ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը վարչապետին հարցրեց այն մասին, որ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի վերաբերյալ որոշ կարծիքներ են հնչում, որ շուրջ 2 ամիս տևող քարոզարշավը կարող է բացասական ազդեցություն թողնել օրինակ՝ տնտեսական ակտիվության վրա:
Պատասխանելով հարցին, թե արդյոք գործադիրն ունի մտահոգություներ այս հարցով, Նիկոլ Փաշինյանն ասաց․/
«2019թ. փորձը ցույց տվեց, որ Հայաստանի տնտեսության վրա ազդող հիմնական գործողը ապագայի նկատմամբ ՀՀ քաղաքացիների ունեցած վստահությունն է: Ես ուզում եմ հավաստիացնել, որ այդ քարոզարշավի ընթացում քաղաքացիների վստահությունն ապագայի նկատմամբ կուժեղանա, ինչը նշանակում է, որ տնտեսական ակտիվությունն ավելի կմեծանա»,-ասաց նա։
Վարչապետը համոզված է, որ ոչ մի բացասական ազդեցություն չի ունենա քարոզարշավը տնտեսության վրա, ավելին՝ կունենա աշխուժացնող ազդեցություն:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քարոզարշավը չի կանգնեցնելու աննախադեպ չափի կապիտալ ծախսերը, որը կառավարությունը պլանավորել է, և դա լուրջ խթան է լինելու տնտեսական ակտիվացման համար: Անշարժ գույքի շուկայում տիրող ակտիվությունը նոր խթան է լինելու տնտեսության համար: «Մենք այս ողջ պրոցեսը պետք է տանենք բարձր տնտեսական, քաղաքական և հանրային տրամադրությամբ»,-նշեց վարչապետը:
«Ինչպես երևում է, արտերում ապրող բազմաթիվ քաղաքացիներ պատրաստվում են գալ այդ ընթացքում Հայաստան, որպեսզի քվեարկեն և մենք, կարծես՝ ստեղծում ենք տուրիզմի նոր տեսակ, որը կոչվում է «ընտրական տուրիզմ»»,-ասաց վարչապետը։ Դահլիճից հայտնեցին, որ արդեն կա այդպիսի տեսակ, ինչին Փաշինյանը պատասխանեց․ «Ափսոս, մեզ թվում է մենք ենք հորինել, ամեն դեպքում կլինի «ընտրական տուրիզմ»»։
Փաշինյանը կրկին կոչ արեց արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին գալ: «Մանավանդ հիմա, եվրոպական մի շարք երկրներից աներևակայելի ցածր գներով տոմսեր կարելի է գնել, իսկ նրանք, ովքեր չունեն ՀՀ քաղաքացիություն, կարող են «ընտրական տուրիզմից» զերծ չմնալ և գալ ու դիտարկել, թե ինչպես են ժողովրդավարական պրոցեսներն այստեղ զարգանում: Հաճելին օգտակարի հետ կհամատեղենք և նոր խթան կտանք տնտեսությանը»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը