31 01 2020

ՊԵԿ-ը հրապարակել է 2019 թ. 1000 խոշոր հարկատուների ցանկը

ՊԵԿ-ը հրապարակել է 2019 թ. 1000 խոշոր հարկատուների ցանկը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2019 թ. հարկային տարվա 1000 խոշոր հարկատուների ցանկը: 1000 խոշոր հարկ վճարողները նախորդ տարի վճարել են 1 տրիլիոն 61 մլրդ դրամ, որը 2018-ի համեմատ ավելի է 122 մլրդ դրամով կամ 13 %-ով:

2019 թ. ֆինանսական տարվա արդյունքներով՝ մեր երկրի խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որը պետական բյուջե է վճարել 57.04 մլրդ դրամ: 2018 թ. նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 42.22 մլրդ դրամ:

2-րդ խոշոր հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է՝ 51.36 մլրդ դրամ վճարած հարկերով: 2018 թ. ընկերության մուտքերը կազմել էին 41.05 մլրդ դրամ:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին» հաջորդում է «Գազպրոմ Արմենիա»-ն, որի վճարած հարկերը կազմել են 43.64 մլրդ դրամ՝ 2018 թ. 39.98 մլրդ դրամ փոխարեն:

4-րդ խոշոր հարկատուն «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է, որն 2019 թ. ընթացքում վճարել է 19.22 մլրդ դրամ հարկ: 2018-ին ընկերության մուտքերը՝ 13.13 մլրդ դրամ էին:

5-յակը եզրափակում է «Ջեյ Թի Այ Արմենիան»՝ 16.44 մլրդ դրամ հարկով: 2018 թ. տվյալներով՝ «Ջեյ Թի Այ Արմենիան» 7-րդն էր՝ 13.99 մլրդ դրամով:

«Ֆլեշ» ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում 6-րդն է՝ 15.99 մլրդ դրամով, որին հաջորդում են «ՍիփիԷս Օիլը»՝ 14.05 մլրդ դրամ, «Ֆիլիպ Մորիս Արմենիան»՝ 13.7 մլրդ դրամ, «Գեոպրոմայնինգ գոլդը»՝ 13.66 մլրդ դրամ: 1000 խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «Վեոն Արմենիան», որը 2019 թ. ընթացքում վճարել է 12.23 մլրդ դրամ:

Առաջին տասնյակում տեղ զբաղեցրած ընկերություններից 4-ը ներկայացնում են ծխախոտի արտադրության և վաճառքի, 3-ը՝ էներգակիրների ներմուծման, 2-ը՝ հանքարդյունաբերության և 1՝ կապի ոլորտները։

2018 թ. համեմատ 2019 թ. 1000 խոշոր հարկատուների տասնյակում չի հայտնվել «Ալեքս Հոլդինգը», նրան փոխարինել է «Վեոն Արմենիան»: Պատճառն այն է, որ «Ալեքս հոլդինգ» մասնատվել է և դարձել է մի քանի ընկերություն՝ «Սիթի», «Ալեքս էնդ հոլդինգ», «Ալեքս հոլդինգ» և այլն:

2019 թ. 1000 խոշոր հարկատուների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ