«Արմենպրես»-ը գրում է․ «Ռայան Էյր» ավիաընկերության համար Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից չվերթեր կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարությունը, բացի վարչապետի նշած արտոնությունից, որևէ այլ ֆինանսական օժանդակություն ավիաընկերությանը չի ցուցաբերել: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:
«Միաժամանակ, Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից թռիչքներ կազմակերպելու, զբոսաշրջային հոսքի ավելացնելու նպատակով, կառավարությունը եվրոպացի գործընկերների և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության հետ համագործակցությամբ, գտել է ֆինանսական խթանումն ապահովող բանաձև»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով իռլանդական խոշորագույն ավիաընկերության՝ հայկական շուկա մուտքին, նշել էր. «Ryanair-ը պաշտոնապես հայտարարեց, որ 2020 թվականի հունվարից մտնում է հայկական ավիափոխադրումների շուկա եւ 2020 թվականի հունվարից կանոնավոր թռիչքներ կիրականացնի Հռոմից Երեւան, Միլանից Երեւան, իսկ ամռանից նաեւ Բեռլինից Երեւան: Եւ որ ավելի կարեւոր է՝ ամռանը կսկսվեն Մյունխենից դեպի Գյումրի թռիչքներ: Ryanair-ի մուտքը մեր շուկա միանշանակ ավելացնելու է զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան եւ հանգեցնելու է ավիատոմսերի գների անկման»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը