13 09 2019

Պապիկյանը էներգետիկ ծրագրերի կառավարման խորհրդի նիստ է անցկացրել

Պապիկյանը էներգետիկ ծրագրերի կառավարման խորհրդի նիստ է անցկացրել

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել  օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգին տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի նիստը։ 

Համակարգի մի շարք ընկերությունների ղեկավարների և նախարարության ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ քննարկվել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրով նախատեսված միջոցառումներին և մրցութային գործընթացներին վերաբերող հարցեր։

Նիստի արդյունքում Կառավարման խորհուրդը հավանության է արժանացրել ծրագրի շրջանակներում համակարգի անվտանգության ապահովման նպատակով սարքավորումների արդիականացման և  մատակարարման ծառայություն իրականացնող կազմակերպությունների ընտրության արդյունքները, կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկների հայտահրավերները, ինչպես նաև լրացուցիչ համաձայնագրերի նախագծերը։

Անդրադարձ է կատարվել նաև մի շարք կազմակերպչական հարցերի, որոնց առնչությամբ տրվել  են համապատասխան հանձնարարականներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ