News.am-ը գրում է․ «Արցախյան պատերազմի սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու և ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս գալու համար առաջիկայում Հայաստանը պարտադրված է լինելու լրացուցիչ գումարներ ներգրավել, իսկ նման պարտքային բեռի և տնտեսական անկման պայմաններում շատ դժվար է լինելու մատչելի և ոչ խիստ պայմաններով վարկեր վերցնել։ Նման տեսակետ NEWS.am–ին հայտնեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն՝ անդրադառնալով Հայաստանի արտաքին և ներքին պարտքին։
«Ցանկացած զարգացած կամ զարգացող երկրի համար պետական պարտքի առկայությունը բնական երևույթ է. խնդիրը այդ պարտքի մեծության և դրա արդյունավետ կառավարման մեջ է։ 2020 թվականին Հայաստանի Հանրապետության պետական պարտքը հասավ 8 մլրդ ԱՄՆ դոլարի, որը կազմում է մեր համախառն ներքին արդյունքի 63 տոկոսը։ Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պարտք է 2700 ԱՄՆ դոլար»,–ասաց տնտեսագետը։ Սուրեն Պարսյանի գնահատմամբ՝ գործող իշխանությունները պետական ֆինանսների կառավարման ոլորտում արմատական փոփոխություններ չեն իրականացրել և հին կադրերը իրենց հին մտածելակերպով և քաղաքականությամբ շարունակել են անարդյունավետ ծախսել պարտք վերցրած գումարները, ինչի արդյունքում մեր տնտեսությունը ոչ միայն չի աճել, այլ ընդհակառակը՝ գրանցել ենք վերջին 10 տարիների համեմատ անխադեպ՝ 7,5 տոկոս անկում։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն իր կառավարման ժամանակահատվածում Հայաստանի պարտքն ավելացրել է մոտ 1,2 մլրդ դոլարով։
«Ըստ էության՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շարունակում է Սերժ Սարգսյանի թիմի պարտքային քաղաքականությունը․ նոր վարկերով փակում են հին վարկերը, միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերով հիմնականում ճանապարհներ են կառուցվում, ձախողում են պետական բյուջեով նախատեսված կապիտալ շինարարական ծրագրերի զգալի մասը և այլն»,–ասաց նա՝ մտահոգություն հայտնելով, որ Հայաստանի համար առաջիկայում շատ դժվար է լինելու մատչելի և ոչ խիստ պայմաններով վարկեր վերցնել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը