12 05 2020

Մինչև հունիսի վերջ անվճար խորհրդատվություն՝ հայ գործարարներին

Մինչև հունիսի վերջ անվճար խորհրդատվություն՝ հայ գործարարներին

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Գործարարության աջակցման գրասենյակի և Ներդրումների աջակցման կենտրոնի հետ համագործակցությամբ, հանդես են եկել #ԲիզնեսնԸննդեմCOVID19 Քոուչինգ համատեղ նախաձեռնությամբ, որի նպատակն է Հայաստանի գործարարներին տրամադրել անվճար անհատական խորհրդատվություն: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Խորհրդատվությունների տրամադրման գործընթացը մեկնարկել է մայիսի մեկին և կշարունակվի մինչև հունիսի վերջ: Այսպիսով, Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչները եզակի հնարավորություն ունեն անվճար խորհրդատվություն ստանալու Հայաստանի հեղինակավոր, լավագույն և փորձառու բիզնես խորհրդատուների կողմից:

Խորհրդատվական աջակցության ոլորտները բազմաթիվ են՝ Ֆինանսական պլանավորումից մինչև իրավաբանական խորհրդատվություն, ճգնաժամային կառավարում և մարքեթինգային գործիքների կիրառում և այլն: Բիզնեսին անհրաժեշտ անվճար խորհրդատվության թվով 113 թեմաները հասանելի են հետևյալ հղումով:

Գրանցվելով թեմաներից մեկին` գործարարը ձեռք է բերում մեկ տոմսակ՝ խորհրդատուի կոնտակտային տվյալներով, կապ հաստատում վերջինիս հետ և ստանում խորհրդատվությունը:

Տոմսակների ընդհանուր թիվը 1054 է, և, որպեսզի խորհրդատվություն ստանալու հնարավորությունը հասանելի լինի գործարարների լայն շրջանակին՝ յուրաքանչյուր գործարար կարող է ձեռք բերել միայն 2 տոմսակ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, իր գործընկերների հետ միասին, լիահույս է, որ այս նախաձեռնությունը կօգնի Հայաստանի գործարարներին հաղթահարել ներկայիս դժվարությունները, միաժամանակ բարձր է գնահատում նախաձեռնության շրջանակներում համագործակցող խորհրդատուների՝ գործարար համայնքին անվճար աջակցության պատրաստակամությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ