա է, կեղծ է ։
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը տանում է երկիրը օրինախախտության ճանապարհով։ Պետության վախճանը հենց սա է, կարելի է հողերը տալ ու մնալ անպատիժ, կարելի է 5 հազար զոհ տալ մնալ անպատիժ, կարելի է զանգվածային անկարգութուններ սարգել ու արդարացվել։ Պետականությունը սենց է քանդվում։ Ո՛չ ղեկավարն ունի պետականության մի պստլիկ նշույլ, ո՛չ ենթակաները։ Էս ի՞նչ եք անում դուք էս երկրի հետ, էս ի՞նչ ազդակներ եք փոխանցում ժողովրդին։ Նիկոլ Փաշինյանին արդարացերցին զանգվածային անկարգությունների համար, դրա համար էլ 5 հազար մեր տղերքի մահվան համար ու հայրենիքը հանձնելու համար, որևէ քննություն չարեցին, ինչէ թե Նիկոլ Փաշինյանն է, դեռ վարչապետ է։ Որքա՞ն մեծ աշխատանք է պահանջվելու ՀՀ հաջորդ իշխանություններից՝ այս ռեժիմի արած ապօրինությունները չեղարկելու համար։ Եթե էս մարդիկ՝ Նիկոլն ու իր թիմը, իր դատավորները, իր ոստիկանները, իր դեպուտատները իրենց խղճի հետ հաշտ են, իրենց նկատմամբ օրենքը չի կարող հաշտ լինել։ Այս ամենը խիստ ժամանակավոր է։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը