11 12 2019

Համաշխարհային բանկը կշարունակի օժանդակել Հայաստանին․ Մոլինեուս

Համաշխարհային բանկը կշարունակի օժանդակել Հայաստանին․ Մոլինեուս

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին: Հանդիպմանը ներկա էր ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը բարձր է գնահատել ՀԲ հետ համագործակցությունը և ընդգծել, որ գործընկերության շրջանակը լիովին համահունչ է ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություններին և երկրի զարգացման տեսլականին:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2019 թ. Հայաստանի տնտեսությունն էական աճ և ձեռքբերումներ է արձանագրել, ինչի մասին են վկայում արձանագրված ցուցանիշները, և դա լավ նախադրյալներ է ստեղծում՝ բարեփոխումներն էլ ավելի մեծ թափով և հետևողականությամբ շարունակելու համար:

Տնտեսական աճի ապահովման, հարկային բարեփոխումների և տնտեսական նախաձեռնությունների խթանման, ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման, ՓՄՁ, նաև միկրոբիզնեսի գործունեության համար հնարավորությունների ստեղծման համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է ՀԲ հետ արդյունավետ գործակցությունը:

ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենը շնորհակալություն է հայտնել արդյունավետ գործակցության համար և վերահաստատել ՀԲ պատրաստակամությունը՝ շարունակելու փոխշահավետ գործընկերությունը: Այս առումով նա անդրադարձել է ՀԲ խորհրդի կողմից նոյեմբերին «Հայաստանի կառավարմանն ուղղված զարգացման քաղաքականության գործառնություն» բյուջետային աջակցության ծրագրի հաստատմանը, որի շրջանակում բանկը կշարունակի Հայաստանում տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված տեխնիկական և ֆինանսական օժանդակությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համատեղ ընթացիկ ծրագրերի շուրջ, խոսել գործընկերության ընդլայնման հեռանկարների մասին: Անդրադարձ է եղել, մասնավորապես, տնտեսական աճին միտված ծրագրերի, զբոսաշրջության, տեխնոլոգիաների, նորարարության, թվայնացման, տրանսպորտի ոլորտներում ենթակառուցվածքների զարգացման, դատաիրավական, կրթության, առողջապահության բնագավառներում բարեփոխումների իրականացման ուղղությամբ համագործակցության հնարավորություններին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ