Անկախ համավարակից մենք ունեինք գործազրկություն, այն էլ թաքնված գործազրկության որոշ մակարդակ, աշխատողներն էլ թվացյալ աշխատողներ էին։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։
«Այս պայմաններում դրան էլ գումարվեց համավարակը՝ աշխատանքի ընդհանրապես սահմանափակում։ Եվ առաջին հերթին դա ազդում է մեր տնտեսական այսպես կոչված աշխուժացման վրա, որն իբր ունեինք բոլոր ծառայության ոլորտներում։ Զվարճանքի վայրերում՝ ռեստորաններ, խաղատներ և այլն նման տիպի ոչ հավելյալ արժեք ստեղծող տեղամասերում, որտեղ մարդիկ որոշակի եկամուտ էին կարողանում ունենալ և իրենց առաջին անհրաժեշտության պահանջմունքները բավարարեին, այս պարագայում էլ նրանք խնդրի առջև են կանգնել։ Մենք կոլապսի առջև ենք, ծանր իրավիճակում ենք, փաստորեն այն աշխատող մի մեծ բանակը, որն ըստ էության օրավարձային աշխատանքով կարողանում էր մեծագույն դժվարությամբ լուծել իր հարցերը, այսօր կանգնած են կոտրված տաշտակի առջև, սա շատ լուրջ վիճակ է։ Չեմ տեսնում առարկայական քայլեր»,- ասաց Բոստանջյանը։
Տնտեսագետի խոսքով, մարդիկ հայտնվել են անելանելի վիճակում․ «Խոշոր առումով մենք կարող ենք փնովել կառավարությանը, ինչին արժանի են, այդուհանդերձ պետք է հասկանանք նաև որ այս պայմաններում պետությունն էլ չի տիրապետում այնպիսի գումարների, որ կարողանա գոնե ժամանակավորապես մարդկանց պահանջմունքները բավարարել։ Իսկապես մենք գտնվում ենք անելանելի վիճակում»։
Բոստանջյանը որպես ստեղծված իրավիճակի լուծում տեսնում է ռացիոնալ, ուղղորդված և արդյունավետ նպատակամետ աշխատանքի կազմակերպումը․ «Սակայն կարծես թե մեր որոշում կայացնողները իրավիճակին չեն տիրապետում, որ կարողանան ուղիներ մշակեն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը