31 03 2022

«Կարճ ասած»․ Ի՞նչ շահեց Ուկրաինան, որ մենք շահենք



 

Ի՞նչ են քննարկում Հայաստանում քաղաքացիները, տարբեր մասնագիտական շրջանակները․ Աննա Հակոբյանը իր փիարի համար օգտագործել է զոհված զինծառայողների հարազատներին։ Կազմակերպել է փարթի, եկել-տժացել են, նկարել գցել են համացանց։ Կարծես՝ տեսե՛ք, մեռե՛ք, նպատակով։ Հիմա ծնողների մի մասը մյուսին է մեղադրում՝ Աննայի փիարին զոհ դառնալու համար։ Երեկ երեկոյան վրա հասավ մեկ այլ առիթ․ ավանի փոխթաղապետի տանից հաշիշ են գտել ոստիկանները։ Մի զավեշտ էլ սա է․ մեկ մարդկանց ջեբը պլան են գցում, որ բռնեն, մեկ էլ ջեբից գտած պլանն են արդարացնում։ Մյուս թեման արտակարգ իրավիճակների նախարարն էր․ մարդը, ասում են, ջեռուցման կաթսա է ստացել ու պաշտոնի է նշանակել։ Այո, ամեն ինչ սպասելի է Նիկոլի Հայաստանում։ Սպասելի էր նաև էսօր առավոտ լսածը․ դատավորը թողել է, որ քաղբանտարկյալ Նարեկ Մանթաշյանը մնա կալանքի տակ ու հանգիստ խղճով գնացել է վերապատրաստվի, հետո էլ արձակուրդ վերցնի։ Ես չգիտեմ, թե էդ ինչ են վերապատրաստվում, որ էդպիսի դատավոր են դառնում։ Նիկոլենք ասում են, թե քաղաքացին գերագույն արժեք է, բայց էդ քաղքացուն կալանքի տակ են պահում, տնից տեղից կտրում են, բանտում հիվանդություններ է ձեռք բերում։ Նարեկ Մանթաշյանին լավ եմ ճանաչում, հաճախ էի հյուր հրավիրում մեր տաղավար հարցազրույցի, միշտ հետաքրքիր էր իր տեսակետը, որպես երիտասարդ, հայրենասեր քաղաքական գործչի․ ի՞նչ ասեմ, դիմացիր, դու ևս պատանդ ես Նիկոլի ռեժիմին։ Իրականում, մենք նույնպես պատանդ ենք Նիկոլի իշխանությանը․ ուղղակի դու փակ ռեժիմում ես, մենք՝ կիսաբաց։ Սրանք են ներքին գործընթացները, ու մեր քաղաքացիները կարծես չեն էլ մտածում, թե ինչ լուրջ գործընթացներ են աշխարհում, ու հատկապես մեր երկրի շուրջ։

Գանք հերթով․ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարն ասում է՝ հարգելի Եվրոպա, խնդրում ենք ջանքեր գործադրեք, սրեք բոլոր այն հակամարտությունները, որոնք ռուսական հետաքրքրությունների տիրույթում են․ դրանով Ուկրաինայի գործը կթեթևանա։ Այս հայտարարությունների ֆոնին Արարատ Միրզոյանն ու Չավուշօղլին հանդիպում են ունենում, լայն ժպտում են։ Դրանից հետո՝ մարտի 21-ին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բեռլինում հանդիպում է Գերմանիայի կանցլերի անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդական Յենս Պլյոտների հետ։ Մի մարդու հետ, որը բրիտանական հետախուզության պետ Ռիչարդ Մուրի մերձավորն է․ իսկ բրիտանացիներն էլ, որոշ տեղեկություններով, 44-օրյա պատերազմի քավորն էին։ Ու սորոսական Արմեն Գրիգորյանի ու Գերմանացի պաշտոնյայի հանդիպումից երկու օր հետո Արարատ Միրզոյանի ժպիտից ծնված բայրաքթարերը սադրանքներ արեցին Փառուխում։ Ասում են, անցած պատերազմի հիմնական հրահրողներից մեկը Մեծ Բրիտանիան է, որի ուղղակի ենթակայության ներքո է գտնվում Ադրբեջանը։ Երեկ անսպասելիորեն Բաքու է այցելում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը՝ քննարկելու իրավիճակը Ուկրաինայում, Արցախում, Հայաստանում։ Գուցե համոզում է այստեղ Ռուսաստանի դեմ ճակա՞տ բացել։

Եվրոպական տրամաբանությունն էր 44-օրյա պատերազմից հետո հասնել ռուսական ռազմաբազայի դուրսբերմանը Հայաստանից, դա չհաջողվեց, հիմա ուզում են դուրս բերել խաղաղապահներին։ Հենց այդ տրամաբանությամբ էլ առավոտից իրիկուն Փաշինյանն ու իր ենթակա ՔՊ-ականները մեղադրանքի սլաքներ են ուղարկում ռուս խաղաղապահներին։ Ասում են՝ Ռուսաստանը չի կատարում իր պարտականությունները, մենք գնում ենք խաղաղության համաձայնագիր կնքելու, անհապաղ։ Իսկ որ խաղաղության համաձայնագիր ենք կնքում, Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Ղարաբաղով հանդերձ, էլ ի՞նչ խաղաղապահ։ Էսօրվա կառավարության նիստից մարդիկ ահաբեկվել են․ Նիկոլ Փաշինյանը խոսում է օր առաջ ու ամեն գնով խաղաղության մասին․ ու էդ խաղաղությունը ստորագրելու է կամ առվազն նախաստորագրելու է հավանաբար ապրիլի 6-ին՝ Բրյուսելում։ Սա էլ է, ի դեպ, հետաքրքիր, Հայաստանի ԱԽ քարտուղարը գնում է Բրյուսել, ու գաղտնի հանդիպում է Ալիևի մամուլի քարտուղարի հետ։ Ինչո՞ գաղտնի, որովհետև այդ մասին խոսք չկար, մինչև չհանդիպեց, վերջացրեց։ Մի տեսակ պասերով խաղի տեսք է ստացել այս ամենը ավելի շատ, քան՝ որ ուղղակի ռուսները չեն կարողանում ապահովել խաղաղություն, մենք մեր շահերի հետևից ենք գնում։ Նախ Փաշինյանը, Միրզոյանը դեռ մինչ վերջին սադրանքներն էին ասում որ համաձայնվել են Ադրբեջանի կետերին։ Բա, այդ դեպքում ի՞նչ կապ կա ռուս խաղաղապահների գործողությունների կամ անգործության ու պրոցեսի այստեսակ արագացնելու մեջ։ Չէ՞ որ, միևնույնն է՝ համաձայն էիք ձեր կիրթ հարևանի պայմաններին։ Ուրեմն խնդիր կար նաև հանրության աչքերում ռուսներին փչացնելու։  

Նիկոլն այսօր առավոտյան հայտարարում է, որ Ադրբեջանն ուզում է հարձակվել Հայաստանի վրա ու Արցախի վրա․ ինչի՞ է ուզում հարձակվել Նիկոլ, որ խաղաղության համաձայնագիր ստորագրե՞ս, թե՞ որ տարածք վերցնի, թե՞ հանձնարարություն ունի ռուսին խփելու, փչացնելու, բոլորիս աչքին։ Եթե նրա մտքում խաղաղության համաձայնագիրն է, ինչո՞ւ է հարձակվում, եթե դու պատրաստ ես․ եթե պատերազմն է մտքում, ուրեմն ոչ մի համաձայնագիր չի կասեցնի։ Ի դեպ, Թուրքիայի արտգործնախարարը չի թաքցրել, որ նախապայմանով է շփվում Հայաստանի հետ, դա այն է, որ պետք է ամեն ինչ ձեռնտու լինի Ադրբեջանի համար։ Մերոնք ասում են՝ թուրքերի հետ էլ բարիշենք, մեզել է ձեռնտու, Ադրբեջանին էլ։ Մի մեղրամի՜ս է, որ էլ դու սուս։

Սակայն ամեն բան այսքանով չի վերջանում։ Մի փոքր ավելի լայն որ նայում ենք, փորձում ենք հասկանալ խոշոր խաղացողների տրամաբանությունը, ստացվում է՝ որ այն երկրները, որոնք շահագրգռված են ռուս խաղաղապահների դուրս բերմամբ, այդ նույն երկրները հիմա հակամարտում են նրա հետ, ուզում են թուլացնել Ռուսաստանը, այս փուլում կտրել աշխարհից, հետագայում մասնատել, եթե հնարավոր լինի, ու այդ ամենն իրականացնելու համար օգտագործում են այլ՝ ավելի փոքր երկրների տարածքներ և ժողովուրդներ, ինչպեսին է, օրինակ, Ուկրաինան, այդպիսին է Հայաստանը, որին վարի տալուց անգամ աչք չեն թարթի,  պետք եղավ՝ էդ պատերազմը կհրահրեն ու կբերեն մինչև Երևան, միայն թե ռուսին վատ լինի, իր ազդեցությունը չլինի, հայը ատի, ադրբեջանցին ատի, ուկրաինացին և այդպես շարունակ։ Սա մի խոշոր պայքար է, որտեղ դու զոհ ես լինելու, ժողովուրդ․ զոհ է էսօր ուկրաինացին․ երկրի մի մասը քարուքանդ է եղել, բնակչության 10 տոկոսը դարձել է փախստական՝ շուրջ 5 մլն մարդ։ Ոգևորեցին ուկրաինացիներին, թե դիմադրեք, մենք էլ կգանք միասին կվերցնենք Ռուսաստանը, ծնկի կբերենք, ահա ձեզ զենք, սա ձեզ փող․ բայց այ՝ զինվոր չէէ, այլ սանկցիաներ կմտածենք, դուք միայն դիմացեք։ Դիմացեք, մինչ վերջին ուկրաինացին, կռվեք։ Եվ ի՞նչ, քա՞նի կոպեկ արժեին էդ միլիարդավոր եվրոները, էդ զենքերը, կամ սանկցիաները Ուկրաինա պետության համար, որը արդեն հարցական է․ մոտ ապագայում գույություն կունենա՞, թե՞ լինելու է բուֆերային գոտի Արևմուտքի ու Արևելքի արանքը։ Ի՞նչ շահեց Ուկրաինան այդ արևմտյան խաղերից, տեսեք, և կհասկանաք՝ ի՞նչ է սպասվելու մեզ, եթե դառնանք այդ խոշոր խաղերի մանրադրամը։ Վախենամ արդեն դառել ենք։  

Կարճ ասած՝ տեղի է ունենում հետևյալը․ Արևմուտքը ուզում է թուլացնել Ռուսաստանին Արցախում երկրորդ ճակատ բացելով, այդ առիթից օգտվելով Ադրբեջանն ուզում է վերցնել Արցախը, քանի որ դրան խանգարում է խաղաղապահների ներկայությունը, Հայաստանը շատ բան չի ուզում՝ ուզում է, խաղաղություն։ Բայց արևմուտքի ուզածը, ո՛չ Արցախը Ադրբեջանին տալն է, ո՛չ էլ, առավել ևս, որ Հայաստանում խաղաղություն լինի, այլ հակառակը՝ որքան հնարավոր է՝ խառը լինի այստեղ, բախում լինի, պատերազմ, որ ռուսը ստեղով էլ զբաղվի, զորք մտցնի-հանի, խրվի, խայտառակվի։ Բա, տղերք։ Հայաստանի իշխանությունների անհեռանկար քաղաքականության պատճառով Հայաստանը կանգնած է նոր պատերազմի շեմին, որի շահառուն մենք չենք, ու պատկերացրեք՝ ոչ էլ Ադրբեջանը։ Որքան էլ իրեն աքլորի պես պահի Ալիևը, ինքը նույնպես խամաճիկ է այս խաղերում։ Այլ հարց է, որ թե՛ մեզ, թե՛ Ադրբեջանին թվում է, թե կարող է մի բան շահենք։ Նայեք Ուկրաինան, ի՞նչ շահեց։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ