23 12 2019

Մեր երկրում դեռ մենաշնորհներ, օլիգարխներ կան. տնտեսագետ



2019 թվականը բաց թողնված հնարավորությունների տարի էր. Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը և հավելեց. «Մենք ունեցանք բացարձակ թվերով ձեռբերումներ՝ բավականին տպավորիչ տարածաշրջանի և միջազգային մակարդակով, բայց այդ աճի որակի լուրջ խնդիրներ ունենք: Ինչպես նախորդ տարիներին այս տարի էլ այդ աճը ներառական չէ և այդ աճից չի օգտվել հասարակության մեծ մասը»:

Մեր զրուցակցի խոսքով՝ այս իշխանությունները շարունակում են նոխորդ շրջանների իներցիոն տնտեսական քաղաքականությունը. «Նրանք շարունակում են նեոլիբերալ տնտեսական մոդելը ըստ որի՝ պետք է հարուստներն ավելի հարստանան, որ մնացածին պահեն: Դա որևէ ձևով չի կարող լուծել մեր հիմնական խնդիրը՝ եկամուտների վերաբաշխումը: Մեր երկրում ստեղծվում են բավականին մեծ եկամուտներ, սակայն դրանք կուտակվում են մի խումբ անձանց ձեռքում, մենք խնդիր ունենք դա վերաբաշխելու և այդ խնդիրը մնացել է»:

Ինչ վերաբերում է մենաշնորհներին՝ Սուրեն Պարսյանն ասաց. «Մեր երկրի հիմնական խնդիրը մնում է նույնը՝ մենք ունենք խոշոր մենաշնորհներ, օլիգարխներ, որոնք վերահսկում են ապրանքային շուկաները: Մենք չենք կարողացել այդ արատավոր օղակը վերացնել, մեղմել: Մեր իշխանավորներից ոչ ոք չի խոսում մենաշնորհների դեմ պայքարի մասին: Մենաշնորհներն իրենց շուկայական իշխանությունը պահում էին երկու ձևով՝ տնտեսական և վարչական լծակների միջոցով, հիմա վարչական լծակներն այս կամ այն չափով նվազել են, բայց տնտեսականները մնացել են»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ