23 03 2020

Առանց դեպքերի որոշակիացման՝ գործատուի վրա դրվում են լրացուցիչ սահմանափակումներ ու պարտավորություններ. Թադևոս Ավետիսյան

Առանց դեպքերի որոշակիացման՝ գործատուի վրա դրվում են լրացուցիչ սահմանափակումներ ու պարտավորություններ. Թադևոս Ավետիսյան

Կառավարությունը հրատապ ռեժիմով փոփոխություններ է առաջարկել ՀՀ աշխատանքային օրենսգրքում՝ օրերս հայտարարված արտակարգ դրությունից բխող:

Փոփոխությունների նախագծի բովանդակությունից պարզ են դառնում ժամանակավորապես ներմուծվող նոր կարգավորումների կիրառական կոնկրետ խնդիրներ: Մասնավորապես՝ Աշխատանքային օրենսգրքով սահմանվելու են նոր կարգավորումներ, որոնք մեղմ ասած հեռու են որոշակիության սկզբունքից և գործնականում առաջացնելու են նոր խնդիրներ գործատու-աշխատող հարաբերություններում: Հետևանքում ունենալու ենք նոր հիմքեր աշխատանքային վեճերի համար:

Օրինակ՝ եթե աշխատողը արտակարգ դրությամբ պայմանավորված օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել պահպանել իր աշխատանքի ռեժիմը, ապա նախագծով առաջարվում է արգելել գործատուին՝ կիրառելու կարգապահական տույժեր։ Այս դեպքերում, գործատուն պարտավոր է նաև վարձատրել աշխատողին՝ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան: Իրավակիրառական պրակտիկայում գործատուն և աշխատողն անխուսափելիորեն բախվելու են մի շարք հարցերի հետ, որոնք կարող են հանգեցնել աշխատանքային վեճերի՝ որո՞նք են օբյեկտիվ հնարավորությունները, կամ եթե օբյեկտիվ է պատճառը, ապա աշխատանքի չներկայանալու դեպքում ինչու՞ աշխատողը չպետք է վարձատրվի ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ որպես ոչ իր մեղքով հարկադիր պարապուրդ, նրա միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով:

Հաջորդը՝ նախագծով առանձնացված են արտակարգ դրության ռեժիմում, երեխայի խնամքը կազմակերպելու պատճառով աշխատողի կողմից իր աշխատանքային ռեժիմի խախտման իրավական հետևանքները: Այս դեպքում ևս գործատուին արգելվում է կիրառել կարգապահական տույժեր: Եվ գործատուն պարտավորվում է պահպանել աշխատողի ամբողջական վարձատրությունը։ Այսպիսի կարգավորումը ևս գործնականում հարուցելու է կոնկրետ խնդիրներ: Գործատու-աշխատող իրավունքների և պարտականությունների հավասարակշռությունն էականորեն խախտվում է: Առաջարկվող ձևակերպմամբ աշխատողի կողմից այս արտոնությունը չարաշահելու լայն հնարավորություն է տրված: Ասենք օրինակ՝ 15 տարեկան երեխա ունեցող և 1 տարեկան երեխա ունեցող աշխատողների համար առաջարկվում է նույն արտոնությունը, ինչը բացառապես օբյեկտիվ և հիմնավորված չէ: Մյուս կողմից էլ այս կարգավորումը հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ հարկադիր պարապուրդի վճարման կարգավորմանը, ինչպես նաև նախագծով առաջարկվող՝ արտակարգ դրության պայմաններում առաջացող օբյեկտիվ հիմքով աշխատողի կողմից աշխատանքից բացակայելու դեպքում վարձատրության կարգավորմանը (նախագծով առաջարկվող այս լրացման մասին գնահատականը բերված է վերևում):

Փաստորեն ստացվում է, որ առանց դեպքերի որոշակիացման՝ գործատուի վրա դրվում են լրացուցիչ սահմանափակումներ ու պարտավորություններ, աշխատողի համար սահմանվում են արտոնություններ: Իսկ այդ դեպքերից մի մասի համար էլ նախատեսվում է աշխատողին ընդհանրապես չվարձատրելու հնարավորություն: Ասենք օրինակ՝ եթե ոչ իր մեխքով և արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված օբյեկտիվ պատճառով աշխատողը չի ներկայանում աշխատանքի, ապա գործատուն կարող է նրան այդ օրվա համար չվճարել: Եվ սա այն պարագայում, երբ գործող օրենսդրությունն այս դեպքի համար նախատեսում է վարձատրություն՝  այդ աշխատողի միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով:

ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ նշված է նաև ընթացիկ իրավիճակից բխող, գործնական մեկ այլ կարևոր խնդիր: Մասնավորապես, այս օրերին գործատուների մի մասը առաջնորդվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորմամբ և վճարում է իր աշխատողներին, իսկ մի մասն էլ՝ նույն հոդվածի 6-րդ մասով՝ ընդհանրապես չի վճարում: Ընդ որում՝ 186-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած պարապուրդի համար գործատուն չի վճարում աշխատավարձ:

Ակնհայտ է, որ նախագծով առաջարկվող փոփոխություններով այս խնդիրը մնում է չլուծված: Գործնականում այս խնդիրը լուծելու նպատակով անհրաժեշտ է աշխատանքային օրենսդրությամբ մինչև վերջ հստակեցնել անհաղթահարելի ուժ համարվող պատճառներից բխող դեպքերը, որի դեպքում գործատուն կարող է չվճարել իր աշխատողներին: Ասենք օրինակ՝ կոնկրետ այդ դեպքերը սահմանելու իրավունք վերապահել ՀՀ կառավարությանը կամ պարետին: Մյուս կողմից, այդ պատճառներով վարձատրություն չստացող աշխատողների համար պիտի սահմանվեն սոցիալ-աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ՝ պետական աջակցությամբ: 

Ամփոփելով, բնականաբար այս պարագայում օրակարգային է դառնում «մի՛ վնասիր» հորդորը:

 

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի

ծրագրերի համակարգող

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ