01 11 2019

«Սպայկա»-ի՝ ՌԴ արտահանվող բեռը Լարսից հետ են ուղարկելու Հայաստան

«Սպայկա»-ի՝ ՌԴ արտահանվող բեռը Լարսից հետ են ուղարկելու Հայաստան

«Սպայկա» ընկերությունը հայտարարություն է հրապարակել,որում ասվում է․

«31.11.2019 թվականին «Սպայկա» ընկերությունը հաղորդագրություն տարածեց, որ իր բեռնատարները բեռնված հատուկ պահպանության պայմաններ պահանջող գյուղմթերքով արդեն 16 օր է, ինչ գտնվում են ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետում, սակայն որևէ հստակ պատասխան և որոշակիություն չկա, թե ինչ պատճառով մաքսային գործառնությունները չեն ավարտվում և չի թույլատրվում բեռի բացթողումը ՌԴ տարածք:

Ավելի ուշ հաղորդագրություն տարածեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, հայտնելով, որ «նախարարության կողմից կապ է հաստատվել Հյուսիսկովկասյան մաքսատան պատասխանատուների հետ, որոնք տեղեկացրել են, որ մեքենայի ժամանակավոր բաց չթողման պատճառն այն է, որ անցակետի ռիսկերի կառավարման համակարգը ռիսկային է համարել բեռը՝ «պատժամիջոցների» ցանկով նախատեսված ապրանքներին պատկանելիության տեսանկյունից: Ըստ վերջիններիս տեղեկատվության՝ նմուշն ուղարկվել է համապատասխան լաբորատորիա՝ բեռի ծագումնաբանությունը որոշելու նպատակով:»

Այսօր՝ 01.11.2019 թվականին, ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետի աշխատակիցները բանավոր հայտնել են ընկերության բեռնատարի վարորդին, որ չեն կարող բաց թողնել պանիրը ՌԴ տարածք և հետ են ուղարկելու բեռը Հայաստան, քանի որ էլեկտրոնային փոստով ստացել են փորձաքննության արդյունքները, որոնց համաձայն պանրի  ծագման երկիրը  նշվել է ՝ «Հայաստան, Առաջավոր Ասիա, Հարավ-արևելյան Եվրոպա»:

Հայտնում ենք, որ ընկերությունը կամ ընկերության վարորդը չեն ստացել լաբորատոր փորձաքննության եզրակացության պաշտոնական օրինակը, ինչպես նաև չեն ստացել մինչ օրս որևէ պաշտոնական հիմնավորում բեռի և բեռնատար ավտոմեքենայի կանգնեցման վերաբերյալ:Ընկերությունը ստանալով այս տեղեկատվությունը, անմիջապես դիմել է Հյուսիսային Օսեթայի մաքսային ծառայության և Վերին Լարսի մաքսային անցակետի ղեկավարներին, ՌԴ տրանսպորտային դատախազության Հարավային տրանսպորտային դատախազին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահին՝ տեղեկացնելով, որ պանիրը արտադրվում է ընկերությանը պատկանող նորակառույց պանրի գործարանում, և տրամադրել է պանրի հումքի և փաթեթավորման նյութերի ծագման երկրների աշխարհագրությունը հավաստող փաստաթղթերը:

Համաձայն դրանց՝

1. Պանրի հիմնական հումքը՝ կաթը, ընկերությունը գնում է հայաստանյան տեղացի ֆերմերներից՝ Տաշիրի, Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի, Վայոց Ձորի շրջաններից:

2. Օգտագործվում է քաղաքային կենտրոնական ջրամատակարարմամբ ստացվող ջուրը,

3. Փայլաթիթեղ (ֆոլգա) – ծագման երկիրը՝ Գերմանիա

4. Սննդային պոլիէթիլենային տոպրակներ (վակուում փաթեթ) – ծագման երկիրը՝ Լեհաստան

5. Ստվարաթուղթ – ծագման երկիրը՝ Ռուսաստան

6. Մերան, բորբոս և ֆերմենտային բաղադրանյութեր – ծագման երկիրը՝ ԴանիաՀաշվի առնելով այն հանգամանքը, որ լաբորատոր փորձաքննությունը չի կարողացել հստակ նշել պանրի ծագման երկիրը և տվել է ծագման երկրի լայն աշխարհագրական տարբերակներ, իսկ պանիրը ՌԴ բաց թողնելու կամ չթողնելու մասին որոշումը կայացնում են ՌԴ մաքսային ծառայության աշխատակցիները՝ Ընկերությունը հետագա թյուրիմացություններից խուսափելու նպատակով խնդրել է որպես ելակետային տվյալ ընդունել իր կողմից ներկայացված տեղեկությունները և փաստաթղթերը պանիրը ՌԴ բաց թողնելու հարցի վերաբաերյալ որոշման կայացման ժամանակ:

ՌԴ Մաքսային ծառայության կողմից կամայական կերպով բեռի հետագա կանգնեցումը կամ հետվերադարձը Հայաստան անհամաչափ վնաս է հասցնելու ընկերությանը՝ բեռի փչանալու և ընկերության նկատմամբ պայմանագրային պարտավորություններից բխող պահանջների առումով:Խնդրում ենք ՀՀ Կառավարության աջակցությունը եվրոպական որակական չափանիշներով հայկական արտադրանքի անխափան մուտքը ԵԱՏՄ շուկա ապահովելու ուղղությամբ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ