Կառավարության՝ մարտի 26-ի նիստում հաստատվեց վարկային համաձայնագիր, որով Հայաստանը մտնում է վարկային նոր բեռի տակ։
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2020 թվականի փետրվարի 7-ին ստորագրվել է «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» (այսուհետ` Ծրագիր) վարկային համաձայնագիրը՝ 10 626 263 մլն եվրո արժողությամբ:
Ծրագրի նպատակն է ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության հարավային սահմանի երկայնքով Մեղրի քաղաքի մոտակայքում ներկայիս սահմանային անցակետի արդիականացումն ու ընդլայնումը:
ՄԱԶԾ գրասենյակի պատվիրատվությամբ` Եվրամիության ֆինանսավորմամբ, և «Աջակցություն Հայաստանի միգրացիայի և սահմանային կառավարմանը» ծրագրի աջակցությամբ իրականացվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի hարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետի արդիականացման և վերակառուցման նախագծման աշխատանքները:
Նախագծման աշխատանքներն իրականացվել են «Եվրոկոնսալտ» և «Սթեմ» ընկերությունների կոնսորցիումի կողմից:
Մանրամասն նախագծման աշխատանքներն ավարտվել են, իրականացվել են նախագծանախահաշվային փաստաթղթերի քաղաքաշինական և շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննություններ:
Մաքսակետի տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 8.7 հա: Սահմանների ինտեգրացված կառավարման միջազգային ստանդարտներին համապատասխան սահմանային անցակետի գործառույթները լիարժեք ապահովելու նպատակով՝ նախատեսվում է կառուցել երկհարկանի վարչական շենք՝ 4000 քմ կառուցապատման մակերեսով՝ տանիքում 1500 քմ արևային էներգակայանով: Մաքսակետի տարածքում լինելու են.
մուտքի և ելքի ուղղությամբ տրանսպորտի մանրամասն զննման մասնաշենքեր,
անասնաբուժական, սանիտարական և բուսասանիտարական հսկման կայան,
մաքսային ձևակերպումների և բրոքերային մասնաշենքեր,
բեռնատար տրանսպորտի ռենտգենային զննման մասնաշենք և մարդատար տրանսպորտի ռենտգենյան զննման հարթակ և այլ ենթակառուցվածքներ:
Մուտքի և ելքի ուղղությամբ յուրաքանչյուրում նախատեսված է 5 հոսքագիծ և 2 հատ կշեռք:
Կայանատեղերի ընդհանուր մակերեսը կազմում է 40 000 քմ, երթևեկելի ընդհանուր ճանապարհների մակերեսը կազմում է 26 000 քմ:
Մաքսակետը հագեցված է լինելու՝
լաբորատոր սարքավորումներով և պարագաներով,
ռենտգենաճառագայթային սարքավորումներով՝ մարդատար տրանսպորտի, ձեռքի ուղեբեռի և փոքրածավալ բեռների զննման համար,
մարդկանց սկանավորման համար ռենտգենաճառագայթային սարքավորումով,
UHF ռադիոկայաններով,
տվյալների մշակման կենտրոնով,
փաստաթղթեր ընթերցող սարքերով,
փաստաթղթերի իսկությունը ստուգող սարքերով,
մաքսակետի ելքի և մուտքի հատվածներում տեղադրվող հակաճառագայթային սաքավորումներով,
բեռնատար մեքենաների տվյալները գրանցող սարքավորումներով և այլն:
Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Մեղրիի անցման կետի արդիականացման անհրաժեշտությունը պայմանավորված է անցակետով անձանց և ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցների հոսքերի տարեցտարի աճով:
Ըստ վիճակագրական տվյալների`
2017թվականի հունիս-հուլիս ամիսներին Մեղրի մաքսային կետով սահմանահատած բեռնատարների թիվը կազմել է մոտ 2000, իսկ 2019 թվականի նույն ժամանակահատվածում` մոտ 4150,
մարդատար ավտոմեքենաների թիվը 2017թվականի հունիս-հուլիս ամիսներին կազմել է 10850, իսկ 2019 թվականի նշված ամիսներին` 18075,
2017թվականի հունիս-հուլիս ամիսներին ուղևորների հոսքը կազմել է 55500, իսկ 2019 թվականին` 124000:
Արդիականացումը նպաստելու է նաև «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի ակտիվացմանը և այդ միջանցքով տարանցիկ փոխադրումների ավելացմանը տարածաշրջանում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը