Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Տնտեսության գահավիժման ռեժիմը միացված է (-1,7%, -13,5%, -17,2%)․ նոր կառավարություն, նոր վարչապետով
Պետական վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա հունվար–ապրիլի մակրոտնտեսական ցուցանիշները։ Ըստ այդմ՝ 2020թ․ առաջին չորս ամիսներին Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անկում է ապրել 1,7 տոկոսով։
Այս տարվա ապրիլին արձանագրված ՏԱՑ–ը մարտ ամսվա համեմատ նվազել է 13,5 տոկոսով։
2020–ի ապրիլի ՏԱՑ–ը նախորդ տարվա ապրիլի համեմատ նվազել է 17,2 տոկոսով։
Այս տարվա առաջին չորս ամսում նախորդ տարվա չորս ամիսների համեմատությամբ շինարարության ծավալը նվազել է 21,9 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 8,6 տոկոսով, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 10,4 տոկոսով, արտահանումը՝ 8,1 տոկոսով, ներմուծումը՝ 11,5 տոկոսով։
Ակնհայտ է, որ մեր տնտեսությունը մտել է անկման փուլ, որի վերջում տնտեսական դեպրեսիան է՝ սոցիալական աղետը։
Դեռևս ամիսներ առաջ ես կանխատեսել էի տարեկան կտրվածքով ՀՆԱ անկում մինչև 20 տոկոսի սահմաններում։ Դատելով ամենից՝ այդ կանխատեսումները կարող են շատ լավատեսական լինել, եթե տնտեսությունը փրկելու, սոցիալական ճգնաժամը հաղթահարելու քաղաքականություն չիրականացվի և զուգահեռաբար կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքար չմղվի։
Մեզ առնվազն ՀՆԱ 10 տոկոսի չափով, այսինքն՝ ավելի քան 1,3 միլիարդ դոլարի ներարկում և համապատասխան հակաճգնաժամային ծրագիր է պետք, որպեսզի խուսափենք կոլապսից։
«Պոլիտէկոնոմիան» բազմաթիվ հրապարակումներով ներկայացրել է մեր մոտեցումները և՛ հակահամաճարակային, և՛ սոցիալ–տնտեսական քաղաքականության վերաբերյալ՝ ուրվագծելով անելիքները։ Հրապարակայնորեն հնչեցվել են նաև առաջարկներ այլ գործիչների և կազմակերպությունների կողմից։ Ցավոք դրանք անտեսվեցին գործող իշխանությունների կողմից։
Այս կառավարությունն ապացուցեց, որ ապաշնորհ է և բացարձակ անպիտան ճգնաժամային պայմաններում։ Ճգնաժամային իրավիճակները պահանջում են հակաճգնաժամային կառավարում, նվիրյալ մարդկանց թիմ և համերաշխության մթնոլորտ։
Աղետից փրկվելու համար փորձի ու գիտելիքների կրող կառավարության նոր կազմ է պետք, նոր վարչապետով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը