ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանն իր հոդվածում գրում է․
Կառավարության նախաձեռնությամբ 2020թ. ապրիլի 28-ին գումարվում է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգի 3-րդ հարցով նախատեսված է քննարկել Կառավարության առաջարկած՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: Այս նախագծի վերաբերյալ հրապարակայնորեն ներկայացված մեր որոշ առաջարկներ ընդունվել են և ներառված են նախագծում:
Սակայն, ցավոք, պետք է նորից արձանագրենք, որ Կառավարության առաջարկած օրենսդրական լուծումները ամբողջական չեն՝ իրավիճակից բխող խնդիրների տեսանկյունից: Ավելին, այս նախագծի ընդունման դեպքում իրականացվող որոշ փոփոխություններ առավել կխորացնեն աշխատանքից զանգվածային ազատումների առարկայական ռիսկը:
Կարևորելով աշխատանքային հարաբերություններում առկա և առաջացող իրական խնդիրները, դրանց հավաքական լուծումների օբյեկտիվ անհրաժեշտությունը՝ հարկ եմ համարում նորից անրադառնալ այս նախագծին և ներկայացնել խնդրահարույց որոշ մանրամասներ:
Նախ՝ դրականորեն պետք է արձանագրել, որ նախագիծը լրացվել է և նախատեսվում է գործատուի կողմից աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն (ներառյալ՝ օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառում) արտակարգ դրության ժամանակահատվածում: Սակայն խնդրահարույց է նշված նոր պահանջի գործնական կիրառության ապահովումը, եթե հաշվի առնենք, որ պետական այս վերահսկողությունը պետք է իրականացնի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը: Պետական այս մարմինը ունի աշխատանքի ընդամենը 23 տեսուչներ՝ խիստ սահմանափակ գործառնական հնարավորություններով: Մեր երկրում միայն գրանցված աշխատողների թիվը 600 հազարից ավել է, իսկ վերահսկողության ենթակա աշխատանքային օրենսդրության պահանջները բազմաթիվ են և պահանջում են մասնագիտական բարձր պատրաստվածություն:
Հաջորդը՝ նախագծի 4-րդ և 8-րդ հոդվածները բովանդակային առումով անտեղի կրկնվում են և նման փոփոխություններն իրավակիրառական պրակտիկայում առաջացնելու են տարընկալումներ: Մասնավորապես, նախագծի 4-րդ հոդվածով արգելվում է գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծումը, եթե արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ աշխատողը չի ներկայացել աշխատանքի կամ խախտել է աշխատաժամանակի ռեժիմը: Այս կարգավորումը լրիվ ավելորդ է, եթե նկատի ունենանք, որ՝
1. նախագծի 8-րդ հոդվածով արգելվում է աշխատանքային կարգապահության խախտում համարել արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ աշխատանքի չներկայանալը կամ աշխատողի կողմից աշխատանքային ռեժիմը չպահպանելը,
2. իսկ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքի չներկայանալու կամ աշխատանքային ռեժիմը պարբերաբար խախտելու հիմքով աշխատանքից ազատումը համարվում են կարգապահական տույժի տեսակ, որը կարող է կիրառվել, եթե առկա է կարգապահական խախտում:
Հետևաբար, եթե արտակարգ իրավիճակում աշխատանքի չներկայանալը կամ աշխատանքային ռեժիմը չպահպանելը չի կարող համարվել կարգապահական խախտում, ապա նաև՝ այդ հիմքերով գործատուն չի կարող աշխատողին ազատել աշխատանքից:
Վերջում ամենակարևորը՝ արտակարգ բնույթ կրող հանգամանքների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման ժամանակահատվածում հարկադիր պարապուրդի համար աշխատողի վարձատրության բեռն անհամաչափորեն դրվում է գործատուի վրա: Այսպիսի կարգավորումը գործնականում հղի է անցանկալի ելքերով՝ աշխատանքից զանգվածային ազատումներ, աշխատավարձի վճարման ժամանակավորապես դադարեցում:
Մասնավորապես, հարկադիր պարապուրդի դեպքում գործատուն պետք է վճարի աշխատողին՝ նրա միջին աշխատավարձի առնվազն 67 տոկոսի չափով: Կառավարությունը նախատեսել է գործատուին տրվող պետական աջակցություն, որը կազմում է մեկ աշխատողի հաշվով միջին աշխատավարձի շուրջ 20 տոկոսը: Եվ սա էլ այն դեպքում, երբ գործատուն 2020թ. հունվար-մարտ ամիսներին չի կրճատել աշխատողների հաստիքները և աշխատավարձի ֆոնդը:
Ստացվում է, որ գործատուն պետք է կատարի վարձատրությանն ուղղվող իր ծախսերի հիմնական մասը՝ երկու-երրորդը, որոնք իր համար եկամուտներ ու շահույթ չեն ապահովում և առավելապես ունեն սոցիալական բնույթ: Իսկ պետությունը լավագույն դեպքում պարտավորվում է փոխհատուցել այդ ծախսերի առավելագույնը 30 տոկոսը: Այս աջակցության հիմնական մասը՝ շուրջ 80 տոկոսը պետությունը հետ է ստանալու եկամտահարկով, որը գործատուն պետք է վճարի այդ նույն հարկադիր պարապուրդի համար վճարվող աշխատավարձից:
Ակնհայտ է, որ առաջարկվող այս փոփոխություններով չի լուծվում պետական անհրաժեշտ աջակցությամբ զանգվածային ազատումների կանխարգելման հիմնական խնդիրը: Եվ առավել բարձրանում է սոցիալական տեսանկյունից խնդրահարույց, սակայն գործատուների համար օրենքով սահմանված մյուս հնարավորություններն իրացնելու հավանականությունը՝
1. ժամանակավորապես դադարեցնել տնտեսական գործունեությունը, իրականացնել զանգվածային ազատումներ և չկատարել շահույթ չապահովող վերը նշված ծախսերը, կամ՝
2. օգտվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված կարգավորումից և անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով պայմանավորված ընդհանրապես չվճարել աշխատավարձ՝ չակնկալելով նաև պետական վերը նշված աջակցությունը:
Ի դեպ, վերը նշված ծրագրով գործատուներին պետական աջակցության չափից բացի խնդրահարույց է նաև շահառուների համար նախատեսված սահմանափակումը: Մասնավորապես, 2020թ. հունվարի տոնական ոչ աշխատանքային օրերին բազմաթիվ կազմակերպություններ աշխատել են և այդ օրերի համար իրենց աշխատողներին վճարել են կրկնակի աշխատավարձ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 185-րդ հոդվածի պահանջով: Իսկ մարտին իրենց աշխատողներին կամ նրանց մի մասին վճարել են հարկադիր պարապուրդի համար՝ միջին աշխատավարձի երկու-երրորդի չափով, որը պայմանավորված էր արտակարգ դրության ռեժիմի սահմանափակումներով:
Փաստորեն, այդ կազմակերպությունները հունվար-մարտ ամիսներին որևէ աշխատողի չեն ազատել աշխատանքից, վճարել են աշխատավարձեր՝ օրենքի պահանջների պահպանմամբ, սակայն օբյեկտիվ հանգամանքների բերումով նվազել է նրենց աշխատավարձի ֆոնդը հունվար-մարտ ամիսների և այդ կազմակերպություններին չի տրամադրվում նույնիսկ պետական վերը նշված աջակցությունը
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը