22 03 2022

«Կարճ ասած»․ Ադրբեջանում այդքան ադրբեջանասերներ կա՞ն, որքան Հայաստանի իշխող թիմում



 

Վերջին երկու-երեք օրերին քննարկման հիմնական թեման քաղաքական ամբիոններում և հատկապես խորհրդարանում Արցախն է, Թուրքիայի հետ հարաբերություններն են, Հայաստանի սահմաններն են։ Որևէ կերպ անհնար է այն, ինչ կատարվում է, կարողանալ գոնե մի քիչ դրական լույսի ներքո նայել, Հայաստանի շահերին համապատասխան նայել։ Ակնհայտ է լրիվ ուրիշ բան։ Որքան էլ ուղեղդ անջատած պահես, մեկ է՝ երևում է վտանգը։ Դա գիտակցում է նաև իշխանությունը, բայց ասում է՝ մենք գնում ենք խաղաղություն հաստատելու, բայց ավելի ճիշտ կլինի ասել՝ խաղաղություն մուրալու, ու այդ ամենը հանուն ՔՊ-ական իշխանության պահպանման։

Այդ խաղաղություն խնդրելու շրջանակներում Հայաստանի պաշտպանության նախարարության երեկվա հայտարարությունն էր։ Ցանկացած այլ երկրում այդպիսի հայտարարությունը կհամարվեր դավաճանություն։ Թշնամին մտել է Կապանի շրջան, առաջ է եկել, գյուղացիներն ասում են՝ սա նոր բան է, նախկինում չի եղել, հասել են Ներքին Հանդ գյուղին։ Մարդու իրավունքների պաշտպանն այդ ամենը հաստատում է։ Պաշտպանության նախարարությունն ասում է՝ ո՛չ, դա նոր չէ, 2021 թվականի մայիսին են եկել, հետո հետ են գնացել, հիմա էլի եկել են ու որպես ապացույց ինչ-որ ֆոտոներ է բերում։ Պաշտպանության նախարարությունում արդեն պետք է պատասխանատվության ենթարկվողներ լինեին։ Մայիսի 12-ին մտան Հայաստան, ասացիք՝ ներխուժել են մեր ինքնիշխան տարածք, գլխավոր դատախազըությունը գործ հարուցեց՝ առանց հետևանքի։ Ադրբեջանցիները հետ են գնում էս ընթացքում, մեր պաշտպանության նախարարությունը հենակետեր չի սարքում, դիրքերը չի ամրապնդում ու սպասում է, որ էլի գան։ Սուրեն Պապիկյանի անգործության արդյունք է։ Մարդիկ ասում են՝ մրոնք են թույլ տվել, որ թշնամին մտնի Կապան։ Վաղը թույլ են տալու, որ մտնի Նոյեմբերյան, Իջևան, Վարդենիս։ Չնայած էլի նոր բան չեմ ասում, թույլ չե՞ն տվել, որ Վարդեսիսից էլ հատվածներ են վերցրել։

Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորների էսօրվա ելույթները Ալիևը փայլուն կհամարեր, եթե դրանք տեղի ունենային Մեջլիսում ու Միլի Մեջլիսում։ Չգիտեմ, ինքը իր կուսակցությունում իր մեջլիսում այդքան ադրբեջանասեր պատգամավորներ ունի, թե ոչ։ Ընդդիմադիր պատգամավորներն ասում են՝ եկեք օրենքով սահմանենք, որ ոչ ոք իրավունք չունենա ասել, թե Սյունիքը մերը չէ, Սևանը մերը չէ, Սև լճի համար կռիվ չեմ անի, էն բարձունքների համար կռիվ չեմ անի, որոնց վրա ձյուն կա, Շուռնուխը մերը չէ, որ էդպես ասող մարդիկ քրեական պատասխանատվության ենթարկվեն, գնան նստեն։ Կասե՞ք, ինչ կա որ, դա էդպես պետք է լինի․ բայց արի ու տես, որ ՔՊ-ն դեմ քվեարկեց, ասում է՝ սա ՀՀ քաղաքացուն դեմ է, տենց որ լինի՝ չեն կարող ազատ խոսել։ Այդպիսի ՀՀ քաղաքացի ասելով, տակը իրականում պետք է նկատի ունենալ միայն ՔՊ-ականին։ ՔՊ-ականներից մի դեպուտատ ասում է՝ ես ճանաճում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, էն մյուս պատգամավորն ասում է՝ թող ղարաբաղցիները գնան Հայաստանից, էն մի դեպուտատն ասում է՝ Հայաստանում ադրբեջանական տարածքներ կան, պետք է հանձնենք։ Ասե՛ք, հիմա Ալիևը իրենց մեդալ չէ՞ր տա։ Էդ օրենքը եթե մտներ ուժի մեջ, ՔՊ-ականների կեսը կնստեին։ Բայց նրանք ասում են՝ մեր երկրում Նիկոլին հայհոյողը պետք է գնա նստի, իսկ պետություն անարգողը, սահմանները կասկածի տակ դնողը պետք է պարգևավճար ստանա։ Ասում են՝ խոսքի ազատությունը կխախտվի։ Թքել եմ էն խոսքի ազատության վրա, երբ Հայաստանում կարող է վեր կենալ որևէ մեկն ու ասել Արցախը, կամ Սյունիքը մերը չէ ու իր հետևից չգնա ոստիկանությունը։

Մարդիկ ասում են՝ ինչի՞ եք զարմանում, էլ ո՞նց էս մարդիկ ապացուցեն, որ իրենք աշխատում են Ադրբեջանի օգտին, Ադրբեջանի պատվերով մի գուցե․ հազար ու մի կասկածներ էին առաջանում, հիմա բոլորը ապացուցվում է։ Տեսեք, էսօրվա թարմ օրինակը բերեմ։ Ադրբեջանը որ պահին ուզում է՝ Արցախը թողնում է առանց գազի, հումանիտար ճգնաժամի մեջ է մեր Արցախը։ Հայաստանի խորհրդարանում ընդդիմությունն ասում է եկեք քննարկենք վիճակը, հրավիրենք փոխվարչապետին ու ԱԳ նախարարին։ Ասում են՝ հա եկեք, բայց փակ քննարկենք։ Իբր կարող է պետական գաղտնիքներ լինեն։ Արցախը լույս չունի, գազ չունի, պետական գաղտնիքը ո՞րն է։ Իմ կարծիքով, ՔՊ-ն փակ արեց քննարկումը մեկ պատճառով, որովհետև եթե բաց անեին, ուղիղ եթերով գնար, չէին կարող Ադրբեջանի դեմ ելույթներ ունենալ, վախենում են, չգիտեմ ինչի։ Վերջում, որ պետք է հայտարարություն ընդունեին, ՔՊ-ն չմասնակցեց, ու տապալվեց հայտարարությունը։ Եվս մի մեծ լավություն Ադրբեջանին։ Կարդացեք ադրբեջանական մամուլի վերնագրերը, օրը մի նվեր ստանում են ՔՊ-ից։ «Հայաստանի իշխանությունը հրաժարվեց դատապարտել Շուշիի հռչակագիրը», «Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ Շուշին հայկական չէ», «Հյաստանի իշխանության անդամը արցախցիներին ասում է գնացեք Հայաստանից», «Հայաստանի Ազգային ժողովում իշխանությունը չընդունեց հակաադրբեջանական հայտարարությունը», «ՔՊ-ն հրաժարվեց դատապարտել Ադրբեջանին»։ Ադրբեջանը ՔՊ-ի այս բոլոր ազդակները ընդունում է որպես պարտության նշան, հանձնվելու նշան, որպես կապիտուլյացիա։

Հայաստանի արտաքին գործերի նախարարը Հայաստանի խորհրադարնում ելույթ է ունենում ու չի պատասխանում Շուշիի օկուպացիայի վերաբերյալ հարցին, չի պատասխանում հարցին՝ հո չե՞ն քննարկելու Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելը։ Որովհետև իրենցից ամեն ինչ սպասելի է։ Ու ամեն ինչ անում են թաքուն, թաքուն բանակցում են, գալիս-հայտարարում են՝ մենք ամենաթափանցիկն ենք, նրանց հետ ուրիշ բան են բանակցում, մեզ հետ ուրիշ բան են ասում։ Արարատ Միրզոյանն ասում է՝ Ադրբեջանը մեզ առաջարկներ է փոխանցել, որը մեզ համար ընդունելի է։ Ի՞նչ առաջարկներ է փոխանցել, ո՞ւմ համար է ընդունելի, կետ առ կետ ասեք, թե ինչ առաջարկներ են, դուք դա էլ եք թաքցնում։ Կամ՝ ինչպե՞ս է փոխանցել՝ Նիկոլ-Ալիև ուղիղ կապո՞վ։

Արարատ Միրզոյանն ասում է՝ պայմանավորվել ենք Չավուշօղլուի հետ Թուրքիայի հետ սահմանը բացելուն հասնել, բայց չի ասում՝ ինչ են բանակցում, ինչի՞ հաշվին, ո՞ւմ հաշվին։ Ասում ես Արարատ Միրզոյան, Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ հրճվանքի պատճառը ո՞րն էր, ասում է՝ 1920 թվականին բա ինչի՞ էին ժպտում։ Էս ա մակարդակը։ Իրենք այսօր ԱԺ ամբիոնից կարողանում են պոռոտախոսել զուտ նրա պատճառով, որ հնարավորություն ու համարձակություն ունեցան բունկերներից դուրս գալ, միամիտ ժողովրդի մեղքով։ Մարդիկ մտածում էին՝ հեսա ինքնասպան կլինեն, հեսա կփախչեն, չեն կարող մնալ այս կերած բողկերի տակ, ու սրանք մնացին, ոչ մեկն էլ չարեցին, պարտադրողն էլ չեղավ, իրավապահ համակարգն էլ չաշխատեց։ Մի ՔՊ-ական անհավասարակշիռ ելույթ է ունենում, մյուսները ծափ են տալիս։ ՔՊ-ականներին կանգնեք ուղիղ հարց տվեք, «այո» ու «ոչ»-ով, Արցախը օկուպացվա՞ծ է Ադրբեջանի կողմից։ Չեն ասելու։ Ուղիղ հարց տվեք՝ Արցախը բացառո՞ւմ եք, որ ձեր կամքով կամ թույլտվությամբ երբևէ կթողնեք Ադրբեջանի կազմում։ Այո կամ ոչ։

Կարճ ասած՝ մթնոլորտը շատ ծանր է։ Հետևելով իրադարձություններին, հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալու պարագայում Հայաստանին սպառնում է թրքացում, նոր պատերազմ, էլի ու էլի գաղթ, փախուստ ցեղասպանությունից ինչպես 1915 թվականին էր։ Իմ կարծիքով, երկիրը գնում է հենց այդ ուղղություններով՝ միաժամանակ։ Ցավն այն է, որ սա տեսնում են շատերը, գիտակցում, որ առանց կանգառի երկիրը կործանման է գնում, բայց փոխել, շեղել այդ ճանապարհից դեռ չի ստացվում։ Հասարակության լայն զանգվածի գիտակցումն է հարկավոր։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ