ՏՄՊՊՀ-ն հրապարակել է 2019 թվականին «Շաքարավազ» ապրանքային շուկայի ուսումնասիրության արդյունքները: Ըստ այդմ՝ նվազել են շուկայում առաջատար ընկերությունների մասնաբաժինները, արձանագրվել է գների էական իջեցում:
Ուսումնասիրության հիմնական ուղղություններն են եղել ոլորտում առկա պետական կարգավորումների եւ օրենսդրական դաշտի ուսումնասիրությունը եւ դրա ազդեցությունը մրցակցային միջավայրի վրա, շուկայի կառուցվածքի, գնի եւ ինքնարժեքի կառուցվածքի, իրացման շղթայի ուսումնասիրությունները եւ այլն:
Ըստ ՀՀ ՊԵԿ-ի կողմից հանձնաժողով ներկայացված տվյալների՝ 2019 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում ՀՀ տարածք է ներմուծվել 8 000 000 կգ շաքարավազ 47 տնտեսվարող սուբյեկտի կողմից: Ներմուծված շաքարավազը հիմնականում եղել է ուկրաինական ծագման: Նույն ժամանակահատվածում շաքարավազի արտադրությունը ՀՀ-ում կազմել է 59 800 000 կգ։
Փոփոխվել են տնտեսվարող սուբյեկտների մասնաբաժինները. նվազել է առավել խոշոր ներմուծման եւ իրացման ծավալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտների՝ «Ալեքս Հոլդինգ» եւ «Ալեքս ընդ Հոլդինգ» ՍՊԸ-ների տեսակարար կշիռը ներմուծման եւ իրացման կառուցվածքում (ներմուծման մասով 67%-ից նվազել է 49%-ի, իրացման մասով՝ 95%-ից 88%-ի), «Արմեն-Համիկ եղբայրներ» ՀՁ ՍՊԸ-ի մասնաբաժինը ներմուծման կառուցվածքում 2019 թվականին 2018 թվականի համեմատ 15%-ից դարձել է 30%, իսկ իրացման կառուցվածքում 3%-ից 8%:
Ուսումնասիրության արդյունքներով՝ 2017-2019 թվականներին նվազել են նաեւ շաքարավազի մանրածախ եւ մեծածախ իրացման գները` միջինում 387 դրամից հասնելով 292 դրամի:
Հանձնաժողովն արձանագրել է, որ 2018 թվականի հունվարից մինչեւ 2019 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում շաքարավազի շուկան, ըստ ներմուծման եւ իրացման, ունեցել է բարձր կենտրոնացվածություն:
Ուսումնասիրությանն ամբողջությամբ կարելի է ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը