60 տարեկան հասակում այսօր՝ մարտի 24–ին, կյանքից հեռացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը։ Այս մասին տեղեկանում ենք «Գազպրոմ Արմենիա»ընկերության հասարակայնության եւ զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունից։
«Հրանտ Թադեւոսյանը անգնահատելի եւ մեծ ավանդ ունի Հայաստանի գազաէներգետիկ ոլորտի կայացման եւ զարգացման գործում։ Նա երկարամյա ճանապարհ է անցել համակարգում՝ ՀԽՍՀ Գազիֆիկացման պետական կոմիտեի ճարտարագետից մինչեւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն։
Կրթությունը ստացել է Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում, որն ավարտել է գերազանցությամբ։ Սովորել է Մոսկվայի կառավարման համամիութենական բարձրագույն դպրոցում:
Աշխատանքային գործունեությունը գազի ոլորտում սկսել է 1985 թվականից որպես ՀԽՍՀ Գազիֆիկացման պետական կոմիտեի Շահագործման-տեխնիկական վարչության ճարտարագետ, այնուհետեւ՝ ավագ ճարտարագետ եւ առաջատար ճարտարագետ։ 1986 թվականին աշխատել է ՀԽՍՀ «Պետագրոպրոմ»-ի Էլեկտրաֆիկացման, էներգետիկայի եւ գազիֆիկացման վարչության առաջատար ճարտարագետ, այնուհետեւ՝ Էլեկտրաֆիկացման, էներգետիկայի եւ գազիֆիկացման բաժնի գլխավոր մասնագետ։ 1992–1999թթ․զբաղեցրել է «Հայգազվառելիք» պետական ձեռնարկության Գազիֆիկացման եւ գազամատակարարման վարչության Տեխնիկական բաժնի ճարտարագետի պաշտոնը, «Հայգազարդ» ՀՆՊՁ-ում աշխատել է որպես Արտաքին հարաբերությունների վարչության ճարտարագետ, այնուհետեւ՝ «Հայգազարդ» պետական կոնցեռնում՝ Գազիֆիկացման եւ գազամատակարարման վարչության պետի տեղակալ, Արտաքին հարաբերությունների վարչության պետի տեղակալ, Արտաքին հարաբերությունների բաժնի պետ, Արտաքին կապերի վարչության պետի տեղակալ։ 1999 թվականի հունիսին նշանակվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում (հետագայում վերանվանվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ) Հեռանկարային զարգացման, փորձագիտության եւ բնապահպանության վարչության պետ, 2002 թվականի հունվարին՝ Տեխնիկական վարչության պետ, հետագայում՝ 2011 թվականի փետրվարին զբաղեցրել է Ընկերության Գլխավոր տնօրենի տեղակալ — Գլխավոր ճարտարագետի պաշտոնը։ 2016 թվականի հոկտեմբերին ընտրվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն։
Երկար տարիներ աշխատելով գազի համակարգում՝ ոլորտի կայուն զարգացումը համարել է իր աշխատանքի գլխավոր նպատակը եւ կոչումը, իր գիտելիքներն ու հսկայական փորձը ներդրել է Հայաստանի գազի տնտեսության վերականգնման եւ համակարգը զարգացման ճանապարհով առաջ տանելու համար։
ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով։ ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի հրամանով պարգեւատրվել է «Հայաստանի Հանրապետության Էներգետիկայի բնագավառում նշանակալի ավանդի համար» հուշամեդալով: ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի կողմից արժանացել է «ԱՊՀ վաստակավոր էներգետիկ», «Գազպրոմ» ՀԲԸ ղեկավարության կողմից՝ «„Գազպրոմ“ ՀԲԸ պատվավոր աշխատող» կոչումներին: Ռուսաստանի ճարտարագիտական ակադեմիայի նախագահության կողմից արժանացել է «ՌԴ վաստակավոր ճարտարագետ» պատվավոր կոչմանը: Գազի արդյունաբերության զարգացման գործում անձնական մեծ ավանդի, երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար արժանացել է «Գազպրոմ» ՀԲԸ շնորհակալագրին»,– ասվում է հաղորդագրության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը