17 09 2020

Նպատակահարմար չէ հետաձգել հագուստի մաքսազերծման նոր կարգի անցումը․ ՊԵԿ նախագահ

Նպատակահարմար չէ հետաձգել հագուստի մաքսազերծման նոր կարգի անցումը․ ՊԵԿ նախագահ

Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ՊԵկ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչ լուծում է տրվելու հագուստ և կոշիկ ներկրող տնտեսվարողների դժգոհությանը:

Պատգամավորն առաջարկեց կորոնավիրուսի ճգնաժամի ընթացքում, երբ սոցիալական որոշակի լարվածություն կա, հանրության հետ էլ համաձայնության գալ՝ որոշակի ժամանակով պահել միջանկյալ շրջանը, որում հագուստը կրկին կշարունակվի մաքսազերծվել կիլոգրամով, հետո նոր անցում կատարել նոր կարգին:

«Հիմա պետք է փոքր քայլերով գնանք, որոշ ժամանակ թողնենք նույնը, և ձեռք բերենք հանրային պայմանավորվածություն: Օրինակ՝ ասենք դեկտեմբերին գանք մի կետի, մարտին էս կետին, որ հավասարակշռությունը չխախտվի»,- ասաց Մելքումյանը:

Հովհաննիսյանն էլ  նշեց, որ ՊԵԿ-ը նպատակահարմար չի համարում հետաձգել հագուստի մաքսազերծման նոր կարգի անցումը:

Նա նշեց, որ եթե հարցը ժամանակին չի հանրայնացվել, չի նշանակում, թե այդ դաշտի հետ պայմանավորվածություն չեն եղել։ «Այս անցումը նախատեսված է եղել 2020 թվականի ապրիլի 1-ից, բոլոր տնտեսավարողները տեղյակ են եղել: Հնարավոր է, որ լինեն 1-2 տոկոս տնտեսավարողներ, որոնք տեղյակ չեն եղել:

Ես չեմ կարծում, որ պետական մարմինը պետք է պարտադիր հանրային համաձայնությամբ ամրագրի իր գործողությունների հետագա պատկերացումները: Եվ այդ պայմանավորվածությունը եղել է, ես նպատակահարմար չեմ համարում ժամկետի հետաձգում, դա մեր դիրքորոշումն է»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ