Կենտրոնական բանկի գնահատականների համաձայն՝ կորոնավիրուսի տարածումը և դրա դեմ ուղղված հակահամաճարակային միջոցառումները զգալիորեն կճնշեն տնտեսական ակտիվությունը 2020-ին։
Ըստ ԿԲ կանխատեսումների՝ 2020թ. տնտեսական աճը կկազմի 0․7 %։ Այս մասին նշված է ԿԲ կայքում հրապարակված «Գնաճի հաշվետվություն (Դրամավարկային քաղաքականության ծրագիր 1-ին եռամսյակ 2020թ. Դրամավարկային քաղաքականության 2019թ. 4-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)» փաստաթղթում։
Նշենք, որ անցած տարվա վերջին ԿԲ-ն այս տարվա համար կանխատեսում էր 5,3% տնտեսական աճ, իսկ Կառավարությունը՝ 4,9%:
Տնտեսական ակտիվության դանդաղումը ակնհայտորեն կազդի հարկերի հավաքագրման վրա և ԿԲ-ն գնահատել է պահպանողական սցենար, ինչը ենթադրում է 2019 թ. հարկեր/ՀՆԱ ցուցանիշի պահպանում։ Միևնույն ժամանակ Կենտրոնական բանկն ակնկալում է, որ տնտեսական աճը կվերականգնվի արդեն 2021-ին և կարող է կազմել 7,2%:
Կանխատեսվում է նաև, որ բավականին կնվազեն ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները՝ պայմանավորված նավթի գների կտրուկ անկման պարագայում Ռուսաստանի տնտեսության աճի տեմպերի դանդաղմամբ և ռուբլու արժեզրկմամբ։ Մասնավոր փոխանցումների նվազումը կլինի 16-19 %-ի միջակայքում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը