Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը տեսազանգի միջոցով քննարկում են ունեցել զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ:
Քննարկման հիմանական թեմաներն էին զբոսաշրջության ոլորտին հասցված վնասը, ոլորտում առկա խնդիրները և աջակցության հնարավոր մեխանիզմերի վերհանումը՝ ամփոփելով նաև նախորդ հանդիպումների արդյունքները:
Նախարարը տնտեսվարողներին է ներկայացրել Կառավարությունում հարցի շուրջ քննարկումների ընթացքը, ներկայումս սեղանին գտնվող աջակցության գործիքների մի քանի սցենար՝ համապատասխան չափանիշներով եւ մեխանիզմներով: Նախարարն առաջարկել է քննարկել, թե ներկայացվածներից որոնք են ավելի նպատակահարմար եւ թիրախային զբոսաշրջության ոլորտին հասցված վնասները մեղմելու տեսանկյունից:
Քննարկմանը մասնակցել են զբոսաշրջության որոշ ենթաոլորտների ներկայացուցիչներ, մասնավորապես՝ կացության ապահովում, զբոսաշրջային ընկերություններ եւ զբոսաշրջային ուղեւորափոխադրումներ ենթաոլորտներից:
Ոլորտի ներկայացուցիչները իրենց դիտարկումներն են ներկայացրել հնչած առաջարկների վերաբերյալ, ինչպես նաեւ ճշտող հարցեր ուղղել նախարարին այդ առաջարկների շուրջ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել որոշ ենթաոլորտների խնդիրներն առանձին ձեւաչափով քննարկելու վերաբերյալ:
Նշենք, որ նախօրեին Էկոնոմիկայի նախարարը նաև մի շարք հանդիպումներ է ունեցել հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու այդ ոլորտում ծառացած խնդիրները և համատեղ ջանքերով գտնելու հնարավոր լուծումներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը