27 01 2022

Սահմանափակումների պատճառով ռեստորանային ոլորտում համախառն վաճառքը մոտ 20 տոկոսով ընկել է. նախարար



Այս մի քանի օրվա տվյալների վրա հիմնված տեղեկատվությունը ցույց է տալիս, որ ռեստորանային ոլորտի ընկերությունների համախառն վաճառքը մոտ 20 տոկոսով ընկել է։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով հունվարի 22-ից գործող սահմանափակումներին, որով պարտադրվում է քաղաքացիներին մի շարք օբյեկտներ մտնելիս ցույց տալ կա՛մ պատվաստման QR կոդը, կա՛մ թեստավորված լինելու մասին համապատասխան փաստաթուղթը։

«Կան նաև ոլորտի ընկերություններ որոնց մոտ շատ քիչ է ընկել՝ հաշվի առնելով իրենց հաճախորդների բազան և այլն, բայց կան, որ շատ է ընկել։ Մենք շատ ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը, բայց այստեղ կարևոր մաս կա, որը վերաբերում է հետևյալին՝ այստեղ մենք չենք խոսում միայն պատվաստվածների մասին, կան մարդիկ, ովքեր պատվաստված են, բայց նաև վարակված են, և նրանք ըստ էության չեն կարող մտնել ռեստորան։ Դա էլ է կարևոր պատճառ, թե ինչու է ընկել շրջանառությունը և բնականաբար որևէ գիտակից մարդ վարակված լինելով չպետք է մտնի ռեստորան»։

Ինչ վերաբերում է հարցին, որ սահմանափակումները չեն նպաստել կորոնավիրուսի վարակման թվի նվազմանը, որովհետև հատկապես վերջին օրերին թվերը միայն աճում են, նախարարն ասաց․ «Մենք հիմա գտնվում ենք ալիքի բարձրացման կորի վրա, այսինքն ալիքն աճում է, և այս միջոցն ուղղված է նրան, որպեսզի զսպի պիկը»։

Ճշտող հարցին՝ զսպո՞ւմ է, Վահան Քերոբյանը պատասխանեց․ «Վստահ եմ, որ այո»։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ