07 04 2020

Միթե՞ օտարերկրյա ներդրումների նվազման պատճառը ներդողներին «ԱՂ ՈՒ ՀԱՑՈՎ» չդիմավորելն է. Էդուարդ Պետրոսյան

Միթե՞ օտարերկրյա ներդրումների նվազման պատճառը ներդողներին «ԱՂ ՈՒ ՀԱՑՈՎ» չդիմավորելն է. Էդուարդ Պետրոսյան

Օրերս կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում կառավարության ղեկավարը ներդրումային հոսքերի ապահովումը գնահատեց կենսական, իսկ որպես առաջնահերթ խնդիր ձևակերպեց ներդրումային առաջարկներին արագ և օպերատիվ արձագանքելու կառավարության գործիքակազմի վերանայումը: Անշուշտ դրական է, որ կառավարությունը որոշել է խթանել մեր երկրում իրականացվող ուղղակի ներդրումները, սակայն միաժամանակ մտահոգիչ է, որ իր առջև դնում է խնդիր, որը ոչ միայն առաջնային չէ ներդրումների ներգրավվման համար, այլ նաև ոչ երկրորդական և ոչ էլ երրորդական է:

Աքսիոմատիկ փաստ է, որ ազատ շուկայական տնտեսության պայմաններում, պետությունը պետք է ձգտի ստեղծել այնպիսի ներդրումային միջավայր, որում ներդրողը ոչ միայն կարիք չի ունենա սպասելու կառավարության օպերատիվ արձագանքին, այլ նաև ընդհանրապես անհրաժեշտություն չի ունենա առնչվել քաղաքական իշխանության, առավել ևս` իշխանության ցանկալի, բայց ոչ պարտադիր ջերմ վերաբերմունքի հետ: Անհասկանալի եմ համարում նաև այն հանգամանքը, թե ինչու պետք է կառավարությունը սպասի ներդրումային առաջարկների, փոխարենը ինքը պետք է մշակի ներդրումային գրավիչ առաջարկներ և հետևողական աշխատանքի շնորհիվ ներգրավվի օտարերկրյա ներդրողների:

2018թ. իշխանափոխությունից հետո օտարերկրյա ուղղակի ներդրումներն անկում ապրեցին: Վերջին երկու տարում իրականացված ուղղակի ներդրումները կազմել են միջինը տարեկան 250մլն $՝ ապահովելով մեր երկրի ՀՆԱ-ի 2%-ից էլ պակաս արդյունք: Սա այն դեպքում, երբ այդ ներդրումների առյուծի բաժինը պատկանում է նախորդ կառավարության օրոք հիմք դրված ներդրումային ծրագրերին, ինչպես օրինակ էներգետիկ համակարգում մեկնարկած խոշոր ծրագրերը (Լոռու մարզում խոշոր ՀԷԿ-ի կառուցման ներդրումային ծրագիրը, Երևանում խոշոր ՋԷԿ-ի կառուցման ներդրումային ծրագիրը և այլն): Ներդրումների ներգրավվման գլխավոր նախապայմանը գրավիչ ներդրումային միջավայր ունենալն է: Ներդրումների ներգրավվման համաշխարհային փորձի ուսումնասիրության արդյունքում (վերջին 7 տարում միանձնյա առաջատարը աշխարհում ԱՄՆ-ն է), հեղինակավոր փորձագետներն առանձնացնում են ներդրումների վրա ազդող չորս հիմնական գործոններ՝ քաղաքական, իրավական, սոցիալ-տնտեսական և հարկային արտոնություններ: Խնդրում եմ հատուկ ուշադրություն դարձնել նախորդ նախադասության մեջ մեզ համար կարևոր հանգամանքին, հիմնական գործոնների մեջ չի նշվում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը, որի արդյունքներով մենք այդքան հաճախ հպարտանում ենք:

Վերադառնանք գործոնների ազդեցության գնահատմանը ՀՀ-ում: Կանդրադառնամ միայն իրավիճակի վրա ազդող ամենադրական և ամենաբացասական գործոններին: Սկսենք դրականից. այն է հարաբերական կայուն քաղաքական իրավիճակը 2018թ, իշխանափոխությունից հետո, որն էլ ինչ խոսք, իր դրական ազդեցությունն է թողնում ներդրողների վրա, հույս ունենանք այն կպահպանվի նաև հետկորոնովիրուսային շրջանում: Իսկ բացասական ազդեցություն ունեցող գործոն կառանձնացնեմ իրավական գործոնը. այս համատեքստում ներդրողին ամենաառաջինը հետաքրքրում է սեփականության պաշտպանության իրավունքը, ինչը պետք է երաշխավորված և պաշտպանված լինի արդար դատական համակարգով: Ինչ իրավիճակում է մեր դատական համակարգին, զերծ կմնամ գնահատական տալուց, սակայն կարձանագրեմ, որ կառավարության ղեկավարի և պետության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից վերջին մի քանի ամիսների ընթացքում գրեթե ամենօրյա ռեժիմով տրվող գնահատականները, մեղմ ասած, բացասական են:

Թե ինչպիսի ազդեցություն է թողնում այդ ամենն օտարերկրյա ներդրողների վրա՝ հետևությունները թողնում եմ ձեզ: Ներդրողի համար շատ կարևոր է գործել պարզ և կանխատեսելի խաղի կանոնների դաշտում, ինչը դրսևորվում է նախևառաջ իրավական որոշակիություն ունեցող օրենքների տեսքով: Այս հատվածով, կցանկանայի կարևորել առանց դատական վճռի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի մի շարք վիճահարույց դրույթների վերանայումը, որոնք կարող է ներդրողի համար խնդիրներ ստեղծել սեփականության իրավունքի պաշտպանության տեսանկյունից: Անհրաժեշտ եմ համարում նաև վերանայել 2000թ-ին ընդունված և մինչ օրս էական փոփոխության չենթարկված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքը», որպես հիմնավորում նշեմ այն հանգամանքը, որ 2018թ. իշխանափոխությունից հետո կառավարությունը պաշտոնապես հայտարարեց, որ այլևս չկան մենաշնորհներ, սակայն շուկայում մենաշնորհային դիրք ունեցող տնտեսվարողներն էականորեն չզիջեցին և շարունակեցին գերիշխող դիրք զբաղեցնել:

Ակնհայտ է, որ օրենքը արդյունավետության տեսանկյունից վերանայման կարիք ունի, իսկ համաշխարհային փորձը մեզ հուշում է, որ մենաշնորհների դեմ արդյունավետ պայքարի միակ ճանապարհը օրենսդրականն է, այլ ոչ թե քաղաքական հայտարարությունները: Եվ վերջում անդրադառնանք այս պահին ներդրումային միջավայրի բարելավվման խոչընդոտող ամենախնդրահարույց մարտահրավերին. դրանք են մեր կառավարության և երեք խոշոր օտարերկրյա ներդրողների միջև առաջացած վեճերը (Սանիթեք, Կորսան-Կորվեան և Լիդիան-Արմենիա): Վերոնշյալ օտարերկրյա ներդրողներն ի լուր աշխարհի բարձրաձայնել են ՀՀ կողմից իրենց իրավունքների խախտման մասին, և քանի դեռ մեր պետությունն իրավական ճանապարհով չի ապացուցել հակառակը, շատ օտարերկրյա ներդրողների համար մենք կհամարվենք անվստահելի և անկանխատեսելի գործընկեր: Շարունակելի…

Էդուարդ Պետրոսյան, Տնտեսագետ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ