07 04 2020

Քաղավիացիայում բան չի մնացել, երկու-երեք ինքնաթիռ կիսամեռ թռչում են. Դմիտրի Ադբաշյան

Քաղավիացիայում բան չի մնացել, երկու-երեք ինքնաթիռ կիսամեռ թռչում են. Դմիտրի Ադբաշյան

Այսօր ամբողջ աշխարհում ավիացիայի ոլորտը լավ ձևավորված է, և շատ են ստանդարտները, որոնց երևի դժվար է համապատասխանել: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց քաղավիացիայի ոլորտի փորձագետ Դմիտրի Ադբաշյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ոլորտում արձանագրված խնդիրներին և ավիաընկերություններին դեպի Եվրոպա չվերթներ իրականացնելու իրավունքից ժամանակավոր զրկելուն: 

«Քաղավիացիան մեծ աշխատանք է, որին պետք է հատուկ վերաբերվել և միշտ ուշադրության կենտրոնում պահել, որպեսզի կարողանանք բոլոր տվյալներով համապատասխանել միջազգային ստանդարտներին: Երևի դա դժվար էր, չկարողացան ապահովել, և այս վիճակը ստեղծվեց: Սա երկար ամիսների աշխատանքի վատ արդյունքն էր: 2006 թվականին ես մասնակցել եմ «Արմավիա» ընկերության սերտիֆիկացման պրոցեսներին ու կազմակերպել սերտիֆիկացիան, բավականին երկար ժամանակ անցավ, մինչև ինձ հաջողվեց ամեն ինչ կարգիր բերել, հետո Եվրոպայից մասնագետների հրավիրել, ովքեր եկան, ստուգեցին և դրական գնահատական տվեցին, ու «Արմավիան» կարողացավ թռիչքներ իրականացնել Եվրոպայում: Այնպես որ, այդ հարցով պետք էր հատուկ զբաղվել, որը երևի չարեցին, դրա համար էլ այսպես ստացվեց»,- նշեց մեր զրուցակիցը: 

Խոսելով ընդհանրապես քաղավիացիայի այսօրվա վիճակից՝ Ադբաշյանը ընդգծեց. «Մենք ինչու ունե՞նք քաղավիացիա: Կարելի է ասել քաղավիացիայում բան չի մնացել, 2- 3 ինքնաթիռ կիիսամեռած թռչում են էլի: Այո՛, այսօր մենք վատ իրավիճակ ունենք: Եվ հիմա մի քիչ ուշ կլինի ասելը, բայց հիշեցնեմ՝ հայկական ավիացիայի աշխատանքների ծավալներն այն ժամանակ ավելի շատ էին, քան Թուրքիայինն ու Իրանինը միասին վերցրած, բայց հիմա տեսեք, թե որտեղ է Թուրքիան, որտեղ է Հայաստանը. այս ոլորտում ամեն ինչ քանդել են: 

Անդրադառնալով ֆինանասների հետ կապված պատճառաբանություններին՝ փորձագետը նշեց. «Ավիացիան երբեք ֆինանսների հետ պրոբլեմներ չի ունեցել, և մեր անկախության առաջին տարիներին Հայաստանի բյուջեի 25 տոկոսը բերում էր հենց ավիացիան, պատկերացնո՞ւմ եք: Հետո ՀՀՇ-ն սկսեց ամեն ինչ քանդել, թալանել ու գողանալ»: 

Իշխանափոխությունից հետո ավիացիոն ոլորտում էլ եղած փոփոխությունները Դմիտրի Ադբաշյանին չեն գոհացնում, որովհետև այսօր էլ թերությունները շատ են, ու ճիշտ աշխատանք չի կատարվում. «Ես անընդհատ սպասում եմ, որ պարոն Փաշինյանը մի օր առավոտյան կարթնանա ու կասի՝ ես հասկացա, որ մեզ ավիացիան պետք է, եկեք զբաղվեք ավիացիայով, ճիշտ հիմքերի վրա դրեք ու սկսեք աշխատանքը: Հիմա շատ են ասում, որ ավիացիան վերականգնելու համար շատ մեծ գումարներ են պետք, բայց դա այդպես չէ»,-ընդգծեց քաղավիացիայի ոլորտի փորձագետը և հավելեց, որ այսօր էլ շատ օտարերկրյա ընկերություններ կան, որոնք հետաքրքրված են Հայաստանով, բայց այստեղ խնդիրները շատ են, իսկ հիմնական խնդիրը կապված է օդային օրենսգիրք չունենալու հետ:

Հիշեցնենք, որ օրերս ակտիվ քննարկումներ էին ծավալվում այն մասին, որ Միջազգային ավիացիոն կազմակերպությունը լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեին, ինչը շատ վատ հետևանքներ կարող է ունենալ մեր ողջ քաղաքացիական ավիացիայի համար: Տեղեկատվությունը, սակայն, Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը հերքեց՝ ասելով, թե խոսքն այն մասին է, որ Հայաստանում գրանցված ավիաընկերություններից ժամանակավոր վերցրել են դեպի Եվրոպա չվերթներ իրականացնելու թույլտվությունը: 

Ռևազյանը նաև նշել էր, որ պարզաբանումներ են խնդրելու Եվրոպայի գործընկերից, թե ինչո՞ւ են այդքան արագ որոշում կայացրել, քանի որ իրենք դեռ պետք է արձագանքեին դիտարկումներին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ