28 05 2021

Սկզբում անձնական կապերի միջոցով երկու-երեք խոշոր ներդրումային ծրագիր կլինի, հետո գործընթացը հունի մեջ կընկնի․ Ռոբերտ Քոչարյան



Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ և Արաբկիր համայնքների քաղաքացիների, «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպումից․

«Ներդրումների համար առաջին հերթին երկիրը պետք է հետաքրքիր լինի, իսկ մենք ներդրումային գրավչության առումով բավականին պրոբլեմային երկիր ենք։ Մենք ունենք փակ սահմաններ, փոքր շուկա, պատերազմային վիճակ, ունենք արտագաղթ։ Սրանք այն բազային տվյալներն են, որոնց նայում է ներդրողը և որոնք մեզ մոտ լավը չեն։ Այս ամենը կոմպենսացնելու համար մենք գրավչության տեսակետից պետք է շատ ավելին լինենք, քան մյուս երկրները։ Ներդրումների համար արդյունավետ հարկային օրենսդրություն և վարչարարություն է պետք, ներդրումների պաշտպանվածությունն ապահովող օրենսդրություն։ Հայաստանում այդ ամենը կա, ուղղակի չի կիրառվում։ Այս բնագավառում մեր անելիքները չափազանց մեծ են։ Այս երեք տարվա ընթացքում Հայաստանում նույնիսկ հայ գործարարները ներդրում չեն իրականացրել։ Չեն անում, որովհետև չեն վստահում։ Ներդրումների համար մեկ պայմանը կառավարության կանխատեսելիությունն է, ինչը ներդրողը չի տեսնում։ Համոզված եմ, որ կարող ենք շատ հանգիստ տարեկան 1 մլրդ դոլարի ներդրում ունենալ։ Պետք է վերականգնել երկրի նկատմամբ ունեցած վստահությունը։ Իսկ տնտեսական աճ ապահովելու համար ներդրումները պարտադիր պայման են։ Սկզբնական շրջանում անձնական կապերի միջոցով երկու-երեք խոշոր ներդրումային ծրագիր կլինի, իսկ հետո գործընթացն իր հունի մեջ կընկնի։

Երկրում անիմաստ լարվածություն է ստեղծվել, մարդիկ չեն կարողանում կենտրոնանալ իրենց աշխատանքի վրա։ Կյանքը պետք է հանդարտվի, որ քաղաքացին կարողանա ինչ-որ բան պլանավորել, իսկ պլանավորման հորիզոնը պետք է լինի առնվազն 5-10 տարի»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ և Արաբկիր համայնքների քաղաքացիների, «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ