Analitik.am-ը գրում է․ «2019 թվականին մեկ անձից պետական գնումների ծավալը շուրջ 14 մլրդ դրամ է՝ նախորդ տարիների համեմատ գրեթե կրկնապատվել է:
Նշենք, որ պետական գնումների համակարգը միջոց է, որով երկիրը խթանում է տնտեսության բիզնես հատվածը: Նախկինում այս ոլորտը քննադատվում էր ոչ թափանցիկ աշխատաոճի համար և հենց մեկ անձից գնումներն էին հանդիսանում, կոռուպցիոն առումով, քննադատության առարկա:
Այսօր, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, մենք ականատես ենք լինում մեկ անձից գնումների ծավալի աննախադեպ աճին։
Օրինակ՝ «Սիլ Ինշուրանս» ԱՓ ԲԸ-ն մեկ անձից գնումներով ապահովագրել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության ավտոմեքենաները:
«Սիլ Ինշուրանսը» նաև մեկ անձից գնումներով պետք է ապահովագրի ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ավտոմեքենաները:
ՀՀ քննչական կոմիտեն, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը ևս օգտվում են «Սիլ Ինշուրանսի» ծառայություններից:
Նշենք, որ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը պատկանում է Նիկոլ Փաշինյանի մտերիմ Խաչատուր Սուքիասյանին։
Այս պայմաններում դժվար է պատասխանել այն հարցին՝ արդյոք կոռուպցիան կրճատվել է պետական գնումների ոլորտում, թե՝ հակառակը։ Փաստացի, կառավարական մակարդակով ավելացել է իշխանությանը միահյուսված գործարարի ընկերությանը պետական գնումներից տրվող չափաբաժինը։
Նշենք, որ նախկինում կոռուպցիոն գործարքների քննադատները շեշտում էին, որ կոռուպցիայի, օլիգոպոլիաների, հովանավորչության պայմաններում ավելի լավ պետգնումների համակարգ չէր էլ կարող լինել: Հետաքրքիր է, այժմ էլ են նույն կարծիքին, թե՝ ոչ:
Ներկա իշխանությունն, իհարկե, այլ անուն է տվել մեկ անձից գնումներին՝ որակելով դա որպես ելք։ Այսինքն՝ նախկինում, երբ մեկ անձից պետգնումներ էին կատարում պետական հիմնարկները՝ կոռուպցիա էր, այժմ, որ մեկ անձից պետգնումներ են կատարում պետական մակարդակով՝ արագ ապրանք և ծառայություն ստանալու համար է:
Կարևորն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանում կոռուպցիա չկա։ Ի՞նչ է ստացվում, որ անո՞ւնն է ընդամենը փոխվել․ Նախկինում պետգնումների մեկ անձից գնումը կոռուպցիա էր կոչվում, այժմ՝ արագ սպասարկում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը