11 10 2019

Կառավարությունը չպետք է խաղա այլ անձանց թելադրած խաղը․ Արծվիկ Մինասյան․168․am



168.am-ը գրում է․ «Գազի և, առհասարակ, բոլոր էներգակիրների դերը չափազանց կարևոր է մեր տնտեսության զարգացման համատեքստում, ուստի գնի բարձրացմանն առնչվող կամ նմանատիպ ցանկացած հարցի քննարկում պետք է դիտարկել ՀՀ տնտեսական զարգացման միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՅԴ մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՀ-ի համար ռուսական գազի թանկացման մասին խոսակցություններին, ավելին՝ անորոշությանը:

«Ես ճիշտ չեմ համարում այն, ինչ այսօր որպես տնտեսական մոտեցում՝ կատարվում է հետևյալ կոնտեքստում. առաջին՝ անընդհատ գազի գնի փոփոխության մասին խոսելը նշանակում է՝ մեր տնտեսությունը չի կարող միջնաժամկետ և երկարաժամկետ առումով լինել կանխատեսելի, երկրորդ՝ ներդրողները, որոնք պիտի ՀՀ-ում ներդրում կատարեն կամ նման ցանկություն են հայտնել, իրենց համար այս գործոնը չափազանց կարևոր է: Եվ անկախ նրանից, որ այլ երկրների, այդ թվում՝ ՌԴ-ի համար գազի հարցի քննարկումը հիմնականում քաղաքական գործոն է, մենք դա պետք է վերածենք կայուն և կանխատեսելի միջնաժամկետ և երկարաժամկետ ցուցանիշների, հակառակ դեպքում՝ կհայտնվենք մի վիճակում, երբ ժամանակի ցանկացած պահին կարող է մի նման արտահայտությունը կասեցնել ներդրումային ամբողջ գործընթացը»,- ասաց նա:

Ըստ Մինասյանի՝ գազն այն ապրանքն է, որը ՀՀ արտադրության և ծառայությունների մատուցման ոլորտում էական կշիռ է կազմում ինքնարժեքի մեջ: «Մեր ապրանքների և ծառայությունների էական մասը կախված է մրցունակ գնագոյացման այն համակարգի հետ, որը թույլ կտա ՀՀ-ի տնտեսության առաջընթացը կամ զարգացումը: Այս ապրանքատեսակը կարևոր է նաև միջնաժամկետ և երկարաժամկետ առումով ՀՀ-ի սոցիալական կյանքը և մարդկանց բարեկեցությունը բարձրացնելու ուղղությամբ»,- շարունակեց Մինասյանը՝ պնդելով, որ արագ գործողություններ պիտի ձեռնարկվեն, որպեսզի կայուն համակարգ ունենանք, իսկ կայունությունը պիտի այլընտրանքի հնարավորություն տա՝ լինի իրանական, թե մեկ այլ կողմի հետ, ինչպես նաև փոխարինող էներգակիրների հետ կապված:

«Գազպրոմ Արմենիան» «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունն է՝ 100 տոկոս բաժնեմասով և բոլոր ենթակառուցվածքներով, իսկ «Գազպրոմ Արմենիան» ՀՀ-ի համար ռեզիդենտ ընկերություն է, ուստի նրա նկատմամբ վերաբերմունքը չպետք է տարբերակվի այլ սուբյեկտների նկատմամբ վերաբերմունքից, եթե չկան օբյեկտիվ չափանիշեր, ինչպիսին բնական մենաշնորհային դիրքն է:

«Սրա կարգավորումը պիտի արդյունավետ իրականացվի: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ենթակառուցվածքները հիմնականում պետական սեփականություն են, և դրանց օգտվելու իրավունքն է, որ վերապահված է այս կամ այն կազմակերպությանը՝ թեկուզ ամբողջությամբ օգտագործման: Ըստ այդմ՝ եթե նման ծառայություն մատուցող ընկերությունը, ինչպիսին «Գազպրոմ Արմենիան» է, եթե չարաշահի իր դիրքը, ավելի թանկ հասցնի այս ապրանքը սպառողին, ապա հայտնվում է երկրորդ օպերատորը, որը շատ ավելի հարմար գնագոյացման մեխանիզմ է առաջարկում,-ընդգծեց Արծվիկ Մինասյանը՝ անընդունելի համարելով գազի գնի շուրջ տիրող ներկա անորոշությունը,- Անընդունելի եմ համարում կառավարության ներկայացուցչի կողմից անորոշ ձևակերպումները»:

Մեր դիտարկմանը՝ մամուլում հանդիպում են լուրեր, երբ ռուսական գազի և՛ թանկացումը, և՛ չթանկացումը կապում են ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի անձի և կապերի հետ, դաշնակցական գործիչը նշեց, որ միջպետական հարաբերությունները չեն կարող որևէ ձևով պայմանավորվել այս կամ այն անձի լավ կամ վատ լինելով:

«Եթե կառավարության ներկայացուցիչները գնում են այսպիսի երկխոսության կամ արձագանքելուն, որը դարձյալ անորոշության դաշտ է բացում, համարում եմ անթույլատրելի»,- շեշտեց Մինասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ