25 09 2019

ՏՄՊՊՀ հորդորը՝ կոնյակ արտադրողներին

ՏՄՊՊՀ հորդորը՝ կոնյակ արտադրողներին

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ներկայումս լայնածավալ ուսումնասիրություններ է իրականացնում կոնյակի շուկայում: Վերլուծվում է դաշտը կարգավորող օրենսդրությունը, ինչի արդյունքում հնարավոր է հանձնաժողովը հանդես գա օրենսդրական փոփոխությունների առաջարկով:  Կատարվում են վերլուծություններ ավելի քան 3 տասնյակ կոնյակ արտադրող կազմակերպությունների առկա պաշարների, մթերվող խաղողի ծավալների և արտադրական հնարավորությունների  վերաբերյալ: Նախատեսվում է դիտանցումներ իրականացնել կոնյակ արտադրող ընկերություններում՝ խաղողի մթերման, խմորման և թորման փուլերում:  Անհրաժեշտության  դեպքում՝ ՀՀ շուկայում վաճառվող և արտահանվող կոնյակները կենթարկվեն  լաբորատոր հետազոտությունների:  Այս մասին հայտնում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։

Հայաստանի Հանրապետություն տարեկան ներմուծվում է շուրջ 1 մլն լիտր կոնյակի սպիրտ: Հետևելու ենք, որպեսզի ներմուծվող կոնյակի սպիրտի հետագա օգտագործման ընթացքում բացառվեն անբարեխիղճ մրցակցության դրսևորումները: Տեղեկատվության հավաքագրման նպատակով համագործակցում ենք պետական այլ մարմիններ հետ:

Որոշ տվյալներ մտահոգիչ են. մասնավորապես՝ անհրաժեշտ է հստակեցնել՝ արդյոք մթերվող խաղողի հայտարարվող ծավալները համապատասխանում են իրական պատկերին, թե ոչ:

Հորդորում ենք արտադրողներին զերծ մնալ անբարեխիղճ մրցակցության դրսևորումներից և մրցակցության պաշտպանության օրենսդրությունը խախտող այլ գործողություններից: 

Ուսումնասիրություններն ավարտելուն պես արդյունքները կամփոփվեն, և հանրությանը կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ