«Մենք փոփոխություններ կատարեցինք մեր հակաճգնաժամային առաջին միջոցառման մեջ, այսինքն տրանսվորմացիայի ենթարկեցինք այն, որի նպատակը ներդրումների խթանումն էր»,-կառավարության այսօրվա նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ այնպիսի տպավորություն ունի, որ գործարար համայնքը բավարար չափով իրազեկված չէ այդ մասին: Նա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին խնդրեց մի քանի բառով այն ներկայացնել:
«Հունիսի 20-ից ուժի մեջ է մտել մեկ կանոն, որը ես կարծում եմ, շատ կարևոր ռազմավարական կանոն է: Մինչ օրս մեր սուբսիդավորման գործիքն աշխատում էր հետևյալ տրամաբանությամբ` մինչև 250մլն դրամ վարկային ռեսուրսները սուբսիդավորվում էր մինչև 1 տարի ժամկետով: Մենք ուժի մեջ ենք մտցրել հետևյալ սահմանումը, որ եթե ձեռնարկությունը, տնտեսվարողը 50մլն դրամի չափով կանոնադրական կապիտալի համալրում է իրականացրել կամ կիրականացնի 2020 թվականի ընթացքում, ապա նա հնարավորություն է ստանում հավելյալ սուբսիդավորվել 400մլն դրամի չափով և 36 ամիս ժամկետով, որը շատ էական է: Այն էական արտոնյալ հնարավորություն է: Եթե համալրումն իրականացվել է 100մլն դրամի չափով, ապա տնտեսվարողը հնարավորություն ունի ստանալ 500մլն դրամին համարժեք սուբսիդավորում` 48 ամսվա համար: Սա լրջագույն խթան է: Եթե պարզ հաշվարկ անենք, տնտեսվարողի տարեկան խնայողությունը 500մլն դրամի սուբսիդիայի մասով, ապա դա ըստ էության իր 1-2 տարվա իր շահն է, որը ինքը կարող է ներդնել կանոնադրական կապիտալում»,-նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը