19 02 2020

Ավելի քան 9 միլիոն ՀԴՄ կտրոն ավելի է տպվել. Դավիթ Անանյան

Ավելի քան 9 միլիոն ՀԴՄ կտրոն ավելի է տպվել. Դավիթ Անանյան

«Կա հանրության մի շատ մեծ զանգված, որ հորդորները լսում է, ոչ միայն վարչապետի, նաեւ ՊԵԿ-ի հետ համատեղ աշխատանքի արդյունքում, կա իրավագիտակցության մակարդակ, բարձրանում է այդ մակարդակը՝ գնալով ավելանում է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, նշելով, որ ՀԴՄ կտրոնների քանակը գնալով անշեղորեն բարձրանում է, եթե տեսել եք վարչապետի վեջին գրառումը, ապա նախորդ հունվարի համեմատ, այս տարի ավելի քան 9 մլն ՀԴՄ կտրոն ավելի էր տպագրվել:

Հարցին՝ արդյոք ՀԴՄ կտրոնների վերաբերյալ վարչապետի գրառումներից հետո է աճում դրանց ցուցանիշը, և եթե վարչապետը ՀԴՄ չտալու համար ֆեյսբուքյան գրառում է անում, նշանակում է, որ ամեն ինչ վա՞տ է, Դավիթ Անանյանը նշեց, որ այդպես չի կարծում. «Դա դուք եք ասում, ես դրա հետ համաձայն չեմ, մենք լավ ենք աշխատում, այսինքն՝ վարչապետի ցանկացած գրառում նշանակում է, որ այս կամ այն ոլորտում խնդիր կա՞»,-ասաց նա:

Դավիթ Անանյանը հայտնեց, որ 2018 թվականի մայիս ամսվա համեմատ, օրինակ՝ հունվարի 27-ի դրությամբ ավելացված աշխատատեղերի քանակը եղել է ավելի քան 87 հազար, դրա մի մասը ստվերից է դուրս բերվել, դրա մի մասը նոր ստեղծված աշխատատեղերն են:

Լրագրողի դիտարկմանը, թե էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հայտարարությանը, որ ներդրումների հարցում նվազում կա, Դավիթ Անանյանը նշեց, որ կարծում է, որ Տիգրան Խաչատրյանն ասել է, որ գոհացնող ծավալներով ներդրումներ չեն արվում: «Եթե մենք համարենք, որ մեզ գոհացնում է, այդ ժամանակ մեր թոշակի գնալու ժամանակը կլինի, որովհետև ոչ մի բան չպետք է մեզ գոհացնի, որովհետև եթե մենք լավ ենք աշխատում, արդյունքներ ունենք, այդ արդյունքները պետք է համարենք ոչ բավարար: Եթե կան ներդրումներ, բայց դրանք մեր պատկերացրած ծավալները չեն, ուրեմն մենք պետք է էլ ավելի լավ աշխատել»,-ասաց նա:

Դավիթ Անանյանը նշեց, որ հարկեր հավաքելու համար կան ծրագրային ցուցանիշներ, այն, ինչ սահմանված է «Պետական բյուջեի մասին» օրենքով, դրանք կատարելու և գերակատարելու համար առնվազն պետք է երեք գործոն:

«Առաջինը՝ տնտեսությունը պետք է աճի, երկրորդը՝ հարկային քաղաքականության առումով պետք է ունենանք լավ գործիքակազմ և երրորդը՝ պետք է արդյունավետ հարկային վարչարարություն իրականացնենք: Բայց մենք չենք սահմանափակվում միայն երրորդով՝ ասելով, որ մենք՝ որպես պետական եկամուտների կոմիտե, պետք է միայն պատասխանատու լինենք արդյունավետ հարկային վարչարարությամբ, մենք պետք է դերակատարում ունենանք ցանկացած տեղ: Մենք հարկահավաքման գործընթացն էլ կազմակերպելիս այնպես պետք է իրականացնենք, որ տնտեսական աճին նպաստենք, մենք հարկային քաղաքականության գործիքակազմի մշակման, ընդլայնման, վերափոխման գործողություններին պետք է ակտիվ մասնակցենք»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ